GerardChaliand– Արդյո՞ք Թուրքիան նոր աշխարհաքաղաքական դերակատարում ունի տարածաշրջանում: «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իսկապե՞ս նոր է, թե՞ դա հին իրականության նոր անվանումն է:
– Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, չնայած ավելի շատ ցուցադրական է, քան իրականում ազդեցիկ, պետք է, այնուամենայնիվ, լուրջ ընկալվի: Երեսունհինգ տարի առաջ իսլամական Մերձավոր Արևելքում առաջատարները Նասերի Եգիպտոսն ու Իրանն էին: Թուրքիան զգալիորեն հետ էր և մեկուսացված, շրջապատված անբարյացակամ հարևաններով` ԽՍՀՄ, Իրան, Հունաստան, Սիրիա, Բուլղարիա:  Այսօր Թուրքիան դե ֆակտո առաջին երկիրն է իսլամական Մերձավոր Արևելքում: Ինչ վերաբերում է «Զրո խնդիր» քաղաքականությանը, դա միայն կարգախոս է: Համենայն դեպս, ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների պարագայում Թուրքիան չի փոխելու վերաբերմունքը ո՛չ Ցեղասպանության խնդրի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

– Արդյո՞ք առաջիկայում Իրանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի կբարդանան:
– Ի վերջո, այո, կբարդանան, թեև չեմ կարծում, որ բանը կհասնի ռազմական միջամտության: Բժեզինսկու նման փորձագետները վերջերս հայտարարում են, որ «միջուկային Իրանը աղետալի հեռանկար է, բայց դա չի նշանակի աշխարհի վերջը. ի վերջո, նրանք ինքնասպան չեն»:
Եթե նույնիսկ պատժամիջոցներ կիրառվեն, դրանք բավականաչափ ազդեցիկ չեն լինի: Իրանը փորձելու է իրեն ապահովագրել: Դա է միջուկային պետություն դառնալու հիմնական նպատակը: Միջուկային զենք ձեռք բերելու դեպքում քեզ այլևս չեն կարող ահաբեկել, ոչ ոք չի կարող ստիպել քեզ խոնարհվել: Արդյոք նրանք կանգ կառնեն միջուկային պետություն դառնալուց մեկ քայլ առաջ, թե մինչև վերջ կհետապնդեն իրենց նպատակը՝ դժվար է ասել:
– Ինչպե՞ս կարող է տարածաշրջանում Քրդստանի Ինքնավարությունը Իրաքում կոնսոլիդացնել քրդական շարժումը:
– Եթե ամերիկյան զորքերը լքեն տարածաշրջանը, ինչպես ծրագրված է 2011թ. վերջին, ով էլ լինի Իրաքի ղեկավարը, անշուշտ փորձելու է թե՛ սուննի, թե՛ շիա արաբների շրջանում լայն կոնսենսուս ձևավորել՝ քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելով: Այնպես որ՝ շատ հավանական է, որ Վաշինգտոնը ստիպված լինի 30-40 հազար մարդուց բաղկացած զինված միավորում թողնել Իրաքում՝ քաոսից խուսափելու համար: Իրանում քրդական շարժումը հետևողականորեն ճնշվել է, իսկ ղեկավարներին սպանել են: Թուրքիայում քրդերը որոշակի մշակութային իրավունքներ ձեռք կբերեն, բայց թերևս ոչ ավելին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փորձում է միավորել քրդերի մի մասին իսլամի հովանու ներքո: Այդ քայլը ուշացած է՝ ազգայնականության վերելքի այս շրջանում, բայց այն կարող է մասնատել Թուրքիայի քրդական շարժումը:
– Հայ-թուրքական գործընթացը կարծես փակուղի է մտել։ Ի՞նչ է լինելու հետո:
– Հնարավոր է, որ Թուրքիան և Հայաստանը «փոքր քայլեր» անեն, բայց չեմ կարծում, որ Թուրքիան կգնա այնպիսի փոփոխությունների, որի կարիքը չունի: Նրանց հայտարարությունները բավարար են Եվրոպական Միությանը գոհացնելու համար: Չեմ կարծում, որ մոտ ապագայում դա հանգեցնի սահմանի բացման:
– Ի՞նչ դերակատարում կարող է Թուրքիան ունենալ Ղարաբաղի կարգավորման հարցում:
– Վստահ եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել և առաջիկայում չի փոխվելու: Թուրքիան միանշանակ շարունակելու է աջակցել Ադրբեջանի բոլոր պահանջներին: Ի՞նչ շահ ունի Թուրքիան Ղարաբաղի հարցում դիրքորոշումը մեղմացնելուց:
– Կոսովոյի անկախացումից հետո արդյոք կա՞ հնարավորություն այլ նման դեպքերի համար։
– Կոսովոն անկախացավ ԱՄՆ-ի կամքով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այս դեպքում Կոսովոյի նախադեպը հազիվ թե աշխատի, քանի որ շատ բան այստեղ կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, իսկ Ռուսաստանին անհրաժեշտ է պահպանել կապերը Ադրբեջանի հետ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանները միջազգային հանրության կողմից ընկալվում են անքակտելի: Ինքնորոշումը շատ փոփոխական սկզբունք է: Այն չի գործում, օրինակ, նախկին Իսպանական Սահարայի պարագայում, քանի որ Մարոկկոն, որը բռնակցել է այդ տարածքը, արևմուտքի դաշնակիցն է: Արևելյան Թիմորի պարագայում այս մոդելն աշխատեց ինդոնեզական զորքերի կողմից լայնամասշտաբ կոտորածներից հետո: Հարավային Սուդանում շուտով ինքնորոշման հանրաքվե է անցկացվելու: Հնարավոր է այն արդյունք չտա, բայց կարևորն այն է, որ սկզբունքն ընդունվել է, թեև Ղարաբաղի դեպքում, կարծում եմ, իրավիճակն այլ է:
– Ինչպիսի՞ն է Հայաստանի այսօրվա ընկալումը արևմուտքում, Եվրոպայում: Արդյո՞ք Եվրոպան, երկրի առաջընթացի առումով, հույսեր է կապում Հայաստանի հետ։
– Հայաստանն ընկալվում է հիմնականում երկու խնդրի համատեքստում՝ Ցեղասպանության և Ղարաբաղի: Արևմուտքում բավական մեծ զգացմունքային աջակցություն կա Ցեղասպանության ճանաչման խնդրի հանդեպ: Մյուս կողմից՝ պետությունների ու նավթային ընկերությունների համար Ղարաբաղի խնդիրը լարվածություն է առաջացնում:  Այդ առումով Ցեղասպանության ու Ղարաբաղի խնդրի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ դառնալուն, այսօր Եվրոպայում կարծես այդ առումով հույսերը մեծ չեն՝ չնայած պատմականորեն ձևավորված դրական ընկալմանը:
– Որո՞նք են Հայաստանի ներքին խնդիրներից կարևորագույնները։
– Հայաստանը, ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գոյացած շատ նորանկախ պետություններ, չունի առաջնորդներ, որոնք ունեն պետության ընտրած ճանապարհի մասին հստակ պատկերացում, մեծ օրակարգ: Արդյոք պատրաստվո՞ւմ են նոր էլիտաներ: Արդյո՞ք որևէ մեկը պետության շահը սեփական շահից բարձր է դասում: Սրանք են հարցերը, որոնց պատասխանները մեծ հույս չեն ներշնչում:
– Հաճախ փաստարկներ են հնչում, որ աշխարհում քիչ չեն այնպիսի երկրները, որտեղ ժողովրդավարության հետ կապված, մեղմ ասած, խնդիրներ կան, բայց երկիրը տնտեսապես զարգանում է՝ անկախ արևմուտքի վերաբերմունքից:
– Տարբերությունն այն է, որ Հայաստանը չունի նավթային կամ որևէ այլ լուրջ ռեսուրսներ և աշխարհին առաջարկելու այլ բան, քան ժողովրդավար զարգացող պետությունն է: Այդ առումով ժողովրդավարացումը, դրան զուգահեռ նաև տնտեսության զարգացումը, նոր էլիտայի պատրաստումը Հայաստանի միակ հնարավոր հարստությունը կարող է լինել:

Թուրքիան չի փոխելու վերաբերմունքը ո՛չ Ցեղասպանության խնդրի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ