photo-4ՀՀ ՊՆ պարզաբանումը “Սիվիլիթաս”-ի քննարկման վերաբերյալ

Նկատի ունենալով այն, որ Սիվիլիթաս հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր ժամանակի սղության պատճառով ամբողջական պատասխաններ չեն ստացել, եւ այդ քննարկումը հասարակական հնչեղություն է ստացել` ստորեւ ներկայացնում եմ հավելյալ պարզաբանումներ.

“ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկը:

Սակայն թափանցիկությունը չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը: ՀՀ պետական բյուջեն` պաշտպանական ծախսերի մասով, անցնում է բոլոր գործընթացները, որով անցնում են ՀՀ այլ պետական կառույցների բյուջեները. քննարկումներ է անցնում ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ Վարչապետի մոտ, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, իսկ կատարման ընթացքում պարբերաբար վերահսկվում է ոչ միայն պաշտպանության համակարգում գործող ներքին վերահսկիչ ծառայությունների, այլ նաեւ արտաքին` ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության եւ ՀՀ վերահսկիչ պալատի աուդիտների միջոցով: ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների ցանկը եւ կնքվող  պայմանագրերը ուսումնասիրվում եւ հավանության են արժանանում համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից:

Ճիշտ է` Ազգային ժողովում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են, սակայն կարծում եմ` դա օրինաչափ երեւույթ է: Մեզանում բանակի վերաբերյալ սրտացավ քննարկումներ նախաձեռնողները կարո՞ղ են արդյոք բերել մի օրինակ, երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում գտնվող որեւէ երկիր, որի զինված ուժերի 80%-ը մարտական հերթապահություն են իրականացնում եւ գտնվում է պարտադրված տեղեկատվական պատերազմի մեջ, իսկ նրա պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը քննարկվում է այդ երկրի որեւէ հասարակական կազմակերպության խորհրդի նիստում: Պատկերացնու՞մ եք, եթե որեւէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը սահմանափակելու մեջ` պահանջելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց տեղակայման վայրերի, կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք նման տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Արդյո՞ք պետական եւ հասարակական շահը պահանջում է, որ նման տեղեկությունները հասու լինեն մեր հակառակորդին: Կարծում եմ` հասարակական շահը եւ հասարակության անվտանգությունը գերակա պետք է լինի որեւէ անհատի կամ կազմակերպության շահերի ու հետաքրքրությունների համեմատ: Չեմ կասկածում, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը հենց այդպես է մտածում:

Հանրային իրազեկման եւ մարդու իրավունքների ոլորտներում համագործակցություն է իրականացվում միջազգային կազմակերպությունների, միջազգային եւ հայաստանյան հասարակական կառույցների հետ: ՀՀ պաշտպանության նախարարության համար ընդունելի են բոլոր կառուցողական առաջարկությունները: Ամենաթարմ օրինակը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ “Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` զինված ուժերի առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործընթացքում” ծրագիրն էր, որն իրականացվել է “Հանդուրժողականության կենտրոն” գիտական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:

Ինչ վերաբերում է արտերկրի բարձրագույն ռազմակրթական հաստատություններում 2005-2010թթ. ուսանած ՀՀ ԶՈՒ սպաների թվաքանակին, ապա կարող եմ նշել, որ նրանց թիվը շուրջ 800 է: Տարբեր երկրներում ուսում ստացած զինծառայողները, վերադառնալով Հայաստան, իրենց զինվորական ծառայությունը շարունակում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու նպաստում զինված ուժերի համակողմանի զարգացմանը: Արտերկրում ուսում ստացած զինծառայողների` Զինված ուժերից զորացրման դեպքերը հատուկենտ են, իսկ ներկայացված թիվն ինքնին անիմաստ է դարձնում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ շահարկումները:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվող շենքերի բնակիչների ցուցակների վերաբերյալ շահարկումները նույնպես անհիմն են, քանի որ դրանք կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից: Նման ցուցակներ գոյություն ունեն համայնքներում, ընտրական հանձնաժողովներում, ՀՀ ոստիկանությունում եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բնակարանների տրամադրումը տեղի չի ունենում թափանցիկության մթնոլորտում, տեղեկացնում եմ, որ գոյություն ունի հերթացուցակ, եւ բնակարանի հերթագրված յուրաքանչյուր զինծառայող  քաջատեղյակ է հերթացուցակում իր տեղի վերաբերյալ: Այդ բնակարանները միանգամից սեփականության իրավունքով չեն նվիրաբերվում, դրանք ծառայողական բնակարաններ են, եւ զինծառայողի ծառայության վայրի փոփոխության դեպքում հանձնվում են այլ զինծառայողի:

ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունքում հանրային իրազեկումը աստիճանաբար ավելի բարձր մակարդակի է լինելու, սակայն այն երբեք չի անցնելու խելամտության ու թույլատրելիության սահմանը”:

Տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից

Պաշտպանության նախարարության արձագանքը