Դիտել

-Ինչպես և սպասվում էր, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ մինչև Ապրիլի 24-ը հանրային  և լրագրողական հետաքրքրությունն աճեց: Մինչև Ապրիլի 24-ը մարդիկ սպասում էին, թե ինչ է ասելու հանրապետության նախագահը իր արդեն հայտնի ուղերձում և ինչ է ասելու Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում: Հիմա հայտնի է,թե ով ինչ ասաց և ինչ չասաց և ինչ իրավիճակում ենք: Հետայսու, դժվար թե այնքան շատ տեղեկատվական առիթներ լինեն, որ մենք անընդհատ և շարունակաբար անդրադարձներ ունենանք, ինչպես նախորդ ժամանակաշրջանում էր, բայց հիմա էլ ամփոփիչ մեկնաբանություններ կան և լինելու են գոնե այս ժամանակաշրջանում: “Երկրի հարցը” ծրագրում ես այսօր զրուցելու եմ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Բարի երեկո:

Բարի երեկո:

-Դուք արդեն մեկնաբանել եք ստեղծված իրավիճակը: Դուք ասել եք, որ Հայաստանի իշխանությունները ընտրեցին ամենաանբարենպաստ տարբերակը: Ինչու՞ եք համարում, որ անբարենպաստ տարբերակ է ընտրվել: Ի վերջո, ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Գործընթացը այսպես թե այնպես, հրամանագրով, ուղերձով կամ առանց հրամանանգրի ու ուղերձի կասեցված չէ՞ր: Մենք հայտարարում էինք, որ չենք վավերացնի, մինչև Թուրքիան չվավերացնի, Թուրքիան էլ հայտարարում էր, որ չեն վավերացնի քանի դեռ ղարաբաղյան հարցում առաջընթաց չլինի: Հիմա  ի՞նչ փոխվեց այս ուղերձով, պաշտոնապես կասեցումով, որ ասում եք, թե ամենաանբարենպաստ  տարբերակն է ընտրվել:

Երբ քայլ է արվում, պետք է մտածել, թե այդ քայլով ինչ խնդիր ենք ուզում լուծել: Ստորագրվել էին արձանագրությունները: Թուրքիան խոստումներ էր տվել, այսինքն պետք է սահման բացել, բայց դրժեց. մի խոսքով ձգձգում էր, չէր վավերացնում, բայց մյուս կողմից՝ շահարկում էր գործընթացը: Ստացել էր՝ ինչ ուզում էր ստանալ: Թուրքիան արդեն սկսել էր ակտիվ ներգրավվածություն ունենալ ԼՂ հարցում, դա կասեցնելու համար հայկական կողմից պետք է ինչ-որ քայլ արվեր: Եվ արվեց ինչ-որ մի քայլ: Հիմա նայենք այդ քայլն իրավիճակը փոխե՞ց, թե՞ ոչ: Ոչ́: Ես կարծում եմ, որ Թուրքիան հիմա շատ ավելի հանգիստ ու ազատ ներգրաված կմնա ԼՂ հարցում: Եթե նախկինում ստորագրություններ կային, գործընթացն ընթացքի մեջ էր, ոչ ոք պաշտոնապես չէր սառեցրել, միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա անընդհատ ճնշում կար: Թուրքիան զուգահեռաբար զբաղվում էր ԼՂ հարցով, շահարկում էր ամբողջ գործընթացը: Հիմա այդ բոլորը շարունակելու է անել առանց միջազգային հանրության ճնշման: Այսինքն՝ մենք արեցինք այն, ինչ Թուրքիան ցանկանում էր երկար ժամանակ: Տվել ենք այդ հնարավորությունը: Եվ այսօր Թուրքիան ակտիվ շարունակելու է  շահարկել այդ արձանագրությունների բովանդակությունը և արդեն ազատորեն ներգրաված է լինելու ԼՂ հարցում:

-Այսինքն Թուրքիայի համար ավելի ձեռնտու էր այս որոշումը, քան մե՞զ համար:

Միանշանակորեն: Կես տասնյակ տարբերակներ կային: Սա ամենից ոչ ձեռնտու տարբերակն էր: Եթե նախագահը ստիպված էր սա անել, եթե, ինչպես իր ուղերձում ասում էր, որ Օբաման է խնդրել, Սարկոզին է խնդրել, այլք խնդրել էին, որ  ստորագրությունները հետ չվերցնի և ինչ-որ բան ուզում էր անել, համենայն դեպս երևի ավելի ճիշտ կլիներ ոչինչ չանել: Առնվազն ճնշումը Թուրքիայի վրա կշարունակվեր, խնդրողներն էլ նմանապես գոհ կլինեին հայկական կողմի՝ ոչինչ չանելու համար: Բայց ընտրել այս տարբերակը, որը համարյա համազոր է ոչինչ չանելուն, բայց պաշտոնապես հայտարարել, որ սառեցնում ենք, ես կարծում եմ, որ Թուրքիայի ձեռքերը ամբողջությամբ ազատում ենք:

– Բայց մեր իշխանություններն էլ հայտարարում են, որ այս փուլից Հայաստանը հաղթանակած է դուրս եկել, Հայաստանը միջազգային վարկը բարձրացրել է, այլևս նախկինի պես ջերմ չեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, Հայոց ցեղասպանության հարցը ավելի շատ է շրջանառվում, ավելի շատ է խոսվում, եվրոպական երկրների խորհրդարաններում է արդեն ներառվում, նույնիսկ Թուրքիայում հրապարակային միջոցառում է արվում և այլն: Ես կարող եմ շարունակել այս փաստարկները: Այսինքն, հիմնավոր չե՞ն այս փաստարկները:

Ես նորից նույն հարցն եմ տալու: Երբ Հայաստանը սկսեց այս արձանագրությունների գործընթացը, ի՞նչ խնդիր էինք ուզում լուծել՝ սահմանը բացել: Սահմանը բացվե՞ց: Սահմանը չբացվեց:  Թուրքիային մենք զիջումներ արեցի՞նք:  Արեցինք: Թուրքիայի երեք պահանջներից երկուսը արձանագրությունների մեջ բավարարվել է, երրորդը Թուրքիան փորձում էր բավարարել: Հաճախ այն հարցը, որ մենք մեզ տալիս ենք, որ եթե իսկապես այս արձանագրությունները Թուրքիայի համար շատ լավն էին, Թուրքիան ինչու՞ չի վավերացնում…

– Ես հիշեցի արտգործնախարարի այն հռետորական հարցը, որ եթե նախապայմաններ կան, ապա ինչու՞ Թուրքիան չի վավերացնում:

Եթե սովորական քաղաքացին այդպիսի հարց տա, ինձ համար հասկանալի կլինի: Այնքան ակնհայտ է. Թուրքիան ստացել է իր երեք նախապայմաններից երկուսը, ուզում է երրորդը ստանալ: Սա այնքան պարզ ճշմարտություն է, որ դրա մասին հարց տալը, կարծում եմ, մոլորության մեջ գցելու ինչ-որ փորձ անել է: Այնպես որ, մենք մեր առաջ դրած խնդիրը այս մեկուկես տարվա ընթացքում  չկարողացանք լուծել, դրա դիմաց տվել ենք թուրքերին այն, ինչ ցանկացել են՝ երկու նախապայմանները: Լարվածություն ենք ստեղծել  Սփյուռքի և Հայաստանի միջև: Մեր հասարակությունը կիսված է այս հարցում, բայց դիմացը ոչինչ չենք ստացել: Առավել, ես կարծում եմ, որ ԼՂ հարցում արդեն բացասական հետևանքներ կան: Սեղանի վրա կա մի փաստաթուղթ, որը մեզ համար ձեռնտու չէ: Առաջին անգամ  Ադրբեջանն արդեն ասում է, որ ընդունում է այդ փաստաթղթի բովանդակությունը: Եվ այս բոլորի հիմնական պատճառը հայ-թուրքական գործընթացն է, Թուրքիայի ներգրավվածությունը: Բայց այս բոլորը ներկայացնել, թե մեզ համար լավ է, որովհետև միջազգային հանրությունը մեր քայլերը ողջունում է, սա շատ վտանգավոր միտում է: Ես ուզում եմ իսկապես սրան անդրադառնալ: Երբ միջազգային հանրությունը մի հարցի շուրջ կարծիք է հայտնում, պետք է առաջին հերթին մենք մեզ հարց տանք, թե որոնք են միջազգային հանրության՝ գնահատական տալու չափանիշները: Օրինակ, Հայաստանի ժողովրդավարության մասին երբ կարծիք են հայտնում, կան հստակ չափանիշներ՝ “Ֆրիդոմ Հաուսը”, մյուսները, հստակ չափանիշներ ունեն: Մամուլի ազատության մասին երբ կարծիք են հայտնում, հստակ չափանիշներ կան: Միջազգային հանրության չափանիշները ուզում եմ հասկանալ, թե որոնք են ԼՂ հարցում կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Ես վստահեցնում եմ, որ միջազգային հանրության չափանիշը, նրանց պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ԼՂ հարցի լուծման գործում բացարձակապես չեն համապատասխանում մեր ազգային շահերին: Այնպես որ, «միջազգային հանրությունը ողջունում է մեր քայլերը» խոսքերը ներկայացնել որպես արդարացում մեր վարած քաղաքականության, շատ վտանգավոր միտում է, և մեզ ոչ մի լավ բան չի տա: Երկրորդ, ասվում է, որ միջազգային մամուլում Հայաստանի մասին անընդհատ խոսվում է: Ես կուզենայի Հայաստանի մասին խոսվեր բոլորովին այլ կոնտեքստում. ինչ հրաշք երկիր է Հայաստանը,  որ ինչպես կարճ ժամանակում  դարձավ ժողովրդավար պետություն, թե ինչպես է տնտեսությունն աճում, ինչպիսի ազատություններ կան այստեղ, որ այս տարածաշրջանում բարդ իրավիճակներում ժողովրդավարության կղզյակ է դարձել: Այդ ժամանակ ես իսկապես կհպարտանայի, որ միջազգային մամուլը խոսում է Հայաստանի մասին: Բայց երբ իրադարձություն կա, Ղարաբաղի հարց կա, հայ-թուրքական գործընթաց կա, բնականաբար պիտի խոսեն, բայց հարց տանք, թե ինչպես է ներկայացվում: Օրինակ, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը. գիտե՞ք թե ինչպես ներկայացվեց “Բի Բի Սի”-ում: Ընդհամենը կես րոպեանոց լուր էր: Ասվեց, որ հայկական կողմը սառեցրեց գործընթացը, այն գործընթացը, որը նախատեսում էր ցեղասպանության հարցի շուրջ հանձնաժողով ստեղծել: Այդպես  ներկայացվեց: Եկեք հարց տանք, երբ Հայաստան անունն է շոշափվում, ի՞նչ կոնտեքստում է շոշափվում: Այսինքն հրապուրվել, որ միջազգային հանրությունը ողջունում է մեզ և նաև միջազգային հանրությունը կամ մամուլը Հայաստանի մասին շատ է խոսում և դա ընդունել որպես չափանիշ և գնահատական մեր արտաքին քաղաքականության հաջողության կամ ձախողման , սա մեզ ոչ մի դրական բան չի տա:

– Պրն. Օսկանյան, ես ծանոթ եմ ձեր նախկին հրապարակումներին և հոդվածներին:  Բոլորովին վերջերս՝մեկ կամ մեկուկես ամիս առաջ հրապարակում եղավ այսպիսիվերնագրով՝ «Նոր մեկնարկ Կովկասում»: Դուք առաջարկում էիք, որ երկու երկրների ղեկավարները խոսեն իրար հետ առանձին ու անմիջականորեն, որ երկու կողմերնէլ պետք է կանգ առնեն սթափ քննեն իրավիճակը: Հիմա երկու երկրների ղեկավարները խոսել են , կանգ են առել, քննում են իրավիճակը, սա չէ՞ր ձեր առաջարկը:

Պետք է շատ լուրջ բանակցություններ վերսկսեն զրոյական վիճակից: Նախ ասեմ, որ չեմ ընդունում այն բացատրությունը, թե լավ, ի՞նչ ենք կորցրել այս մեկ, մեկուկես տարվա ընթացքում, փորձել ենք՝ չի ստացվել, նորից կսկսենք, ոչինչ չենք կորցրել: Շատ բան ենք կորցրել: Մենք տվել ենք թուրքերին այն, ինչ ուզում են: Դրանով ցույց ենք տվել թուրքերին և միջազգային հանրությանը, որ մենք պատրաստ ենք հրաժարվելու մեր պատմական իրավունքներից, որ մենք պատրաստ ենք ընդունել հանձնաժողով ցեղասպանության հարցի շուրջ, իսկ ամենամեծ վնասը, որ մենք կրել ենք ԼՂ հարցում է, որ հետագայում է երևալու: Դրա նախանշաններն արդեն կան, որ արտահայտվել է արդեն փաստաթղթի ձևով: Այնպես որ ասել, թե զրոյական վիճակի ենք վերադառնում, սա  անընդունելի է: Ես ուզում եմ, որ երկուստեք համաձայնության գալով, հասկանալով, որ այս փաստաթուղթը չի կարող հիմք ծառայել երկու երկրների միջև նորմալ հարաբերությունների հետագա զարգացման համար, պետք է մի կողմ դնել այս փաստաթուղթը և գնալ նոր բանակցությունների ճանապարհով:

– Մեր իշխանությունը, մեր արտգործնախարարն ասում է, որ նոր բանակցությունների կարիք, անհրաժեշտություն չկա: Բանակցել ենք, հո տուն-տունիկ չի՞:

Սխալ փաստաթուղթ է բանակցվել, ակնհայտ է, չէ՞: Առաջին օրվանից ինձ համար այս բոլորը տեսանելի էր: Այսօր բոլորը համոզվում են, որ սխալ ճանապարհով են գնացել և սա բերել է ձախողության: Եթե ամբողջությամբ տապալվի, շատ ավելի բարդ է լինելու վերականգնել  հայ –թուրքական հարաբերությունների սկիզբը, և դա իսկապես կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ երկու երկրների, հատկապես Հայաստանի համար: Այնպես որ, հիմա է պահը, որ ամենաբարձր մակարդակով պետք է վերսկսել բանակցությունները, փոխադարձաբար ընդունել, որ այս փաստաթուղթը չի կարող հիմք ծառայել և գնալ շատ ավելի պարզ փաստաթղթի բանակցման ճանապարհով` զուտ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ճանապարհով: Դրանով մենք կբերենք մեր հարաբերությունները նորմալ իրավիճակի: Դրանից հետո միջկառավարական մակարդակով հնարավոր է քննարկել ցանկացած խնդիր, որ խոչընդոտ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:

– Պրն. Օսկանյան, Դուք ասում եք՝ նոր բանակցություններ, նոր մեկնարկ: Երկուստեք ընդունում են այս փաստաթղթերի թերությունները, համաձայնում են, որ սրանք չենցրում բոլոր մտահոգությունները և նոր բանակցություններ եք առաջարկում: Հայաստանի արտգործնախարարը նոր բանակցությունների անհրաժեշտություն չիտեսնում: Սա ձեր և ներկա արտգործնախարարի միակ տարաձայնությունը չէ: Այդ ամբողջ ժամանակաընթացքում անընդհատ եղել են տարբեր մոտեցումներ: Հիմա ի՞նչպիտի ենթադրել: Արդյոք ՀՀ ձեր ժամանակների արտաքին քաղաքականության և ներկայիս արտաքին քաղաքականության շարունակականության խզման մասին է՞խոսքը: Խախտվե՞լ է այդ շարունակականությունը:

Ամենակարևորագույն հարցերի շուրջ, իհարկե, խախտվել է: Հայ-թուրքական հարաբերությունները բոլորովին ուրիշ ուղղությամբ են գնացել, ԼՂ հարցում բոլորովին այլ զարգացումներ կան այսօր: Հայաստանի տարածաշրջանային քաղաքակնությունն անգամ շարունակականությունը չի պահպանել: Շատ պարզ բան ասեմ: Կոմպլեմենտարիզմն այսօր չկա, այսօր ես չեմ տեսնում, թե որն է մեր տարածաշրջանային քաղաքականության խարիսխը: Կոմպլեմենտարիզմը մի կողմ է դրվել, բայց դա չի փոխարինվել ինչ-որ մի նոր կոնցեպտով, գաղափարախոսությամբ: Այսօր անորոշ իրավիճակ է: Տարածաշրջանային մեր քաղաքականությունը, որ ամենակարևորն է, դրա շուրջ է ամեն ինչ ծավալվում, այսօր բացակայում է: Եվ դրա համար տարբեր երկրներ Հայաստանին տարբեր ձևով են ընկալում: Այսինքն ես կասեի, որ կոմպլեմենտարիզմ է իրականացվում  հակառակ ուղղությամբ: Ռուսաստանը հավանաբար ընկալում է, որ մենք ավելի դեպի ամերիկյան կողմն ենք գնում, ամերիկացիներն ընկալում են, որ ավելի դեպի Ռուսաստան ենք գնում: Առաջ, որովհետև կար կոմպլեմենտարիզմ և շատ հստակ մենք այդ բոլորրը ներկայացնում էինք, շատ ավելի ընկալելի էր: Այսօր բացակայում է այդ խարիսխը, որի շուրջ ծավալվում է մեր քաղաքականությունը: Այնպես որ, շարունակականության մասին, այո, խոսվում է, բայց ճիշտն ասած ես չեմ նկատում գործնական քայլերի առումով: Ի վերջո, տասը տարի այդ քաղաքականությունը ես եմ վարել, լավ եմ պատկերացնում և երբ համեմատության մեջ եմ դնում այն, ինչ այսօր է արվում և նախորդ տասը տարիներին է արվել, ընդհանուր եզրեր չկան:

– Պրն. Օսկանյան, Դուք ասում եք՝ շարունակականությունը խախտվել է: Օրերս Հայաստանի արտգործնախարարը խոսել է 2005 թվականի Էրդողանի նամակի մասին, որ ուղարկվել էր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախագահի պատասխան նամակի մասին: Պրն. Նալբանդյանն ասում է, թե ստորագրված արձանագրությունների մեջ նկատի են առնվել այն դրույթները, որոնք ոչ թե վարչապետ Էրդողանի նամակի, այլ պատասխան նամակի մեջ էին: Իսկապես՝ ի՞նչ դրույթներ էին, որ պրն. Քոչարյանի նամակի մեջ էին, որոնք ներառվել են այսօրվա ստորագրված  արձանագրությունների մեջ:

Ռոբերտ Քոչարյանի նամակը հրապարակվել է: Նմանություն չկա այդ նամակի բովանդակության և արձանագրություններում տեղ գտած այդ երկու՝ մեզ համար կարևորագույն հարցերի միջև: Ռոբերտ Քոչարյանի նամակի մեջ ընդհանրապես սահմանների հետ կապված խոսք չկա, իսկ հանձնաժողովի հետ կապված բոլորովին այլ ձևակերպումներ են եղել, որ ամբողջությամբ ընդունելի էր մեր ժողովրդի համար, այսօր էլ ընդունելի կլինի:

– Հիմա հայտարարվում է, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ կլինի առաջ շարժվել, եթե  Թուրքիայում նորից տեսնի գործընկերների, որոնք պատրաստ կլինեն առանց նախապայմանների գնալ առաջ: Եվ կամ համոզված լինի, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ: Հիմա նոր համապատասխան մթնոլորտի համար ի՞նչ ազդակներ են պետք,առաջիկայում տեսնու՞մ եք նման ազդակներ: Ռուսաստանի նախագահի առաջիկա այցը Թուրքիա կարո՞ղ է նոր ազդակ լինել և նոր մթնոլորտ ստեղծել, որ գործը առաջ շարժվի:

Չգիտեմ, բայց ամեն ինչ հանձնել թուրքական կողմին, ես կարծում եմ, որ ճիշտ չէ: Արդեն  այս արձանագրությունների հետ կապված ընթացքը այնպիսի զարգացում էր ստացել, որ Հայաստանը արդեն ազդեցություն չուներ գործընթացի վրա: Այս վերջին մեր քայլով և նման հայտարարությամբ մենք ընդհանրապես հրաժարվել ենք ամեն ինչից: Այսինքն մենք ասել ենք՝ գիտեք այդ արձանագրությունների  բովանդակությունը մեզ համար դեռ ուժի մեջ է, երբ Թուրքիան պատրաստ լինի, մենք էլ պատրաստ կլինենք: Այսպիսի բան կլինի՞: Ես չեմ հասկանում, զարմանում եմ: Միգուցե որովհետև այդ ճանապարհն եմ անցել, ինձ համար այս բոլորը տարօրինակ է թվում,  մեր հասարակության համար նորմա՞լ է: Կասկածում եմ: Ինչպե՞ս կարելի է բովանդակությանը ձեռք չտալով՝ ուղղակի խորհրդարանի քառօրյայի օրակարգից ընդամենը դուրս հանել և ասել, որ մենք պատրաստ ենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի: Բացատրություն չունեմ և բառեր չեմ գտնում, ինչ ասեմ, զայրույթս արտահայտեմ, թե դժգոհությունս արտահայտեմ: Եկեք մտածենք, թե ինչ ենք ասել. ասում ենք մենք պատրաստ ենք,  երբ դուք պատրաստ լինեք: Ինչու՞ ենք ամեն ինչ թուրքերին հանձնում:

– Իսկ Թուրքիայում ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

Թուրքերը մեր վերջին հայտարարությունից շատ  գոհ են: Իհարկե, միշտ էլ քննադատներ կլինեն: Նաև իրենց ներքին քաղաքականությունն ունեն, բայց մեծ հաշվով հայկական կողմն արեց այն, ինչ Թուրքիան էր ուզում: Ես մի քանի կարևոր մարդկանց, մեկնաբանների վերլուծություններն եմ կարդացել, որոնք ասում են, որ հիմա շատ հարմար իրավիճակ է ստեղծվել: Այսինքն, օրակարգից չի հանվել, ափսոս կլիներ, եթե հանվեր, ստորագրությունը Հայաստանը հետ չի քաշել: Ամեն ինչ մնում է ուժի մեջ, ավելի բարենպաստ պայմաններ կլինեն, կանդրադառնանք այս հարցին:

– Ես օրերս «Մարմարա» թերթում ծանոթացա մի հրապարակման այն մասին, որ Դավութօղլուն բացատրություններ է տվել իրենց  խորհրդարանում այս գործընթացի վերաբերյալ, և «Մարմարայի» մեկնաբանի տպավորությունը շատ վստահ, լավատեսական էր, որ Կովկասում իրավիճակը այսպես չի մնալու, որ սահմանները բացվելու են, ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական: Որտեղի՞ց է այդ վստահ լավատեսությունը, ի՞նչ հիմքեր կան:

Առաջին օրվանից էլ այդպես է եղել, եթե այլ կերպ ասեր Դավութօղլուն, ես շատ կզարմանայի: Այսինքն, նրանք պահպանում են հետևողականությունը: Իրենց գործընթացն է հետաքրքրում: Իհարկե, Դավութօղլուն այդպես  պետք է ասի: Իսկ ի՞նչ ասի, որ չէ, ամեն ինչ փակվել է, որպեսզի իրավիճակը փոխվի՞: Ոչ, իրենց պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ամեն ինչ ուժի մեջ է, ամեն ինչ լավ է լինելու: Մեր հայտարարությունից հետո ամեն երկրորդ քաղաքական գործիչը, մեկնաբանը դրա մասին է խոսում, որ այս արձանագրությունները չեն մահացել, ուժի մեջ են, ընդամենը մի քիչ հետաձգվել է ավելի բարենպաստ պայմաններում կենդանանալու և շարունակվելու է: Սա է թուրքերին պետք, և մենք դա իրենց ձեռքում ենք թողել:

– ԼՂ հարցում ի՞նչ ունենք: Այստե՞ղ էլ  փակուղային իրավիճակի հեռանկար է:

Ինձ մտահոգում է մեր իշխանությունների՝ արդեն սովորություն դարձած բնավորությունը: Հայ-թուրքականի մասով էլ ժխտողականություն կար, ասում էին,  որ ամեն ինչ նորմալ է: Նույնը այսօր ԼՂ մասով է արվում: Ես երբ քննադատություն եմ հնչեցնում, անմիջապես պատասխան է գալիս, որ մի հավատացեք, ամեն ինչ նորմալ է, լավ է, բայց նույնը Թուրքիայի պարագայում էր ասվում: Եվ ես իրոք մտահոգված եմ, որ մենք նույն իրավիճակում ենք հայտնվելու ԼՂ հարցում մեկուկմես տարի հետո, ինչ որ  Թուրքիայի պարագայում հայտնվեցինք: Այսօր փաստ է, որ սեղանի վրա եղած փաստաթուղթը Ադրբեջանի համար ընդունելի փաստաթուղթ է: Այո, նորացված սկզբունքներով փաստաթղթի մասին է խոսքը: Այսօր Մադրիդյան սկզբունքները փոփոխվել են, չգիտեմ սկզբունքներ են փոփոխվել կամ ինչ-որ մանրամասներ, բայց այնպիսի տեսք է ստացել այդ փաստաթուղթը, որ Ադրբեջանի համար արդեն ընդունելի փաստաթուղթ է: Սա վտանգավոր իրավիճակ է: Չի կարելի սա հերքել, ժխտել, մերժել: Ես կարծում եմ՝ իշխանությունները այս մասին ավելի բաց պետք է խոսեն, հրապարակային: Դիվանագիտության մեջ հրապարակայնությունը կարևոր է, միշտ չէ որ գաղտնիությունն է, որ պետք է պահպանել: Տեղեր կան, որ հրապարակայնորեն կարող ես հարցեր լուծել: Մեզ մոտ դա իսպառ բացակայում է: Հիմա նորից կսկսեն մեղադրել, որ մենք միայն ադրբեջանական աղբյուրների վրա ենք հիմնվում: Բայց ի՞նչ աղբյուրի վրա հիմնվենք, եթե բացակայում է հայկական կողմի ինֆորմացիան: Ի վերջո, Ադրբեջանն էլ է մասնակից: Երբ Ալիևը բացում է ամբողջ բովանդակությունը և դրանից հետո ասում է, որ այս բոլորը մեզ համար ընդունելի է, հայկական կողմը լռում, ոչինչ չի ասում, չի էլ հերքում Ալիևի ասածը: Մեզ ի՞նչ է մնում: Ընդունել այդ բոլոր ասածների ճշմարտացիությունը: Այսպիսի իրավիճակ ստեղծվելը ինձ չի զարմացնում: Եկեք չթերագնահատենք թուրքերի ակտիվ մասնակցությունը այս գործընթացում վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ես համոզված եմ, որ թուրքերը շատ բան են փոխել: Այդ փաստաթղթի բովանդակության փոփոխության մի քանի պատճառ կարող  է լինել, բայց հիմնական պատճառը թուրքերի ակտիվ ներգրավվածությունն է: Երբեք չբացառենք, որ այդ փաստաթղթում եղած փոփոխությունը հիմնականում նպատակ է ունեցել ցույց տալու թուրքերին, որ, ահավասիկ, սեղանի վրա կա արդեն մի փաստաթուղթ, որին Ադրբեջանը համաձայն է, մնում է, որ թուրքերը Հայաստանի հետ սահմանը բացեն, կվստահեցնենք, հարցը կլուծվի այս փաստաթղթի բովանդակության ոգով, և  մենք արդեն հնարավորություն կունենանք հայկական կողմի հետ աշխատելու, համոզելու, որ գործընթացը շարունակվի այդ փաստաթղթի հիման վրա: Սա չպետք է թերագնահատել: Երբ ես ահազանգում եմ սրա մասին, ես դա անում եմ մի նպատակով, որ մենք սա գիտակցենք, սրա մասին խոսենք: Արդեն աղմուկ բարձրացնենք, նույնիսկ իշխանությունները հրապարակայնորեն դեմ լինեն այս մոտեցմանը, որ նույն հայ-թուրքական գործընթացի իրավիճակում չհայտվենք: Այս փաստաթղթի վրա պետք է աշխատել, փոփոխություններ կատարել, հետ վերադարձնել ինչ-որ մի տարբերակի, երբ երկու կողմերի համար էլ ոչ ընդունելի էր, ոչ էլ՝ անընդունելի: Այսինքն, երկու կողմերն էլ երբ ընդունում էին բանակությունների հիմք, բայց դեռ շարունակում էին բանակցությունները մանրամասների շուրջ: Այնպես որ, գործընթացը ԼՂ հարցում նույնքան կարևոր է, որքան վերջնարդյունքը, և գործընթացի առումով այսօր մենք բավական բարդ իրավիճակում ենք:

– Թուրքիայի մասին  անընդհատ խոսում ենք, որ ինքն ուզում է իրեն տեղավորել ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որ նա չի կարող անկողմնակալ լինել և դա բացառվում է: Վերջին շրջանում նաև Իրանն է ակտիվություն ցուցաբերում այս հարցի շուրջ: Սրան ինչպե՞ս եք վերաբերում:

Իրանի հետ կապված ես վտանգ չեմ տեսնում: Շատ մեկնաբանություններ են  արվել: Մեծամասնությամբ, կարծում եմ, տրամաբանական էին: Իրանի մոտ միշտ էլ բարի ցանկություն եղել է մասնակցելու, բայց կա Մինսկի գործընթաց, այդպես էլ կշարունակվի: Թուրքական ներգրավածությունն է, որ պետք է կանխել: Մեր իշխանությունները ասում են, որ երբեք թույլ չեն տա: Բայց դա ասելով հանդերձ՝ թուրքերը շարունակում են իրենց  ակտիվ ներգրավվածությունը: Այսօր Էրդողանի, Գյուլի, Դավութօղլուի այցելությունների, հանդիպումների առաջին օրակարգային հարցը ԼՂ հակամարտությունն է: Սա պետք է կասեցնել, որովհետև սրանից  ոչ մի դրական բան մեզ համար չի կարող լինել:

– Ռուսաստանի նախագահն էլ, երբ Թուրքիա մեկնի, օրակարգում կրկին ԼՂ հարցն է:

Սրա մասին հրապարակայնորեն է ասվում: Եվ Թուրքիան է ասում, և մյուս կողմն է ասում: Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը, մեր ազգային անվտանգության հիմնական հարցը Թուրքիան է այսօր քննարկում մեծ տերությունների հետ: Սա պետք է կասեցնել, որովհետև պայմանավորվածություններ կարող են լինել: Նույնիսկ եթե դա չլինի, կարող է դիրքորոշումների ամրապնդում լինել՝ Թուրքիայի ադրբեջանամետ կեցվածքի արդյունքում: Այս բոլորը մեզ համար շատ բարդ իրավիճակ է ստեղծել, բայց խնդիրը, մենք նաև այլ տեսանկյունից պետք է նայենք, որ այսօր լուրջ ներքին քաղաքական բանավեճ տեղի չի ունենում և մենք չենք կարողանում հակակշռել այն, ինչ պաշտոնական դիրքորոշումը տարածում է այսօր հասարակության մեջ: Այընտրանքային կարծիքը չի հասնում և դա իր ազդեցությունը չի թողնում որոշումների կայացման վրա: Որոշումները այսօր կայացվում են միանշանակորեն անկախ ժողովրդի կամքից:

– Քաղաքական խնդիրնե՞րը նկատի ունեք, թե՞ նաև հանրային, տնտեսական, սոցիալական:

Եթե ինձ հարցնես, թե այսօր որոնք են Հայաստանի մեծագույն երկու խնդիրները, ես կասեմ նույն խնդրի երկու երեսներն են: Դա մենաշնորհն է՝ քաղաքական և տնտեսական մենաշնորհը: Այս երկուսը մեծագույն չարիքներն են Հայաստանի  հետագա զարգացման համար: Եվ այս երկուսը իրար հետ այնքան են շաղկապված, որ առանց մեկի վերացման հնարավոր չէ մյուսի վերացումը: Բայց նաև պետք է գիտակցել, որ ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է: Մենք առաջին հերթին պետք է գնանք քաղաքական մենաշնորհի վերացմանը, որ կարողանանք տնտեսական մենաշնորհը վերացնել և նորմալ պետություն կառուցել: Ամեն անգամ, որ այս թեման բարձրացվում է առաջին այդպիսի պատասխանը կամ արձագանքը հետևյալն է` բարդ է, ոչ ոք չի թողնի: Ես վերջերս իմ հարցազրույցում ասել էի, որ Հայաստանի խնդիրների լուծումը ոչ իշխանափոխության, ոչ էլ հեղափոխության մեջ է: Հակակշիռների ստեղծման մեջ է: Ես կարծում եմ, որ քաղաքական մենաշնորհի վերացումը մեր ժողովրդի համար առաջնային խնդիր պետք է դառնա:

– Քաղաքական հակակշիռներ ստեղծելու այսօրվա միտումները ի՞նչ են ցույց տալիս: Տեսնում ենք, թե՞ հեռու ենք դրանից:

Իմ քաղաքական ներգրավվածությունը կարող եմ հայտարարել, որ դրան է միտված լինելու, ես հիմնականում ուզում եմ այդ ուղությամբ աշխատել, որովհետև համոզված եմ, որ միայն այդ ճանապարհով մենք կկարողանանք նորմալ պետություն կառուցել, նորմալ տնտեսություն ունենալ, և սա հասարակության համար ընկալելի մոտեցում է, որովհետև ոչ ոք չի ջատագովում իշխանափոխություն, հեղափոխություն, ոչ ոք չի ասում, թող նրանք գնան, մենք գանք, ոչ ոք չի ուզում մեկի աթոռը: Ուղակի հարց է դրվում, որ մենք ուզում ենք նորմալ պետությունում ապրել, ինչպես այլ քաղաքակիրթ երկրներում է: Առանց քաղաքական հակակշռի հնարավոր չէ սա անել: Իհարկե, իշխանությունները կարող է դա թույլ չտան, բայց իշխանություններին այն պետք է ներքևից պարտադրել: Պետք է գործ ունենալ այսօրվա առկա քաղաքական խմորի հետ` սա է խմորը, չես կարող այն մի կողմ գցել, սրա հետ պետք է աշխատես: Նայել այդ խմորի վիճակը ինչ է և փորձել դրանով ինչ-որ մի բան սարքել: Այսօր այդ խմորը ինչքան էլ որ վատ է, կարելի է լավացնել և այդ խմորից շատ լուրջ ինչ-որ բան սարքել: Հակակշիռը այսօր երկու ձևով է դրսևորում իրեն` կամ իշխանության համակարգի ներսում` երկու քաղաքական ուժերի միջև պետք է հակակշիռ լինի, կամ առնվազն, նույնիսկ եթե ժողովրդավարության արդյունքում այնպես է լինում, որ մի քաղաքական ուժ հսկում է իշխանության բոլոր թևերը, պետք է նա մտահոգված լինի իր իշխանությունը կորցնելու հեռանկարով, եթե ժողովրդի կամքի հակառակ ինչ-որ մի բան անի, այսինքն` ինքնահակակշռի մեխանիզմը աշխատի: Ժողովրդավարության երկու գրավականները սրանք են: Կամ քաղաքական համակարգի ներսում պետք է լինի, կամ եթե դա բացակայում է ինքնահակակշռման մեխանիզմը պետք է աշխատի, այսինքն` պետք է մտահոգված լինեն այսօր իշխանավորները, որ հնարավոր է իշխանություն կորցնեն արդար ընտրությունների միջոցով: Բայց արդար ընտրության մենք կարող ենք հասնել միայն ու միայն այն ժամանակ, երբ մինչև ընտրությունը արդեն հակակշիռները ստեղծված լինեն: Ընտրության օրը այդ հակակշիռները արդեն պետք է գոյություն ունենան, որպեսզի մենք կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնենք:

 

– Այդ հակակշիռները պետք է ստեղծվեն մինչև ընտրություններ: Ինչպես են ստեղծվելու: Իշխանության մեջ կա առանցքային կուսակցություն, կոալիցիոն ուժեր և հակակշիռներ հազիվ թե ստեղծվեն: Քաղաքական դաշտում ունենք ընդդիմության և հակակշիռներ են մեկը մեծ մասով արտաքին քաղաքականության հարցերում, մյուսը` ներքաղաքական: Դուք ասում եք, որ Ձեր քաղաքական ներգրավվածության նպատակը քաղաքական հակակշիռներ ստեղծելն է: Նպատակը հասկանալի է, իսկ մեխանիզնե՞րը, ճանապա՞րհը:

 

Այո, այսօր կոալիցիա կա, բայց եկեք չհամարենք, որ այն հավերժ է: Կոալիցիայի մեջ կան քաղաքական ուժեր, որոնք կարող են ինքնուրույն գործել: Կա Դաշնակցությունը, ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ինչպես նաև հնարավոր է նաև այլ քաղաքական ուժեր ստեղծվեն: Ես ինքս դեռ վերջնականապես չեմ որոշել առանձին ուժ ստեղծել, թե եղածներից մեկի հետ աշխատել: Բայց ես ակտիվ քաղաքական ներգրավվածություն ունեմ այսօր: Բոլորը գիտակցում են, որ սա է ճիշտ ճանապարհը: Կարելի է տարբեր կոնֆիգուրացիաներ անել, և այդ հակակշիռը ստեղծել: Դա պետք է անել մինչև ընտրությունները, այլապես մենք չենք կարող նորմալ ընտրություն ունենալ: Այսինքն մինչև ընտրություն արդեն հակակշիռ պետք է լինի, և արդեն արդար ընտրությունների արդյունքում այդ հակակշիռը  պաշտոնականացվի և դրսևորվի խորհրդարանում: Եկեք ցանկացած երկիր վերցնենք` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա` առնվազն երկու մեծ կուսակցություններ կան և կան նաև փոքր կուսակցություններ: Եթե այս երկու քաղաքական ուժերից մեկը մեծամասնություն չի բերում, պատկերացրեք, որ փոքր քաղաքական ուժերը արժևորվում են, որովհետև մեկը մյուսի հետ կոալիցիա կազմելով իսկական իշխանություն են դառնում և ոչ թե ձևականություն է լինում: Այսօր մեզ մոտ կոալիցիան ձևականություն է: Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունի, իսկ մյուսներ պետք չեն, բայց երբ կոալիցիան իսկապես կոալիցիա է լինում, արդեն բոլորը արժևորվում են իրենց տեղում և ամեն ինչ ընկնում է բնականոն հուն: Ուրիշ ճանապարհ չկա: Եթե այդ մեխանիզմը մենք կարողանանք դնել Հայաստանում, դատարաններն էլ նորմալ կաշխատեն, նորմալ տնտեսություն կունենանք, օրենքն էլ արդար կկիրառվի և հավատացեք, որ նորմալ պետություն կունենանք: Այստեղ կոչ չի արվում ոչ իշխանափոխության, ոչ հեղափոխության, այլ կոչ է արվում հակակշիռների ստեղծման: Ես կարծում եմ, որ սա մեր ժողովրդի համար ընկալելի մոտեցում է, և ես համոզված եմ , որ ճիշտ ծրագրավորման դեպքում հնարավոր է սա իրականացնել: Արդեն 20 տարի է անցել, բայց այս պետությունը դեռ իր տեղում կաղում է, մեր հարևանները մեզ անցել են: Ես երբ առաջ այցելում էի հարևան պետություն, վերադառնում էի, ինչ-որ հպարտությամբ, որ մենք 10 քայլ առաջ ենք, բայց երբ հիմա գնում եմ Հայաստանից ու հետ եմ վերադառնում, արդեն շատ բացասական էմոցիաներով եմ հետ գալիս, որ մենք արդեն հետ ենք մնում: Ի՞նչ ենք մենք պատասխանելու մեր զավակներին, հաջորդ սերունդներին, երբ 10 տարի հետո շուրջը նայեն, որ մեր հարևան երկրները մեզանից շատ ավելի բարձր են, իրենց կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան մերն է: Այսօր հնարավորությունը մենք ունենք և պետք չէ այն բաց թողնել: Կարծում եմ, որ լավ հիմքեր են ստեղծվել, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ճիշտ պետություն կառուցելու միակ ճանապարհը ժողովրդավարությունն է, իսկ ժողովրդավարությունը ճիշտ աշխատացնելու հիմանական գրավականը քաղաքական հակակշիռներն են քաղաքական համակարգի ներսում:

 

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը