2009 թ. նոյեմբերի 6-ին «Գրադարանը յուրահատուկ հաստատություն է» եւ 2010 թ. սեպտեմբերի 9-ին «Մնաց ընթերցող գտնեն» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» դրամաշնորհային ծրագիրը՝ ՀՀ մարզերի գրադարանների համար: Մրցույթի արդյունքում ընտրվել է 10 գրադարան, որոնք ստացել են մոտ 36 միլիոն դրամ՝ ինչպես տեխնիկական վերազինման եւ գրքերի ձեռքբերման, այնպես էլ նորոգման համար:
Արարատի եւ Արագածոտնի մարզերի գրադարաններում իրականացվել են կոսմետիկ նորոգումներ, տեղադրվել ջեռուցման համակարգ կամ օդորակիչ, Չարենցավանում վերանորոգվել է ընթերցասրահների մեկը եւ այլն: Բոլոր գրադարաններն էլ նվեր են ստացել ավելի քան հարյուրական կտոր գրականություն, համակարգիչներ, սեղաններ, աթոռներ, գրապահարաններ:
Ծրագիրը ավարտվել է: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ տվեց ծրագիրը եւ կունենա՞, արդյոք, շարունակություն: «Մենք հուսով ենք, որ երկու շարունակություն կունենա: Մեկը՝ կփորձենք ամերիկացիների հետ արդեն սկսված համագործակցությունը շարունակել, եթե ոչ այս գրադարաններից բոլորի, գոնե դրանց մի մասի ֆոնդերը ավելացնել, համալրել, հատկապես մանկական գրքերով: Մյուս ուղղությունը՝ փորձում ենք այլընտրանքային աղբյուրներ գտնել փոքր ծրագրերի համար: Այնքան գրադարան ունենք ու կարիքներն էլ այնքան շատ են, որ այս ամենը մեկ ծրագրում դնես՝ անհաղթահարելի կթվա: Բայց եթե բաժանես… Եթե արդեն նորոգ ու ջեռուցվող գրադարան ունենաս՝ կսկսես գրքեր բերել: Հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որ դրսից գրքեր բերենք այստեղ: Հիմնականում՝ օտարալեզու, բայց նաեւ այնտեղ հրատարակված հայերեն գրքեր»,- ասաց տիկին Ղազարյանը:
«Սիվիլիթաս» հիմնադրամը գյուղի համար այլ ծրագիր է իրականացրել: Գյուղին իր ինքնարժեքով հանձնում է գյուղտեխնիկա, ասենք՝ տրակտոր: Գյուղացին դրա դիմաց քիչ-քիչ վճարում է, կուտակված գումարով նույն գյուղի մեկ այլ բնակչի համար է ծրագիր արվում: «Սիվիլիթասի» տնօրենին հարցրինք՝ ո՞ր ծրագիրը ավելի ոգեւորությամբ ընդունվեց՝ գյուղտեխնիկայի՞, թե՞ գրադարանների: «Գրադարանը ուրիշ բան է: Գրադարանը պետք է բոլորին պատկանի: Կարծում եմ՝ չարժե բաղդատել-համեմատել մշակութային եւ տնտեսական ներդրումները: Անիմաստ է այս երկուսը մրցակցության մեջ դնելը, երկուսն էլ պետք են եւ երկուսն էլ օգտագործվում են: Մեր ծրագրի իրականացման համար ընտրել ենք այն գրադարանները, ուր տեսել ենք, որ ե՛ւ գրադարանավարը, ե՛ւ բնակչությունը գնահատում են եւ օգտվում են: Գրադարանը պիտի ավելի լայն, ընդարձակ իմաստով օգտագործենք: Գրադարանը միայն գեղարվեստական գրականության համար չէ: Սա նաեւ հավաքվելու, նստելու, խոսել-բանավիճելու, մտքեր փոխանակելու, անջատվելու, ինքդ քեզ գտնելու, գիտելիքներ որոնելու տեղ է: Նման ուրիշ տեղ կա՞, ուր մարդը կարող է անջատվել ու ինքն իր վրա աշխատել»,- ասաց տիկին Ղազարյանը, հավելելով, որ առանց երեխայի մեջ գրադարան հաճախելու, գունավոր գիրքը ձեռքը վերցնելու, ընթերցանության նկատմամբ սեր սերմանելու՝ անիմաստ է այլ ծրագրեր իրականացնելը:
Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ գրադարանների ծրագիրը կյանքի է կոչվել «Սիվիլիթաս» հիմնադրամի, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, հասարակության եւ միջազգային հանրության համագործակցությամբ: Արդյունքում՝ գրադարանը իրեն զորավոր է զգում: