booksՍիվիլիթաս հիմնադրամը հյուրընկալեց թուրքական “Բելգե” հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին: Գրքարվեստի փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող հայտնի թուրք մտավորականը բազմաթիվ գրքեր է հրատարակել հայոց ցեղասպանության, ինչպես նաև քրդական խնդրի և Թուրքիայում այլ ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ, ինչի համար բազմիցս դատապարտվել է Թուրքիայի իշխանությունների կողմից և մի քանի տարի եղել է բանտում:

Հոկտեմբերի 6-ին Զարաքօլուն Սիվիլիթաս հիմնադրամում հանդիպեց մի խումբ հայ մտավորականների` գրողների, գրադարանավարների, հրատարակիչների ինչպես նաև Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ:
Հյուրերի թվում էին նաև նախորդ օրը Խնկո Ապոր անվան գրադարանում ներկայացված “Երկխոսություն հայկական տաբուի շուրջ” գրքի հեղինակներ ֆրանսահայ մտավորական Միշել Մարյանը և թուրք մտավորական Ահմեթ Ինսելը:
Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը ներկայացրեց հյուրերին Սիվիլիթասի ծրագրերը և խոսեց այն մասին, որ գիտելիքը, գրականությունը ամուր  քաղաքացիական հասարակության հիմքն են:

Ռագըփ Զարաքօլուն պատմեց ներկաներին այն դժվարությունների մասին, որին հանդիպել է ինքը Թուրքիայում, փորձելով դեմ գնալ պետական քարոզչամեքենային: Պատմեց իր բազմաթիվ դատավարությունների և բանտարկությունների, իրեն ներկայացված բազմաթիվ մեղադրանքների մասին:
Պարոն Զարաքօլուն նաև անդրադարձավ թուրք հասարակության ներսում որոշակի դրական փոփոխություններին և այն հանգամանքին, որ նախկինում արգելված շատ թեմաներ այսօր արդեն ազատորեն քննարկվում են հասարակության ներսում և դա իրեն ավելի զգալի առաջընթացի հույս է ներշնչում:

Մտավորականների հանդիպում Սիվիլիթասում