Դիտել

htՀայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Սիվիլիթասի հիմնադրամի «100 հարց, 100 պատասխան» հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ «արդարադատությունը պետք է հասարակական պահանջ լինի»:

«Չպետք է այնպես լինի, որ եթե գործը ինձ է վերաբերում, ապա ես ցանկանամ արդար լինի, եթե դիմացինին, հարևանին է վերաբերում, ապա՝ ոչինչ, կարող է և անարդար լինել: Արդարադատությունը, արդարամտությունը մարդու էություն է, որը ստուգել և գտնելը բավական դժվար է: Մարդը չի կարող կենցաղային հարաբերություներում, ընկերների, կնոջ հետ անարդար վարվել և դատավոր դառնալով՝ սկսել արդարադատություն իրականացնել: Նոր մտածողության, նոր արժեհամակարգ կրող մարդկանց մուտքի անհրաժեշտություն կա: Երկրորդ, օրենսդրությունը հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից դուրս բերելն է: Օրենսդրությունը և մտածողությունը կփոխենք՝ կհասնենք արդյունքի: Միայն օրենսդրության հետևից ընկնելով, բարելավելով, նորը գտնելով, նորը ամրագրելով, եթե ուշադրություն չդարձնենք երկրորդին, խնդիրները չեն լուծվի»,- հայտարարեց նախարարը:  
Ներկաներից բնապահպան Կարինե Դանիելյանի հարցին, թե շատ դեպքերում արդարադատությունը ունենում է հասարակական պահանջ, սակայն «այդ պահանջը հանդիպում է պատին», Թովմասյանը թվարկեց մի շարք դեպքեր, երբ հենց  հասարակական պահանջի արդյունքում են դադարեցվել բնապահպանությանը, ճարտարապետական տեսքին սպառնացող նախագծեր: «Եթե հինգ, տասը տարի առաջ քաղաքում ամեն քայլափոխի կարող էիր կտրված ծառ տեսնել, ապա այսօր յուրաքանչյուր ծառ կտրելու դեպքում, հենց հասարակական պահանջի պատճառով, մարդը երկար պիտի մտածի»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանը, որպես նաև սահմանադրական իրավունքի փորձագետ, հավաստիացրեց, որ «Սահմանադրության մակարդակում դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր իշխանություններից երաշխավորված է»: Մյուս կողմից, «դատական իշխանության անկախությունը կամ արդարադատության էության ընկալումը յուրաքանչյուր դատավորի մեջ դնելն արդեն սահմանադրության խնդիր չէ, միայն սահմանադրական բարեփոխումներով հնարավոր չէ խնդրի լուծմանը հասնել, անելիք ունի հասարակությունը»:

Արդարադատության նախարարը ներկայացրեց իր ուսանողների խմբի կատարած սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց «մեր հանրության 84 տոկոսը պատրաստ է իր անօրինական հարցի լուծմանը հասնել դատական իշխանությանը կաշառք տալու միջոցով»: «Մենք հասարակությանը վերափոխելու խնդիր պիտի ունենանք: Ցավալի մեկ այլ թիվ. 63 տոկոսը պատրաստ է իր օրինական խնդիրները լուծելու համար գնալ զարտուղի ճանապարհով: Անկախ դատական իշխանության հասնելու հարցում մեկ քայլանոց կոմբինացիաներ գոյություն չունեն»,- ընդգծեց Թովմասյանը:

Նախարարը նկատեց, որ արդարադատության նախարարության անունը առաջին հայացքից խաբուսիկ է, թվում է, թե այս նախարարությունն է պատասխանատու ամբողջ արդարադատության համար: Իրականում, Թովմասյանի խոսքերով՝  «Արդարադատության նախարարը մի քանի գործիքներ ունի: Առաջինը օրենսդրությունն է, որովհետև ամբողջ քրեադատավարական օրենսդրության մշակման պատասխանատուն արդարադատության նախարարությունն է: Երկրորդը՝  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելն է»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության  պահանջի մասին նախարար Թովմասյանն ասաց, որ «իրավական տեսանկյունից խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք այլևս գոյություն չունի»:

«Եթե մինչև 2005 թ. սահմանադրական բարեփոխումները նախագահը կարող էր ցանկացած պահի, միայն  քաղաքական դրդապատճառներով լուծարել Ազգային ժողովը, ինչը գերկենտրոն քաղաքական համակարգի մասին էր խոսում, ապա 2005թ. փոփոխություններից հետո խորհրդարանի լուծարման հստակ հիմքերը սահմանված են սահմանադրությամբ: Այսօր նման հիմքեր գոյություն չունեն: Եթե մարդիկ մտածում են, որ հակասահմանադրական ճանապարհով պիտի հասնեն, նման բան հնարավոր չէ: Իրավական ճանապարհ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցնելու գոյություն  չունի: Կարծում եմ, որ քաղաքական, սոցիալական, տնտեսական հիմքեր ևս չկան արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց նախարարը: 

Սիվիլիթասի «100 հարց, 100 պատասխան» հանրային քննարկումների շարքը սկսվել է 2011-ից: Մինչ օրս հյուրընկալվել են Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյան. «Արդարադատությունը պետք է հասարակական պահանջ լինի»