Bled ConferenceՕգոստոսի 30-31-ին Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը և տնօրեն Սալբի Ղազարյանը մասնակցեցին Սլովենիայում Բլեդի ռազմավարական ֆորումին: Եվրոպայից և Ասիայից տասնյակ երկրների ղեկավարներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին “Տնտեսական ճգնաժամի քաղաքականությունը.  Եվրոպայում և Ասիայում տնտեսական և աշխարհաքաղաքական պատկերի վերաձևակերպումը” վերնագրված ֆորումին:

Վարդան Օսկանյանը մասնակցել է “Կայունություն` տարածաշրջանային համագործակցության միջոցով. Արևելյան Եվրոպան և Կասպյան տարածաշրջանը” քննարկմանը: Նա խոսել է Կովկասում խաղաղության պահպանման հարցում եվրոպական և տարածաշրջանային կառույցների դերի մասին: Մասնավորապես անդրադարձել է այն խնդրին, որ այդ կազմակերպությունները հետխորհրդային տարածքում դրական դերակատարում են ունեցել: Բայց այսօր, հաշվի առնելով աճող լարվածությունը Ռուսաստանի և արևմուտքի միջև, դրանք կարող են նաև ապակայունացնող գործոն հանդիսանալ; Այդ պատճառով, անհրաժեշտ է, որ թե Ռուսաստանը, թե արևմուտքը հավատան կոմպլեմենտարիզմի սկզբունքին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեցույցն է եղել նախորդ 10 տարվա ընթացքում և միմյանց հակադրվելու փոխարեն, փորձեն փոխլրացնել միմյանց այս տարածաշրջանում:

Bled Converence Սալբի Ղազարյանը մասնակցել է “Ֆինանսական ճգնաժամից առաջ և հետո. արժեքների խնդիրը” քննարկմանը: Տիկին Ղազարյանը խոսել է այն մասին, որ համամարդկային արժեքներն ու սկզբունքները կենտրոնական դեր ունեն ցանկացած քաղաքական և տնտեսական զարգացման գործում: Ֆինանսական ճգնաժամից քաղված դասերից մեկն այն է, որ սկզբունքների ու արժեքների արհամարհումը, օրինակ ֆինանսական համակարգի ինքնակառավարման հանդեպ անվերապահ հավատը, ինչպես նաև ունեցվածքի բազմապատկման ձգտումը, որպես վերջնական նպատակ, այլ ոչ որպես շատերի համար արդար ու արժանավայել կյանք ապահովելու միջոց, հանգեցրեցին լրջագույն տնտեսական խնդիրների: Ֆինանսական և համակարգային անհրաժեշտ բարեփոխումների հիմքում պետք է դրվի այն համոզմունքը, որ բարեկեցությունը, ի վերջո, արժանավայել ու խաղաղ աշխարհ ստեղծելու միջոց է:
Սիվիլիթասը Բլեդի ռազմավարական Ֆորումում