Դիտել

DSC_2705Դեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակեց իր 3-րդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցը, ինչպես և անցած երկու տարիների զեկույցները, բաղկացած է երեք հիմնական բաժիններից` տարածաշրջան, ներքաղաքական և տնտեսական:

Տարեվերջին ամփոփված գնահատականները նպատակ ունեն ամբողջացնելու անցած տարվա իրադարձություններն ու միտումները, ինչպես նաև ապագայում որոշ խնդիրների լուծման ուղիներ նախանշել:

Ձևավորված ավանդույթի համաձայն, զեկույցի շնորհանդեսին տեղի ունեցավ քննարկում ոչ թե զեկույցում տեղ գտած գնահատականների, այլ 2010-ի ներքաղաքական, արտաքին քաղաքական և տնտեսական խնդիրների շուրջ:  Քննարկմանը որպես բանախոս մասնակցեցին խորհրդարանական մի քանի խմբակցությունների ներկայացուցիչներ. Լիլիթ Գալստյան` ՀՅԴ, Արտակ Դավթյան` ՀՀԿ, Ստեփան Սաֆարյան` Ժառանգություն, Վարդան Բոստանջյան` ԲՀԿ: Քննարկումը վարում էր Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանը սկսեց Սիվիլիթասի զեկույցի նախաբանից, ասելով, որ համաձայն չէ «Անորոշության տարի» ձևակերպման հետ: Մասնավորապես դրական զարգացումների շարքում Արտակ Դավթյանը նշեց կանխատեսվող 1,2-2 տոկոսի տնտեսական աճի փոխարեն գրանցված 2 տոկոսից ավելի աճը:

«Նշեմ նաև, որ այն բոլոր ծախսերը, որ նախատեսել էինք բյուջեով, և առաջին հերթին սոցիալական, կրթության և գիտության ոլորտներում, իրականացրեցինք»։

Արտակ Դավթյանը խոսեց նաև բացասական միտումների մասին; Մասնավորապես աննախադեպ գնաճի, արտագաղթի նոր ալիքի և աղքատության խորացման մասին:

Իշխող կոալիցիայի անդամ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Վարդան Բոստանջյանի գնահատականով, միայն այն հանգամանքը, որ 2010-ին Հայաստանում ցնցումներ չգրանցվեցին, կարելի է դրական գնահատել: Մյուս կողմից, պարոն Բոստանջյանը ընդունեց, որ դժվար պահերին հայ ժողովուրդը պարզապես հեռանում է:

Տնտեսական խնդիրները, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ, ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառները արտաքին գործոններն են:

«Տնտեսական զարգացումը մեծապես կախված է նաև արտաքին քաղաքականությունից: Մենք չունենք մեծ ճկունություն, գոյություն ունեն խոշոր, որոշող երկրներ, և փոքր երկրները գտնվում են կաշկանդված վիճակում. չի ստացվում անել այն ինչ ուզում ես»։

Թաթուլ Հակոբյանը հարց ուղղեց Դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանին, խնդրելով, որպես անցնող տարում արդեն կոալիցիայից դուրս գործող ուժի, գնահատել, արդյոք Հայաստանի տնտեսական խնդիրները միայն արտաքին գործոններով են պայմանավորված: Մասնավորապես, արդյոք տնտեսական մենաշնորհները, կոռուպցիան ներքին խնդիրներ չեն:

Լիլիթ Գալստյանը նախ իր գնահատականը տվեց 2010-ին՝ այն նկարագրելով որպես «բացասական սպասումների և ներհասարակական ճգնաժամի տարի»: Հայաստանում չհաջողվեց հաղթահարել ճգնաժամը ոչ միայն արտաքին գործոնների պատճառով, այլ քաղաքական և տնտեսական օլիգարխիկ համակարգի պատճառով:

ՀՅԴ պատգամավորը մասնավորապես հիշեցրեց, որ Հայաստանը գնալով ավելի վատ դիրքերում է հայտնվում տնտեսական ազատությունների, մրցունակության ցուցանիշներով, և խնդիրը, նրա համոզմամբ, կառավարման փիլիսոփայությունն է. երբ չեն գործում ժողովրդավարական ու քաղաքացիական սկզբունքներ, երբ իշխանությունը երկիրը դիտարկում է որպես բիզնես տարածք, որի յուրաքանչյուր քառակուսի մետրից ինքը պետք է օգուտ քաղի:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի գնահատականով 2010-ին տնտեսությունը հնձեց այն, ինչ ցանվել էր նախորդ տարիներին, երբ տնտեսության առյուծի բաժինը կազմում էր շինարարությունը, իսկ նման տնտեսական կառուցվածքի պարագայում արտաքին ցնցումների ավերիչ ազդեցությունը անխուսափելի է:

«Շուկայի և ռեսուրսների փոքրացման արդյունքում կատաղի պայքար սկսվեց ներմուծողների և արտահանողների միջև, խոշոր և միջին բիզնեսի միջև»։  Արդյունքում` խոշորները կլանեցին միջիններին: Լավագույն ապացույցը, ըստ Ստեփան Սաֆարյանի ձվի շուկայի մենաշնորհացումն էր, երբ հիմնականում ԱԺ պատգամավոր խոշոր գործարարները դեմպինգային քաղաքականության շնորհիվ շուկայից դուրս մղեցին փոքր ու միջին արտադրողներին: Նոր տարվա նախաշեմին ձվի թանկացման և դեֆիցիտի տեսքով հասարակությունը տեսավ արդյունքները:

Վերադառնալով իշխող ՀՀԿ-ի ներկայացուցչին, Թաթուլ Հակոբյանը հարցրեց, թե արդյոք հնարավոր է ժողովրդավարական պետություն ունենալ, երբ քաղաքական ու տնտեսական համակարգերը սերտաճած են:

Ի պատասխան, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը համոզմունք հայտնեց, որ այդպես է աշխարհում ամենուր: Այլ հարց է, որ «կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրներ ունենք»: Ինչպես լուծել խնդիրը հարցին, ըստ Արտակ Դավթյանի՝ հստակ պատասխանել է երկրի նախագահը ՀՀԿ 20-ամյակին ունեցած ելույթում:

«Կա դեղատոմս, դա ժողովրդավարության խորացումն է, և այդ ինստիտուտների ու մեխանիզմների հաստատումն է»: Պարոն Դավթյանը հիշատակեց նաև նախագահի պնդումը, կապված հարևան Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի դրական փորձի վերաբերյալ, և որ այդ մոդելը կիրառելի է նաև Հայաստանում:

Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի համոզմամբ ողջ հետխորհրդային տարածքը տառապում է ավտորիտար միտումներից, և դա հեշտ լուծելի խնդիր չէ:

«Դրա համար ժամանակ է պետք, ինկուբացիոն շրջան է պետք»: Ինչ վերաբերում է տնտեսական օլիգարխիային, ապա պարոն Բոստանջյանը վստահեցրեց, որ բոլոր երկրներում տեղի է ունեցել կապիտալի սկզբնական կուտակման շրջան, և Հայաստանն  անցնում է այդ պրոցեսով: Դրա համար նույնպես ժամանակ է անհրաժեշտ: Նա նաև առողջ պրոցես որակեց այն հանգամանքը, որ նույնիսկ կոալիցիայի ներսում հաճախ տեղի են ունենում բուռն քննարկումներ, և շատ հարցերի շուրջ չի լինում համաձայնություն:

Արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից հարցին ի պատասխան էլ ասաց, որ «ոչինչ բացառված չէ, ով ինչպես ուզում է կարող է հասկանալ»:

Դաշնակցական Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական գործընկերոջ պնդմանը՝ անհրաժեշտ ժամանակի և ինկուբացիոն շրջանի մասին, օրինակ բերեց. «Նախագահը օրերս հանդիպում էր խոշոր գործարարների հետ: Նրանց 90 տոկոսը ԱԺ պատգամավորներ էին, իսկ դա զավեշտ է այն պարագայում, երբ Սահմանադրությունն ամրագրում է, որ քաղաքականությունն ու գործարարությունը պետք է տարանջատված լինեն: Սրա համար ոչ ինկուբացիա է անհրաժեշտ, ոչ ժամանակ»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Ստեփան Սաֆարյանը իրավիճակը բնութագրեց կառավարող խավի անտեղյակությամբ, գործընթացները կանխատեսելու անկարողությամբ:

«Իշխանությունն իրեն զգում է պաշարված ամրոցում` շրջապատված թշնամիներով. հասարակությունը թշնամի է, ընդդիմությունը թշնամի է»:

Իշխանությունը ցանկացած քննադատություն ընկալում է հետին մտքով, որպես չկամությունից դրդված կամ ասված բան: Ժառանգության ներկայացուցիչը չի բացառում, որ որոշ քաղաքական ուժեր հենց այդ սկզբունքով են քննադատում: Բայց, երբ իշխանությունը ցույց է տալիս, որ չի պատկերացնում ամենաակնհայտ խնդիրները, ինչպես օրինակ հայ-թուրքական խնդրի և ղարաբաղյան գործընթացի փոխկապակցվածությունը, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:

Ընդհանուր առմամբ, Ժառանգության ներկայացուցչի գնահատականով 2010-ը կարելի է բնութագրել որպես իշխանությունների անտեղյակության տարի:

Քննարկումը տևեց մեկ ժամից ավելի: Հարցեր և մեկնաբանություններ հնչեցին նաև դահլիճից: Քննարկման տեսագրությունը մեր կայքում կլինի մոտ օրերս:

Հայաստան 2010. անորոշության տարի