Դամասկոսյան շոգ երեկոներից մեկն էր: Նստած էինք սիրիական մայրաքաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Մի կողմում նստած էին արտգործնախարար դոկտ., պրոֆ. Ահմեդ Դավութօղլուն, խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն, մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը, ինչպես նաև շրջայցին միացած մի շարք այլ դիվանագետներ և պաշտոնյաներ… Մյուս կողմում` մամուլի ներկայացուցիչները. ես` «Սաբահից», Ֆաթիհ Չեքիրգենը` «Հյուրրիյեթից», Ֆեհմի Քորուն՝ «Ենի Շաֆաքից», Մուրադ Եթքինը` «Ռադիքալից», Զերրի Էլչի Ջոշքունը` «Ռոյթերսից»:

Համակարգչի առջև նստած՝ փորձում էի հոդված գրել՝ իրաքա-սիրիական ճգնաժամը կարգավորելու կապակցությամբ Դավութօղլուի մաքոքային դիվանագիտության մասին: Սակայն Սիրիայում շատ դժվար էր միանալ համացանցին, և ժամեր տևած իմ փորձերն ապարդյուն անցան:

Այդ պահին Դավութօղլուն հարցրեց. «Ի՞նչ է պատահել, ճաշը սառչեց, ինչո՞վ եք զբաղված»: Բացատրեցի, թե հոդվածս չեմ կարողանում գրել: Ժպտաց և ասաց. «Բարի, քիչ անց արվելիք հայտարարությունը հուսով եմ անակնկալ կլինի»:

Կերանք մեր ապուրը, Սինիրլիօղլուն վեր կացավ և առանձնանալով զանգահարեց: Քիչ անց վերադարձավ և, իր տեղը նստելով, Դավութօղլուի ականջին փսփսաց. «Ամեն ինչ կարգին է»: Իսկ Դավութօղլուն հետևյալ զգուշացումն արեց. «Մեր պայմանավորվածության համաձա՞յն, մի անգամ ևս ստուգիր»: Սինիրլիօղլուն դարձյալ առանձնացավ և խոսեց հեռախոսով, որից հետո վերադարձավ և ասաց. «Հարգարժան նախարար, ամեն ինչ մեր պայմանավորվածության համաձայն է»: Այդ խոսքերը լսելուն պես՝ Դավութօղլուն վեր թռավ տեղից և ասաց. «Բարեկամներ, ես գնում եմ Դամասկոսի մեր դեսպանատուն: Կհանդիպենք ինքնաթիռում: Ձեզ կարևոր հայտարարություն ունեմ անելու»:

Ռեստորանում մի քիչ երկար նստելուց հետո շարժվեցինք դեպի օդանավակայան: Ճանապարհին Օզուգերգինը, ասելով, թե «Ձեզ գրավոր հայտարարություն ունեմ անելու», շարունակեց. «Թուրքիայի և Հայաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», արձանագրությունների առնչությամբ սկսել ներքաղաքական քննարկումներ, որոնք տևելու են վեց շաբաթ, որից հետո արձանագրությունները կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների վավերացմանը»:

Հաղորդագրությունը միևնույն ժամանակ հայտարարվում էր Անկարայում, Երևանում և Բեռնում…

Արդեն ինքնաթիռում Դավութօղլուն մոտեցավ մեզ և ժպտալով հարցրեց. «Ինչպիսի՞ն էր անակնկալը»:

Գործընկերներս անմիջապես հարցրեցին. «Այդ համաձայնությունն ինչպե՞ս ձեռք բերվեց: Ինչպիսի՞ն է լինելու Ադրբեջանի վարքագիծը»:

Նախքան Դավութօղլուի պատասխանները ներկայացնելը՝ անդրադառնամ մինչ այդ տեղի ունեցած դիվանագիտական զարգացումներին:

Հայաստանի հետ 2008թ. Շվեյցարիայի միջնորդությամբ մեկնարկած բանակցություններն, անցյալ տարի այս ժամանակահատվածում, նախագահ Գյուլի երևանյան այցելությամբ վերածվեցին «նախաձեռնության»:

Սակայն հետագայում, մի շարք ազդեցությունների հետևանքով, հաշտեցման գործընթացը սկսեց թևակոխել սառեցման փուլ: Այդ ազդեցություններից էին.
արդյո՞ք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման՝ իր խոստման համաձայն, ապրիլքսանչորսյան ուղերձում կգործածեր «Ցեղասպանություն» եզրույթը: Արդյո՞ք հուսադրող քայլ էր արվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը, ֆուտբոլային հանդիպման կապակցությամբ, պատասխան այցելություն էր կատարելու: Եվ որ ամենակարևորն է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրականացվելիք քայլերը կապված լինելու՞ էին «նախապայմանների» հետ, թե` ոչ: Առաջին և վերջին հարցերն ունեն կենսական նշանակություն: Եթե Օբաման գործածեր «Ցեղասպանություն» եզրույթը, օդում կմնային ոչ միայն հայ-թուրքական բանակցություններն, այլև սառցե դարաշրջան կտեղափոխվեին թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Ինչ վերաբերում է «նախապայմաններին», ապա Հայաստանը բանակցություններում որպես նախապայման առաջ չէր քաշում անգամ ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ Թուրքիան համառում էր, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սահմանը չի բացվելու և նշում, որ դա նախապայման չէ:

Օբաման, իր պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին արտերկրյա շրջայցերից մեկը կատարեց Թուրքիա: Նա ակնարկեց, որ ապրիլի 24-ին չի գործածի «Ցեղասպանություն» արտահայտությունը, սակայն պայմանով, որ Թուրքիան և Հայաստանն իրենց հարաբերություններն արագ կարգավորելու ուղղությամբ լուրջ քայլեր իրականացնեն:

Եվ ապրիլի 22-ի կեսգիշերին Անկարան և Երևանը հայտարարեցին «ճանապարհային քարտեզի» մասին: Օբաման էլ ապրիլքսանչորսյան ուղերձում 1915 թվականի համար «Ցեղասպանության» փոխարեն գործածեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

Այս անգամ Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց: Վարչապետ Էրդողանը շտապեց Բաքու և Ադրբեջանի խորհրդարանում հայտարարեց, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի հետ սահմանները չեն բացվելու: Դա հանգստացրեց և´ թուրք, և´ ազերի հասարակություններին: Սակայն Հայաստանի հետ Շվեյցարիայի միջնորդությամբ բանակցությունները շարունակվում էին: Դրան զուգահեռ և´ Մինսկի խումբը, և´ Միացյալ Նահանգները, և´ Թուրքիան դիվանագիտական մոբիլիզացիա սկսեցին: Հատկապես Հայաստանին ճնշելու համար: Քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար իրականում հիմնական տարածությունն անցել էր, մնացել էր երկու անհարթ անկյուն` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Անցած ամիս և´ Մինսկի խմբի, և´ նախագահ Օբամայի կողմից Հայաստանի նկատմամբ երկու ճնշում գործադրվեց. Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բացահայտ հայտարարեց, թե Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղից: Խմբի մյուս անդամները` Ռուսաստանն ու Ֆրանսիան, միացան այդ պահանջին:

Բրայզայի հայտարարության մեջ շատ կարևոր մի տարր կա` Օբամայի աջակցությունը: «Նախագահ Օբաման հավատում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անցնում է Հայաստանի` ադրբեջանական տարածքներից դուրս գալու ճանապարհով: Միացյալ Նահանգներն Ադրբեջանին դիտում է որպես ռազմավարական գործընկեր»,- ասում էր Բրայզան:

Ե´վ Անկարան, և´ Բաքուն հանգիստ շունչ քաշեցին:

Իսկ անելանելի վիճակում հայտնված Սարգսյանը հայտարարում էր. «Եթե սահմանը չբացվի, ես Թուրքիա չեմ գնա»: Նրա այս հայտարարությունը հանդիպեց ԱՄՆ-ի հակազդեցությանը և, դարձյալ Բրայզայի միջոցով, Երևանին հղվեց հետևյալ ուղերձը. «Մենք հուսով ենք, որ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կմեկնի Թուրքիա` ֆուտբոլային հանդիպումը դիտելու»: Սա իրականում ոչ թե հակազդեցություն էր, այլ` ոչ բացահայտ նախազգուշացում: Երևանը հասկացավ ուղերձը:

Հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ էր: Թուրք և հայ դիվանագետները մի քանի անգամ հանդիպեցին Ժնևում, և անցած գիշեր հայտարարվեց կողմերի միջև ձեռք բերված համաձայնության մասին:

Հարցեր և պատասխաններ

Իսկ այժմ, Դավութօղլուի ոչ միայն շրջայցի, այլև նաև նախկինում մեր հանդիպումների ժամանակ արված հայտարարությունները, դիվանագիտական աղբյուրների տրամադրած տեղեկությունները և մեր` այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները փնջելով, որոշ թեժ հարցերի պատասխաններ փնտրենք:

Հարց. Ինչպես նշված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, արդյո՞ք բացվելու է հայ-թուրքական սահմանը` 6-շաբաթյա «ներքաղաքական քննարկումներից հետո», երկու ամսվա ընթացքում: Արդյո՞ք հաստատվելու են դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև:

Պատասխան. Եվ այո, և ոչ: «Այո» -ն ունի կոնկրետ պայմաններ. 1. Մինչև ցեղասպանության պնդումներն ուսումնասիրող ընդհանուր հանձնաժողովների ձևավորումը և աշխատանքների ավարտը` Հայաստանը պետք է հետաձգի ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչությունը: 2. Հայաստանի կողմից պետք է ընդունվեն երկու երկրների միջև սահմանը գծող բոլոր համաձայնագրերը` ներառյալ Կարսի պայմանագիրը: 3. Այդ համաձայնագրերով նախատեսված սահմանը պետք է պաշտոնապես ճանաչվի Հայաստանի կողմից: 4. Պետք է մոտ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հ. Առաջին երկու պայմաննները համեմատաբար հեշտ են: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նշված վեց շաբաթվա և երկու ամսվա ընթացքում, այսինքն` մինչև դեկտեմբերի կեսերը, հնարավո՞ր է, որ մոտ լինի լուծմանը:

Պ. Մեր կարծիքով, շատ հավանական է: Բրայզան հայտարարեց, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղության նախագծի լրամշակված տարբերակին կողմերը լավ են վերաբերվում: Ալիևն ու Սարգսյանը վերջին հինգ ամիսների ընթացքում երեք անգամ հանդիպել են և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ ադրբեջանական շրջանները վերադարձնելու ժամանակացույցն ու հիմնականում համաձայնվել: Մնացել է միայն Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը: Չնայած այս հարցերում նույնպես առաջխաղացում է գրանցվել. Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվելու է խաղաղապահ ուժերի կողմից: Լեռնային Ղարաբաղը, մինչև նրա վերջնական կարգավիճակի որոշումը, մնալու է Հայաստանի վերահսկողության տակ: Սպասվում է, որ բոլոր այս տարրերը ներառող հայ-ադրբեջանական համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի կեսերին:

Հ. Կձախողվի արդյո՞ք հայ-թուրքական համաձայնությունը, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև չգործի Լեռնային Ղարաբաղի ժամանակացույցը:  

Պ. Դա պայման չէ: Քանի որ երկու կողմերն էլ երկու արձանագրությունները կյանքի կոչելու համար պետք է ներկայացնեն խորհրդարանների վավերացմանը: Օրինակ` Թուրքիան, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի արագացման առնչությամբ, երկու արձանագրությունների հետ կապված ձևականությունները կարող է դանդաղեցնել կամ արագացնել:

Հ. Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կժամանի՞ Թուրքիա:  

Պ. Եթե չգա, դա կհետաձգի գործընթացը:

Հ. Անկարա-Երևան համատեղ հայտարարությունը Ադրբեջանում կդառնա՞ բացասական արձագանքների պատճառ:

Պ. Պետք է որ նման արձագանքներ չլինեն: Քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է անդրադարձնել ղարաբաղյան հիմնախնդրի վրա:

Հ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վրա:

Պ. Կունենա դրական ազդեցություն: Նախ և առաջ, Թուրքիայի վերաբերյալ նոյեմբերին հրապարակվելիք զեկույցում` Հայաստանի հետ հարաբերությունների բաժնում, առաջին անգամ կարող են տեղ գտնել դրական արտահայտություններ: Երկրորդ, քանի որ վեցշաբաթյա քննարկումները և դրանից հետո ընկած երկամսյա ժամկետը համընկնում է Եվրամիության առաջնորդների գագաթաժողովի ժամանակահատվածին, այդտեղ Հայաստանի դրական գործոնը կարող է զրոյականացնել հույների համար նավահանգիստները չբացելու բացասական գործոնի ազդեցությունը: Թուրքիան, «հարևանների հետ որևէ խնդիր, շրջակա երկրների հետ խաղաղության, անվտանգության, բարօրության և կայունության» քաղաքականության անհրաժեշտության, ճգնաժամային միջավայր չունենալու համար, ստիպված է Հայաստանի հետ ինչ-որ կերպ կարգավորել հարաբերությունները: Դրանից բացի, Կովկասում «սառեցված հակամարտությունները» նման են դանդաղ գործողության ռումբի. դրանք ամեն պահի կարող են գործել:

«Առանց երևակայության խաղաղություն չես հաստատի: Մենք հուսով են, որ մի օր հնարավոր կլինի առանց կանգառների հասնել Եվրոպա` Ադրբեջանից մեքենայով դուրս գալով և անցնելով Հայաստանի և Թուրքիայի տարածքներով»:

Իրավացի է: Առանց երևակայության խաղաղություն չես հաստատի: Սակայն խաղաղություն չես հաստատի նաև առանց համարձակության: Իսկ համարձակություն միայն կարող են ունենալ ինքնավստահ պետությունները: Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, բարեկամ-թշնամուն ցուցադրում է իր ինքնավստահությունը:

Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնության վարագույրից այն կողմ