Goris_2Ընդամենը 10-12 տարի առաջ Գորիս քաղաքում անգամ միջին մակարդակի հյուրանոց չկար, իսկ Սյունիքի բնությունը, նահապետական կենցաղն ու միջնադարյան ճարտարապետական գոհարները գոնե մի քանի օրով վայելելու պատրաստ օտարերկրյա զբոսաշրջիկները գիշերում էին մասնավոր տներում, որոնք հետագայում ընտանեկան հյուրատներ դարձան: Գորիսում առաջիններից մեկը, ով իր տունը վերածեց փոքր հյուրատան, նկարիչ Ժիրայր Մարտիրոսյանն էր: Այսօր, որ ճանապարհով էլ Գորիս մտնես՝ Արցախից, Սիսիանի թե Կապանի կողմից, ճանապարհի եզրին հանդիպում ես նորակառույց, փոքր հյուրանոցների:

Ժիրայր Մարտիրոսյանը, ով Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Ներքին և արտասահմանյան զբոսաշրջության այսօրն ու հեռանկարները» թեմայով հանրային քննարկման երեք բանախոսներից էր, շարունակում է ֆրանսիացի, չեխ, գերմանացի հյուրեր ունենալ: Նոր հյուրանոցների կառուցումը բացասաբար չի անդրադարձել նրա ընտանեկան բիզնեսի վրա, հակառակը՝ նորակառույց հյուրանոցները բերում են նորանոր զբոսաշրջիկներ, խթանում գյուղատնտեսությունը և ծառայությունների զարգացումը:

«Չի կարելի միայն բնության տվածով ուրախանալ և բավարարվել, մենք պետք է կարողանանք բնության հրաշքները խնամել ու պահպանել, ներկայացնել օտարերկրացիներին: Բայց ընդհանուր առմամբ, իմ զբոսաշրջիկները լավ տպավորություններով են հեռանում»,- ասում էՄարտիրոսյանը:

Սյունիքի մարզը՝ իր միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով,երևանյան տուրիստական գործակալությունների ամենակարևոր փաթեթներից է: Դեպի երկինք բարձրացող «եռահարկ» լեռներն ու անդնդախոր ձորերով հոսող գետերը, կուսական բնությունն ու նրա մեջ թաքնված հայկական վանքերն ու եկեղեցիները, ալպյան դաշտավայրերը, ձի հեծնելու փորձությունը մարդուն քաշում են դեպի բալագույն տանիքներով Գորիս, հազար տարվա անցյալով Տաթևի վանք, Որոտանի վրա բնության «կառուցած» Սատանայի կամուրջ, Շաքիի ջրվեժ, Քարահունջի Զորաց քարեր:

Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Իրինա Յոլյանն ասում է, որ բնությունը Սյունիքին տվել է բոլոր գեղեցկությունները, սակայն դա ամենը չէ զբոսաշրջիկներին բավարարելու համար: Գորիսում և Սյունիքի տեսարժան վայրերում զբոսաշրջիկների համար հաճախ բացակայում են ամենատարրական պայմանները. քաղաքում չկա հանրային զուգարան, փողոցները բարեկարգ չեն ու չեն լուսավորվում, չկան մեյթեզրեր ու ճանապարհային ցուցանակներ։ Բնակիչներն էլ անտարբեր են զբոսաշրջիկների նկատմամբ և նրանց չեն ընկալում իբրև իրենց եկամտի հնարավոր աղբյուր:

«Տաթևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը նկատում է, որ նորակառույց Տաթևի ճոպանուղին նոր որակ է ու նոր խոսք Սյունիքի զբոսաշրջության զարգացման գործում: Այն հատկապես կխթանիհայաստանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Սյունիք: Այսօր զբոսաշրջիկները Գորիսում սովորաբար միայն մեկ գիշեր են մնում, քանի որ քաղաքում դեռևս չեն ձևավորվել համապատասխան մյուս ենթակառուցվածքները:

«Միրհավ» հյուրանոցում հավաքված քննարկման մասնակիցները, որոնց մեջ էին մի քանի հյուրանոցների սեփականատերեր, քաղաքային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, տարբեր կողմերից անդրադարձան Սյունիքի զբոսաշրջության զարգացման հեռանկարներին ու առկա խնդիրներին:
Քննարկման մասնակիցները դժգոհ էին քաղաքային և մարզային իշխանություններից, սակայն նաև հանդես էին գալիս ինքնաքննադատության դիրքերից: Քննարկման ընթացքում նրանք որոշեցին ստեղծել մտահոգ մարդկանցից կազմված մի խումբ և փորձել լուծել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել առանց քաղաքային իշխանությունների մասնակցության և որոնք կապված չեն ֆինանսական ներդրումների հետ, ինչպես, օրինակ, փողոցների մաքրությունը, զբոսաշրջիկների նկատմամբ ուշադրությունը, վարվեցողության տարրական կանոնները:

Քննարկման սկզբում, ինչպես Սիվիլիթասի մարզային այլ այցելությունների դեպքում, լրագրող և Սիվիլիթասիվերլուծաբան Թաթուլ Հակոբյանը հակիրճ ներկայացրեց հիմնադրամի տարեկան զեկույցը՝ «Հայաստան-2010. անորոշության տարի», ինչպես նաև՝ հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները:Սյունիքն այն մարզերից է, որտեղ Սիվիլիթասն ավարտել է մի քանի գյուղական ծրագրեր, իսկ մի քանիսն ընթացքի մեջ են:

Զբոսաշրջության թեմայով հանրային քննարկում Գորիսում