Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Բաքվի վետոյի պատճառով հայտնվել էր դարակում, պետք է ասել, որ վերջին հայտարարությունն, իրոք, մեծ անակնկալ էր: Ադրբեջանցիների հասկանալի հակազդեցությունն ավելի մեծ հույսեր էր արթնացնում: Քրդերից հետո օրակարգը հիմա էլ գերի է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Արձանագրությունում սահմանի անորոշությունը բավական մեծ է…

Երբ տեղեկացա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ինքս ինձ ասացի. «Ուրեմն այն երկար ժամանակ սառած է եղել»:

Եթե ուշադրություն դարձնեք նախանցած գիշեր արված հայտարարության ամսաթվին` 2009թ. փետրվարի 7, ավելի լավ կհասկանաք, թե ինչ եմ ուզում ասել: Այսինքն` այդ հայտարարությունը փետրվարից մինչ օրս պահվում էր դարակում, և փորձ էր արվում սիրաշահել Բաքվին:

Եթե կհիշեք, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը օրակարգում հայտնվեց 2008թ. վերջին, 2009թ. սկզբին: Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացվող աշխատանքը արձանագրության տեսք էր ստացել: Իսկ երբ այն փորձեցին հրապարակել, այս դեպքում էլ Բաքուն դժգոհություն հայտնեց: Ալիևն այնպես հակազդեց, որ գործը շտապ կասեցվեց:

Պատճառը պարզ էր. մեր ազգերի եղբայրներին ոչ ոք ճիշտ ինֆորմացիա չէր տվել: Անգամ եթե արտգործնախարարությունը Բաքվին իրազեկում էր աշխատանքների ընթացքի մասին, միևնունն է, ադրբեջանցիները դա չէին ընդունում:

Այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է:
Եթե նայում ենք Բաքվի հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ Ալիևն, ընդհանուր առմամբ, համակերպվել է, սակայն որոշ առարկություններ ունի սահմանների բացման հարցում:

Նախաստորագրված արձանագրությունների տեքստն առաջին անգամ կարդացի «ՍԻԵՆԵՆ ՏՈՒՐԿ» –ում: Այնտեղ ամրագրված դրույթներից մեկով նախատեսվում է սահմանները բացել կողմեր հանդիսացող երկրների խորհրդարաններում` արձանագրությունների վավերացումից երկու ամիս անց, այն դեպքում, երբ ադրբեջանցիները սահմանների բացումը կապում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ: «Թող հայերը Ղարաբաղից դուրս գան, հետո Թուրքիան թող սահմանը բացի»,- ասում են ադրբեջանցիները:

Իսկ հայկական կողմն բացարձակ հակառակ կարծիքի է. «Թուրքերի հետ երկխոսությունը որևէ կապ չունի Ղարաբաղի հետ»:

Վերջին հայտարարության ամենագորշ կետը` ամենաանորոշ բաժինը հենց դա է… Իսկ այդ անորոշության աղբյուրը արտգործնախարար Դավութօղլուի` «ԷՆՏԵՎԵ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ սահմանները չբացելու մասին արած հայտարարությունն է:     

Դեմ հանդիման կանգնած ենք մի խճճված իրավիճակի առաջ: Ամենայն հավանականությամբ արձանագրությունը կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, որից հետո կսպասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կամ էլ խորհրդարանը Ղարաբաղի պայմանը կկցի արձանագրությանը:

Իսկ հիմա նայեք այս տեսարանին: Կասեք` «Այս ինչ եղավ: Շրջեցինք-շրջեցինք, նորից նույն տեղը վերադարձանք»: Կարող եք ասել, բայց մի ասեք:

Թող քննարկվի խորհրդարանում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման գիտակցումը թող թափանցի հանրության մեջ: Տեսնենք, թե հայերն այս կարգավորումն ինչքանով են կարողանալու յուրացնել: Հետո մենք կկայացնենք մեր որոշումը:

Մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի հետ մեր հիմնական խնդիրը` ցեղասպանության ճանաչման պնդումը, եթե անգամ չլուծենք, պետք է կարողանանք հասնել հարաբերություններ ունենալու մակարդակին, ինչը շատ կարևոր է թե´ մեր, թե´ հայերի համար:

Թուրքիան ճիշտ ճանապարհով է շարժվում:

Օրակարգում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը