Արդեն 6 տարի Վարդան Օսկանյանը “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր նախագահն է: “Երբ փառատոնի նախաձեռնողները տարիներ առաջ ինձ հրավիրեցին ստանձնել այս պարտականությունը, ես սիրով ընդունեցի հրավերը, քանի որ կարծում եմ, որ կինոն հասարակությունների միջև փոխըմբռնման ու երկխոսության դուռ բացելու լավագույն միջոցն է”, ասաց Վարդան Օսկանյանը հուլիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռոբ Նիլսենին “Վարպետ” մրցանակը հանձնելիս:

Պարոն Օսկանյանը խոսեց այն մասին, որ Ռոբ Նիլսենի արվեստը կինոյի անփոխարինելիության վառ ապացույցներից է: Իր աշխատանքային հարուստ կարիերայի ընթացքում  Ռոբ Նիլսենը, որի հայտնի աշխատանքներից մեկը “Հյուսիսային լույսեր” ֆիլմն է, օգնել է հասարակություններին հասկանալ միմյանց, իսկ անհատներին հասկանալ սեփական եսը:

Վարդան Օսկանյանը շնորհավորեց Ռոբ Նիլսենին “Ոսկե ծիրանի” այս պատվավոր մրցանակին արժանանալու համար, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներին` այս գեղեցիկ տոնը երևանցիներին և հյուրերին պարգևելու համար: Ռոբ Նիլսենը մրցանակի համար շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և ասաց, որ թեև կյանքում շատ մրցանակներ է ստացել, Հայաստանում ստացած այս մրցանակը հատուկ նշանակություն կունենա իր համար: “Ինձ համար պատիվ է մրցանակի արժանանալ մի երկրում, որտեղ փողոցների անունները կոչում են պոետների ու գրողների պատվին, որտեղ նույնիսկ թղթադրամների վրա նկարիչների ու արվեստագետների նկարներ են”:

Հուլիսի 15-ին Սիվիլիթաս հիմնադրամը հյուրընկալեց “Ոսկե ծիրան” փառատոնի կազմակերպիչներին և հյուրերին: Մոտ հարյուր հյուրեր, ներառյալ կինոփառատոնի մասնակից ռեժիսորները, սցենարիստներն ու դերասանները Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև կինոփառատոնի կազմակերպիչները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը երեկոն անցկացրեցին Սիվիլիթասի պատշգամբում, վայելելով Երևանի կենտրոնի գեղեցիկ տեսարանը և հաճելի զրույցը արվեստի, կինոյի և քաղաքականության մասին:

Ոսկե ծիրան 2009