Փակուղուց դուրս գալու համար պետք է իրականացնել  4 անհետաձգելի գործողություն
Գների զսպմանն ուղղված կառավարության վերջին օրենսդրական նախաձեռնությունները մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ կառավարությունը պատրաստ չէ կամ, որ ավելի վատ է, չի ցանկանում արմատական բարեփոխումներ իրականացնել։

Կառավարության առաջ ծառացած խնդիրն այսօր միայն գնաճը չէ։ Կարելի է ասել, որ գնաճն ընդամենը հետեւանք է մի շարք տնտեսական խնդիրների, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Փակուղային իրավիճակից դուրս գալու համար անհետաձգելի չորս գործողություններ պետք է իրականացվեն։

Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել մակրոտնտեսական կայունությունը: Այսինքն՝ մեր ազգային պարտքը եւ բյուջեի դեֆիցիտը բերել կայուն մակարդակի: Այսօր ազգային պարտքը եւ բյուջեի դեֆիցիտն անցել են ընդունելի սահմանները:

Երկրորդն աճի խթանումն է եւ աղքատության կրճատումը: Ներկայիս տնտեսական աճի մակարդակը, եթե հաշվի առնենք 2009 թվականի 14 տոկոսանոց անկումը, վտանգավոր ցածր է: Այսպիսի տեմպով ընթանալու դեպքում նախկին դիրքերին վերադառնալու համար երկար ժամանակ է պետք: Աղետալի է այն փաստը, որ աղքատությունը 40 տոկոսի սահմաններում է: Դա նշանակում է, որ եւս ավելի քան 200 հազար մարդ ապրում է ավելի հուսահատ ու ծանր պայմաններում, քան երեք տարի առաջ էր:

Երրորդ՝ կառավարությունը պետք է կրճատի առեւտրային անհավասարակշռությունը։ Այսօր ներմուծման եւ արտահանման տարբերությունը հասնում է ՀՆԱ-ի 29 տոկոսին, որը չափազանց մեծ թիվ է:

Եվ չորրորդ՝ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Սրա միջոցով է, որ հնարավոր է լուծել մենաշնորհների խնդիրը:

Նշված խնդիրների միաժամանակյա լուծումը կառավարությանը կկանգնեցնի մի քանի երկընտրանքի առաջ: Առաջինը ազգային պարտքի եւ բյուջեի դեֆիցիտի նվազեցումը պահանջում են գործողություններ, որոնք հակասության մեջ են մտնում աճի խթանման համար անհրաժեշտ քայլերի հետ: Երկրորդը առեւտրային անհավասարակշռության նվազեցումը ենթադրում է մի շարք քայլեր, որոնցից կարեւորագույնն ազգային դրամի արժեզրկումն է, իսկ դա հակասում է գնաճը սանձելու քայլերին: Երրորդը այսօր պահանջվող բարեփոխումների բնույթը եւ ծավալն անմիջականորեն հակասում են օլիգարխների շահերին:

Բացառությամբ օլիգարխներին վերաբերող խնդրի, երբ տնտեսական եւ քաղաքական իշխանությունը գտնվում է մարդկանց մի փոքր խմբի ձեռքերում, մյուս երկընտրանքները մարտահրավեր են նաեւ զարգացած երկրների համար: Համաշխարհային ճգնաժամը բոլորին ստիպեց վերանայել իրենց ինստիտուցիոնալ կառույցները: Տարբերությունն այն է, որ շուկայական նորմալ պայմաններում, արմատական կառուցվածքային խնդիրների լուծմանն ուղղված խիզախ քայլերի միջոցով այս երկընտրանքները լուծելի են դառնում:

Մինչդեռ Հայաստանում շուկայական հարաբերությունների հիմքերը խարխլված են: Ճիշտ այնպես, ինչպես ժողովրդավարության դեպքում մեր երկրում բացակայում են դրա հիմնարար սկզբունքները՝ օրենքի գերակայությունը, հանդուրժողականությունը, խոսքի ազատությունը եւ ընտրելու իրավունքը, այնպես էլ այսօր բացակայում են ազատ շուկայի հիմնարար սկզբունքները: Այդ սկզբունքները՝ հավասար պայմաններ բոլորի համար, բաց եւ արդար մրցակցություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, ազատ շուկայական տնտեսության հիմնասյուներն են: Եվ այս ծանր կացությունից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին կառավարությունը զբաղվի բարեփոխումների հարցով: Մի քանի հրատապ քայլեր պիտի արվեն այս ուղղությամբ։

Առաջին՝ անհրաժեշտ է պարտադրել օրենքի կատարումը եւ անջատել քաղաքականությունը բիզնեսից: Համաձայն Հայաստանի օրենքների՝ պատգամավորը չի կարող ձեռներեց լինել: Սա լավ օրենք է եւ պիտի գործի նաեւ խոշոր ձեռներեցների համար: Այսօր նրանք քաղաքական իշխանության են ձգտում, քանի որ չեն վստահում համակարգին: Նրանցից յուրաքանչյուրը մտածումէ, որ եթե քաղաքական լծակներ չունենա, ապա նրան կարող են «ոտնատակ տալ», եթե նրա ներդրումը նախագահական իշխանության մեջ տեսանելի չէ, ուրեմն նա խոցելի է: Հարցն այսպիսով ոչ թե ունեցվածքն է, այլ այն, որ նրանք այդ ունեցվածքի ուժով կարող են պայմաններ թելադրել:

Երկրորդ քայլը, որ պետք է կատարի իշխանությունը, բոլոր խոշոր ձեռներեցներին հարկային դաշտ բերելն է: Սա նույնիսկ ձեռնտու է նրանց համար, քանի որ այսպիսով նրանց այլեւս չեն կարող ստիպել ընտրական յուրաքանչյուր շրջանում հսկայական գումարներ նվիրաբերել: Բռնի նվիրատվությունների չափերը պակաս չեն, երբեմն նույնիսկ ավելի են, քան նրանց արդար հարկերն են: Հարկերն առնվազն կանխատեսելի են, եւ ձեռներեցը կարող է հաշվարկել այդ ծախսերը: Սակայն օլիգարխը երբեք չի կարող իմանալ, թե երբ է իրենից քաղաքական հավատարմության հավելյալ ֆինանսական վկայություն պահանջվելու:

Եվ վերջապես երրորդ քայլը, որ պետք է իշխանությունը կատարի, վստահեցնելն է ձեռներեցներին, որ նրանք կարող են պահել այն, ինչ արդեն ունեն, սակայն այս պահից սկսած շուկան բաց է լինելու բոլորի համար, դաշտը բացվելու է։ Շուկան պիտի որոշի, այլ ոչ թե որեւէ ֆինանսական կամ քաղաքական ուժ, թե Հայաստանի նման փոքր երկրում տնտեսության որեւէ ոլորտում մի քանի խաղացողի կարիք կա՞, թե՝ ոչ: Եթե նախկինում այս գործընթացները որոշվել են փակ դռների հետեւում, ապա այսուհետեւ դրանք պիտի լինեն բաց եւ արդար:

Այս քայլերի միաժամանակյա եւ ամբողջական իրականացումը ինչ-որ տեղ կվերականգնի նաեւ հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ։
Կառավարությունն իրոք վատնել է վստահության պաշարը: Տրված խոստումները եւ իրականությունն իրարից շատ հեռու են: Կառավարությունն այս երեք տարիների ընթացքում անկարող եղավ կանխատեսել եւ ծրագրել հետագա քայլերը: Դա է պատճառը,  որ բոլորը՝ հանրությունը, սպառողը, արտադրողը եւ ձեռներեցը, վստահության պակաս են ապրում: Մինչդեռ սպառողի եւ ներդրողի վստահությունը եւ դրական տրամադրվածությունը տնտեսական աճի հիմնական խթանիչներն են: Հայաստանում դա չկա:

Սա ազդում է ներդրողների վրա ճիշտ այնպես, ինչպես ազդում են արտաքին գործոնները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ դարձել է ավելի անկանխատեսելի, քան երբեւէ: Չեմ կարծում, որ պատերազմի եզրին ենք, բայց կարեւորը մեր կարծիքը չէ: Հավանական օտարերկրյա ներդրողը, լսելով ռազմաշունչ հռետորությունը, լսելով բանակցությունների անհույս լինելու, զինադադարի օրական խախտումների եւ շփման գծի երկայնքով միջադեպերի մասին, բնականաբար մտահոգվում է իր ներդրումներին սպառնացող ռիսկերով:

Խիստ կարեւոր են նաեւ միջազգային ինդեքսները, որոնք ազդում են ներդրողների որոշումների վրա: Երբ իշխանությունները հեռուստաալիք են փակում կամ բացեիբաց հանդուրժում են կոռուպցիան, մենք մտածում ենք միայն ներքին հետեւանքների մասին: Երբ անարդարության  եւ անհավասարության դեպքերի ենք ականատես լինում՝ հատկապես դատական համակարգում, մեզ թվում է, թե միայն մենք ենք այդ մասին խոսում: Երբ սահմանափակվում են անձնական եւ քաղաքացիական իրավունքները, մենք դրան վերաբերվում ենք սոսկ որպես ներքին գործի կամ նույնիսկ որպես մշակութային առանձնահատկության: Սակայն աշխարհում հետեւում են այդ բոլոր զարգացումներին, որոնք արձագանք են գտնում միջազգային զանազան կառույցների տարեկան զեկույցներում եւ միջազգային վարկանիշներում: Վերջին տարիների մի շարք զեկույցներում եւ վարկանիշային աղյուսակներում Հայաստանի վարկն ընկել է: Եվ դա, անկասկած, բացասական ազդեցություն ունի ներդրողների վրա:

Գոյություն ունի բարեփոխումների եւ փոփոխությունների նվազագույն շեմ, որն անհրաժեշտ է, կրիտիկական եւ անհետաձգելի։ Առանց այդ փոփոխությունների անհնար կլինի երկիրը փրկել գահավիժումից:

Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր
Առավոտ օրաթերթ

Գնաճը հետևանք է