Դարերով թշնամի Թուրքիան և Հայաստանը որոշեցին միմյանց ձեռք սեղմել, հարաբերությունները կարգավորել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլ արեցին: Ո՞րն է դրա նշանակությունը:

Պատասխանը գտնելու համար անդրադառնանք 2008թ. գրված մեր հոդվածներից մեկին…
«… Թուրքական տարրը` 1915 թվականի իրադարձությունների նշանակությամբ, լուրջ ազդեցություն ունի հայերի հոգևոր կյանքի և ազգային ինքնության վրա: Հայերը գիտեն 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների իսկությունը: Թուրքիայի կամ աշխարհի կողմից այդ իրադարձությունների ճանաչումով կամ չճանաչումով ոչինչ չի փոխվի: Դրա համար հայերի միակ նպատակն այդ իրադարձությունները Թուրքիային կամ աշխարհին ընդունել տալը չի կարող լինել: Ժամանակն է մի կողմ նետել այդ սխալ մոտեցումը: Հայի ինքնության ձևավորումը չպետք է կառչած մնա թուրքից…»

Այս տողերը, որ պատկանում են Հրանտ Դինքին, ՔՕ 301-րդ հոդվածով նրա հետապնդման, իսկ այնուհետև մահվան պատճառը դարձան:

Հետևյալ տողերը նույնպես պատկանում են Դինքին. «Քանի դեռ Թուրքիան չի ժողովրդավարացել, հայերը չեն ապաքինվի: Դա ակնհայտ է: Սրանք երկվորյակների պես են: Երբ նրանցից մեկը վիրահատվում է, մյուսը նույնպես ցավ է զգում: Ահա այդպես միմյանց զգում են… Այդ պատճառով ես կասեմ, որ «հայերն ու թուրքերը՝ միմյանց հետ հարաբերությունների տեսանկյունից, տառապում են տևական երկու հիվանդությունով` մեկը` մտագարությամբ, մյուսը` հոգեխեղմամբ…»

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նշանակությունն ահա այստեղ է…
Մտագարություն և հոգեխեղում…

Այս երկու բառերը բնութագրում են պատմություն-հասարակություն հարաբերությունների յուրաքանչյուր կողմը: Օրինակ` եթե ձեզ տանջող պատմությունը հաղթահարեք, ապա կարող եք այսօրվա օրը դեպի ապագա տանել նոր արժեքներով:

Իսկ դա կարելի է անել թե ոչ, որոշում է հասարակության հոգեվիճակը: Հրանտի արժեքավոր բնորոշումը դա էր` միմյանցից սահմանազատել բանականն ու զգացմունքայինը: Եվ հատկապես մեզ համար…

Հայերի հոգեվիճակը պատկերող այդ բնորոշումն ի ցույց է դնում նաև  դյուրաբեկ թուրքական ինքնության ներքին տվայտանքները, ներփակվելու միտումները…

Իսկ Թուրքիան, որ չգիտեր նայել պատմության աչքերին և տառապում էր փակ անցյալի կարոտախտով, իր ժողովրդավարացման և ինքնության կերտման գործընթացը սկսեց 2003-2005թթ. միջև ընկած ժամանակահատվածում՝ Եվրամիության ճանապարհին Հայկական հարցի քննարկումներով: Թուրքական ժողովրդավարության և ինքնության կերտումն, այնուամենայնիվ, այդ հարցերը թափանցիկ դարձնելու, ինքնության պատմության հետ հաշվի նստելով է անցնում…

Նշանակությունն  ահա այստեղ է…

Ընդհանրապես, «հանդիպումներն» են հանգեցնում նման արդյունքների…
Իրարից տարբեր, միմյանց նկատմամբ անվստահ, անգամ ցասկոտ կողմերի տարբեր առիթներով հանդիպումները, նույնիսկ բախվելով ծանոթանալը, շփումների պատճառ են դառնում…

Այս տեսանկյունից Թուրքիայի` իր հարևան Հայաստանի, թուրքերի` իրենց հարևան հայերի հետ հանդիպումներն անհրաժեշտ են…

Ղարաբաղյան հակամարտության հարցը խզեց հայ-թուրքական հարաբերությունները: Խոջալուի իրադարձություններից հետո ադրբեջանական գործոնի առկայությունը Թուրքիային ստիպեց փակել Հայաստանի հետ սահմանը:

Սակայն Թուրքիան, փակելով դեպի Կովկաս տանող դռներից մեկը, չմեկուսացավ, մինչդեռ Հայաստանին մատնեց մենության:

Իր դուռն ու հորիզոնը Արևմուտքի համար բաց Հայաստանի` Թուրքիայի հետ ապագայում կառուցվելիք հարաբերությունները կարևոր ներդրում կլինեն՝ Կովկասում խաղաղության որոնումների համար:

Եվ կկարևորվի Թուրքիայի դերը Եվրոպայի և Կովկասի միջև որպես կապող միջոց…

Այդ նպատակով կարևոր է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը…

Ո՞րն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նշանակությունը