Դիտել

photo-3Բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերի շուրջ թերևս աննախադեպ ակտիվ քննարկումները առիթ են խոսելու ոչ միայն այդ դեպքերի, այլև բանակի համակարգային խնդիրների մասին: Որո՞նք են դրանք և որո՞նք են լուծումները: Ինչպե՞ս հասարակությանը մասնակից դարձնել բանակի խնդիրների քննարկմանը և լուծմանը և որքանո՞վ է բանակը պատրաստ բաց քննարկման:

Ի՞նչ բարեփոխումներ են տեղի ունեցել բանակում վերջին տարիներին և որո՞նք են արդյունքները: Բանակի խնդիրների ո՞ր մասն է հատուկ միայն բանակին և ո՞ր մասն է արտացոլում հասարակության խորքային խնդիրները:

Նոյեմբերի 15-ի Սիվիլիթասի հերթական հանրային քննարկման թեման էր` «Բանակ և հասարակություն»: Բանախոսներն էին` ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն, 2010-ին զորացրված նախկին զինվոր Գարեգին Խումարյանը: Քննարկումը վարում էր Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցեցին նաև ՊՆ այլ ներկայացուցիչներ, նախկին զինվորներ, ծնողներ և քաղաքացիներ, ովքեր մտահոգված են բանակի ներկայով և ապագայով:

Բացելով քննարկումը` Թաթուլ Հակոբյանը հարց ուղղեց ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանին. արդյո՞ք այն հանգամանքը, որ վերջին շրջանում հաճախակիացել են բանակում տեղի ունեցող միջադեպերի հրապարակայնացման դեպքերը, վկայում է այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը ծրագրված և մտածված է դրանք հրապարակայնացնում` փորձելով աշխատել ավելի թափանցիկ: Ալեքսանդր Ավետիսյանը պարզաբանեց, որ նման հատուկ քաղաքականություն մշակված չէ, և Պաշտպանության նախարարությունը պարզապես հրապարակում է այն դեպքերի մասին տեղեկությունները, որոնք տեղի են ունենում բանակում, արձագանքում է դրանց` ըստ միջադեպի:

“Ժամանակաշրջանը ստիպում է նույնիսկ փակ համակարգերին` աշխատել հնարավորինս թափանցիկ: Տեխնոլոգիական հնարավորությունների այս ժամանակաշրջանում հասարակությունից որևէ բան թաքցնելն իմաստ չունի և Պաշտպանության նախարարությունը արձագանքում է բոլոր այն դեպքերին, որ տեղի են ունենում բանակում”:

Հակադարձելով նախարարության պաշտոնյային` իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսեց այն մասին, որ անցնող տարվա ընթացքում բանակում գրանցվել է 34 մահվան դեպք, և միայն 10 ի դեպքում է տեղեկատվության սկզբնաղբյուրը եղել Պաշտպանության նախարարությունը: Սա, ըստ Սաքունցի, վկայությունն է այն բանի, որ բանակը շարունակում է փակ կառույց մնալ, իսկ քանի դեռ համակարգը փակ է, միշտ կասկածներ են լինում, որ դեպքերն ու միջադեպերը, որոնք թաքցվում են հանրությունից, իրականում ավելի շատ են:

“Պաշտպանության նախարարությունը պետք է հստակեցնի “գաղտնիության” սահմանները: Այսօր Պաշտպանության նախարարությունում ամեն ինչն է փակ և գաղտնի”, ասաց իրավապաշտպանը: Ավելի ուշ Արթուր Սաքունցը նաև որոշ օրինակներ բերեց, պնդելով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՊՆ ուղարկված բազմաթիվ հարցումներ մնում են անպատասխան: Սկսած տնտեսական հարցերից` ո՞ր կազմակերպություններն են մատակարարում բանակը, և ո՞րքան գումար է բյուջեից ծախսվում այդ նպատակով, վերջացրած այն խնդրով, թե ովքեր են բանակից գործուղվում արտասահմանում սովորելու, այդ սպաների ո՞ր մասն է վերադառնում և շարունակում ծառայությունը Հայաստանի զինված ուժերում:

Շարունակելով կրթության թեման, Թաթուլ Հակոբյանը հարց ուղղեց նախկին զինվոր Գարեգին Խումարյանին: Արդյոք բանակը, որտեղ հայ երիտասարդները անց են կացնում կյանքի երկու տարին, տալիս է նաև կրթական հնարավորություններ, ինչպես զարգացած շատ երկրների բանակներ: Գարեգինը վստահեցրեց, որ իրենց զորամասում կային երիտասարդներ, ովքեր գրել և կարդալ սովորել են բանակում: Այդ առումով բանակը, գոնե այդ մինիմալ գրագիտությունն ապահովում է այն երիտասարդների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով դպրոց չեն հաճախել:

“Չէի ասի, որ բանակում կա կրթական հատուկ ծրագիր: Լավ կլիներ, եթե լիներ, այդ դեպքում երիտասարդները բանակ կգնային նաև լրացնելու կրթության բացերը: Հատկապես, որ նման հնարավորություն կա, քանի որ “ազատ ժամանակը” բանակում բավական շատ է”, ասում է նախկին զինվորը:

Քննարկման ընթացքում հաճախ էին հնչում համեմատություններ 10-15 տարի առաջ և այսօր առկա խնդիրների շուրջ: Արթուր Սաքունցը, խոսելով այն մասին, որ թվում էր, թե այսօրվա բանակը հետպատերազմական քաոտիկ բանակից պետք է շահեկանորեն տարբերվեր, համոզմունք հայտնեց, որ այսօր բանակի կայացմանը խանգարող հանգամանքները նույնիսկ ավելի շատ են: Կուռուպցիան, հովանավորչությունը, հանցագործությունները, Սաքունցի համոզմամբ վկայում են այն մասին, որ Զինված ուժերում, ինչպես նաև այլ ուժային կառույցներում, օրինակ` ոստիկանությունում այս տարիների ընթացքում էական որևէ բարեփոխում չի իրականացվել:
Ալեքսանդր Ավետիսյանը սակայն վստահեցրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներն այնքան շատ են, որ ժամանակ չի լինի դրանք թվարկելու համար:

“Զինված ուժերի հանդեպ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ներդրումը այդ բարեփոխումների միայն մեկ տարրն է”: Մայոր Ավետիսյանի հավաստմամբ վերջին 10 տարվա ընթացքում փոփոխությունները ակնհայտ են` զինծառայողների կենցաղային պայմանների բարելավումից, մինչև հասարակական վերահսկողության մեխանիզմների կիրառում:
Ավետիսյանը խոսեց նաև Պաշտպանության նախարարությունում հասարակական խորհրդի ստեղծման մասին, հիշատակեց զորակոչային հարցերով զբաղվող հանձնաժողովը և վստահեցրեց, որ բարեփոխումներ զինված ուժերում իրականացվում են, պարզապես դա էվոլյուցիոն գործընթաց է և պետք է ցանկություն ունենալ տեսնել դրա զարգացումը:
“Պաշտպանության նախարարությունը պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ, լսել առաջարկությունները և ընդունել ցանկացած կառուցողական առաջարկ հասարակական կազմակերպությունների կողմից”, վստահեցրեց Ալեքսանդր Ավետիսյանը:

Արթուր Սաքունցը վերադարձավ տեղեկատվության մատչելիության խնդրին և խոսեց այն մասին, որ կառուցողական առաջարկներ ակնկալելու համար, պետք է մատչելի դարձնել տեղեկատվությունը:
“Հասարակության հետ երկխոսության հիմքը հանդիսանում է բարդ խնդիրների շուրջ երկխոսությունը”, ասաց իրավապաշտպանը, շարունակելով թվարկել խնդիրները:
“Խնդիրը ոչ միայն բանակում տեղի ունեցող դեպքերն են, այլ դրանց բացահայտման խնդիրը, համարժեք պատժի բացակայությունը”, ասաց իրավապաշտպանը: Նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն նույնիսկ չի ցավակցում զոհվածների հարազատներին:

Անպատժելիության խնդրին անդրադարձավ նաև քննարկմանը ներկա մեկ այլ իրավապաշտպան` Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
“Մենք շփվում ենք խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Պետք է ասել, որ սկզբնական շրջանում նրանց մոտ մեծ է հավատը նախաքննության մարմնի հանդեպ: Նույնիսկ երբ հասարակական կազմակերպությունները առաջարկում են աղմուկ բարձրացնել, ծնողները հրաժարվում են, որովհետև հավատում են նախաքննությանը: Աստիճանաբար, մի քանի ամսից այդ հավատը նվազում է և ի վերջո մի քանի տարի անց զոհված զինծառայողների ծնողների մեծ մասը ապրում է այն համոզմամբ, որ իրական մեղավորները մնացել են անպատիժ”:
Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին տեղեկությունները իրարամերժ են, ինչը ևս վկայում է թափանցիկության պակասի մասին: Մասնավորապես` 2005 թվականին Արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Զինվորական դատախազությունը և այն օրերին դեռևս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 4 տարբեր թիվ ներկայացրեցին այդ տարի խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վերաբերյալ` 12-ից մինչև 80 զոհ:

Պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի ղեկավար, Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը վստահեցրեց, որ խորհուրդը ստեղծվել է նախարարության և հասարակության միջև կապը պահպանելու նպատակով և այն պատրաստ է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ և նախարարությանը հասցնել բոլոր մտահոգություններն ու խնդիրները:
“Ինչ վերաբերում է բարեփոխումներին, հարգելով այստեղ հնչեցրած բոլոր մտահոգությունները և այս խնդիրներով զբաղվող բոլորին, պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում որոշ ուղղություններով` մասնավորապես իրավական պաշտպանվածության, կյանքի ապահովության խնդիրներով փոփոխություններն ակնհայտ են”, ասաց պարոն Հարությունյանը, հիշատակելով Թաթուլ Հակոբյանի հնչեցրած վիճակագրությունն առ այն, որ 90-ականներից մինչ օրս բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը մի քանի անգամ նվազել են: Մահացության ամենաշատ դեպքերը 96 թվականին են գրանցվել, քանի որ բանակը միանգամից համալրվեց մարտի դաշտից վերադարձած հազարավոր սպաներով և զինվորներով, իսկ այն կառույցը, որտեղ հազարավոր մարդիկ ամեն օր զենքի հետ են շփվում, պարոն Հարությունյանի համոզմամբ չի կարող զերծ լինել միջադեպերից: Ու թեև այսօր մահացության դեպքերն անհամեմատ պակաս են, պարոն Հարությունյանը ընդունեց, որ վերջին իրադարձությունների դեպքում, ի տարբերություն 90- ականների, շատ են նման միջադեպերում սպաների ներգրավվածության դեպքերը: Դա, պաշտպանության նախկին փոխնախարարի համոզմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ 90 ականներին, կրտսեր սպայակազմը բաղկացած էր կռված տղաներից, որոնք, ի տարբերություն այսօրվա լեյտենանտների, հեղինակության ձեռքբերման և ինքնահաստատման խնդիր չունեին: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ այս խնդիրները պարբերաբար և շատ լրջորեն քննարկվում են նախարարության կոլեգիայի նիստերում:

Հարցեր և առաջարկություններ հնչեցին նաև դահլիճից ու թեև մոտ 2 ժամ տևած քննարկման արդյունքում շատ հարցեր մնացին անպատասխան:
“Չնայած քննարկումը չտվեց շատ հարցերի պատասխաններ, այդուհանդերձ նույնիսկ մեկ այսպիսի քննարկումը, մեր համոզմամբ քննարման բացակայությունից գերադասելի է: Որքան շատ և հաճախակի լինեն նման քննարկումները, որքան շատ լինեն մասնակիցները` թե Պաշտպանության նախարարությունից, թե քաղաքացիական հասարակությունից, այդքան ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն խնդիրների լուծման համար,” վստահ է Սիվիլիթասի հանրային կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանը:

Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը ընդգծում է` “Նման քննարկումը հնարավոր դարձավ նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պատրաստակամության շնորհիվ: Սա կարող է լինել մեր բանակի և հասարակության բազմաթիվ խնդիրների շուրջ համատեղ քննարկմանն ու հանրային բանավեճին ուղղված առաջին քայլերից մեկը: Խնդիրները շատ են` սկսած թե զինվորների մոտ, թե նրանց ծառայելու ուղարկող ընտանիքներում գաղափարական հավատի բացակայությունից, վերջացրած` տնտեսական, կրթական, առողջական խնդիրներով և իհարկե համակարգային բարեփոխումների անհրաժեշտությամբ: Այնպես որ, սա միայն սկիզբն է”:

Բանակ և հասարակություն