Դիտել

Պարոն Օսկանյան, Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն այժմ կարծես թե սևեռված է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլին: Բայց արդյո՞ք այդ ուշադրությունն այլեւս ավելորդ չէ եւ արդյո՞ք արդեն ինչ-որ բաներ կանխորոշված չեն, եւ դրանց վրա ուշադրությունն ընդամենը նպաստում է այլ, առավել կարեւոր խնդիրներն անուշադրության մատնելուն:

Այս արձանագրութունների ստորագրումից հետո, մնացածն ինձ համար արդեն տեխնիկական խնդիր է, որի քննարկումն ինքնին գրեթե իմաստազուրկ է: Ինձ համար դեռևս անընդունելի, անհասկանալի և անբացատրելի է, թե ինչպես է անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ պարտավոր է պաշտպանել սեփական շահերը, առանց երկար մտածելու ստորագրում  մի փաստաթղթի տակ, որն աներկբայորեն հակասում է մեր ազգային շահերին: Իսկապես, ինչպես ձեր հարցում նշում եք, ստեղծված իրավիճակն անհեթեթ է, երբ այսպիսի ակնհայտ կապիտուլյացիայից հետո մենք դեռ ազգովի սպասում և քննարկում ենք, թե ինչ կանի Թուրքիան, կբացի սահմանը, թե չի բացի: Գնդակն իրոք Թուրքիայի դաշտում է, բայց դրանով հպարտանալու առիթ չեմ տեսնում: Այսքան զիջումներից հետո գոնե գնդակը մեր դաշտում պետք է լիներ: Մենք մեր ողջ ռեսուրսն ու էներգիան վատնում ենք մեր հսկողությունից դուրս եկած այս գործընթացի վրա, որի հետևանքները չեզոքացնելու համար ապագայում հայտնի չէ, թե որքան ուժ ու ժամանակ է պահանջվելու:

 

Պարոն Օսկանյան, ի վերջո, որտեղի՞ց  կամ ինչի՞ց է սկսվում երկրի արտաքին քաղաքականությունը: Կարո՞ղ է այն կտրված լինել երկրի ներսում առկա իրավիճակից, տնտեսական, քաղաքական, իրավական, մշակութային հարթության վրա չլուծված բազմաթիվ հիմնարար խնդիրներից եւ այդ պայմաններում որակապես տարբերվել այդ խնդիրների պատճառով առաջացած ներքին լարված իրավիճակից:

Գիտեք, ես վստահ եմ, որ եթե իշխանությունները հայ-թուրքական այս գործընթացի մեջ դրված ահռելի ժամանակի ու էներգիայի մի մասը գոնե ծախսեին ներքին խնդիրների լուծման վրա, արդյունքը նույնիսկ իրենց կզարմացներ: Հայաստանը փոքր երկիր է, և վստահեցնում եմ, մեր ժողովուրդը շնորհակալ ժողովուրդ է: Երկրի ներսում խնդիրները լուծելուն ուղղված մի փոքր ջանքը շատ ավելի մեծ պտուղներ կբերի, և ժողովուրդը դա կգնահատի:

Հայաստանում առկա անորոշ եւ անհասկանալի իրավիճակը թերեւս լավագույն արտահայտությունը գտնում է տնտեսության մեջ: Այստեղ առկա է մոտ 18 տոկոս անկում, սակայն ավելի մտահոգիչը թերեւս այն է, որ չկա մոտավոր կանխատեսելիություն, թե ինչ է լինելու հետո, ինչպիսի տնտեսություն է վերականգնվելու ճգնաժամից հետո:

Խնդիրն էլ հենց դա է, որ թե՛ իշխանության, թե՛ հասարակության ուշադրությունը և ջանքերն այսօր ամբողջությամբ կենտրոնացած են մեկ ուղղությամբ: Ավելին, տնտեսական խնդիրների լուծումն էլ փնտրվում է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Հայ-թուրքական սահմանի բացումը որպես սոցիալական, տնտեսական խնդիրների լուծում ներկայացնելով՝ փորձ է արվում այդ գործընթացի հանդեպ ժողովրդի գոնե չեզոք վերաբերմունքը ստանալ: Մինչդեռ ժողովրդի աջակցությունը, ինչպես նաև տնտեսական խնդիրների լուծումը պետք է փնտրել այլ տեղ: Որերորդ եռամսյակն է տասնութ տոկոսի տնտեսական անկում ունենք: Նման ցուցանիշները չի կարելի բացատրել միայն միջազգային ճգնաժամով: Ճգնաժամն ամբողջ աշխարհում է, բայց Հայաստանը անկման տեմպերով առաջինն է ԱՊՀ-ում և առաջին տասնյակում է աշխարհում: Եվ թող որևէ մեկը չհամոզի մեզ, որ ճգնաժամից առաջ Հայաստանի ստարտային պայմանները բոլորից վատն էին: Ցանկացած հիվանդության պարագայում ամենակարևոր բանը ժամանակին և ճիշտ բուժում նշանակելն է: Եթե հիվանդությունն ամիսներ շարունակ անտեսվում է, կամ սխալ է բուժվում, պետք չէ արդարանալ, թե հիվանդի դիմադրողականությունն է ցածր: Ուրեմն խնդիրը ոչ միայն ճգնաժամն է, այլ այդ ճգնաժամին կառավարության անհամարժեք արձագանքը: Գրեթե ոչինչ չի արվում տնտեսության երկարաժամկետ առողջացման համար, իսկ արձագանքը ճգնաժամին շատ թերի է: Խոսվում է, բայց ոչինչ չի արվում` ո՛չ տնտեսության դիվերսիֆիկացիայի, ո՛չ մենաշնորհների վերացման, ո՛չ մանր ու միջին բիզնեսի խթանման, ո՛չ վարկային միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Մեր ունեցած սուղ միջոցներն ուղղված են ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի խթանմանը: Մինչդեռ այս պայմաններում տնտեսությունը խթանելու միակ ճանապարհը պահանջարկը խթանելն է, այսինքն առաջին հերթին սպառումը, ոչ թե արտադրանքը խթանելն:

Բացի այդ, այստեղ նաև քաղաքական պատախանատվության խնդիր կա: Լավ կլիներ, որ կառավարությունը բյուջեի նոր նախագիծ ներկայացնելուց առաջ, գրավոր բացատրություն ներկայացներ խորհրդարանին, թե նախորդ տարվա բյուջեի ցուցանիշներից որևէ մեկը ինչու չի համապատասխանում իրականությանը: Այլապես ամեն տարի կարելի է ներկայացնել ինչ-որ բյուջե, որը բացարձակապես չի առնչվում իրականությանը, և դրա համար որևէ պատասխանատվություն չստանձնել:

Այդուհանդերձ, իշխանությունը տնտեսական շատ հիմնարար խնդիրների լուծումը տեսնում է, համենայն դեպս հայտարարում է այդպես, որ տեսնում է հենց հայ-թուրքական հարաբերության կարգավորման եւ սահմանի բացման մեջ: Օրինակ, հայտարարվում է, որ դա կնպաստի Հայաստանում ձեւավորված մոնոպոլ-տնտեսական համակարգի վերացմանը: Արդյո՞ք իրատեսական եք համարում հայ-թուրքական սահմանի բացման այդ «հրաշագործ» ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Մենաշնորհների խնդրի լուծումը սահմանների քանակով և երկայնքով չի որոշվում: Այլապես դժվար է բացատրել, թե ինչու Վրաստանի հետ բաց սահմանով ներմուծվող ապրանքատեսակների մի զգալի մասը մենաշնորհային է: Ինչ է, դրա մեղավորը Վրաստա՞նն է: Մենաշնորհները ձևավորվում են Հայաստանի ներսում մաքսազերծման և ընդհանրապես բազմաթիվ այլ համակարգային, օրենքի և արդարության հետ կապված խնդիրների պատճառով:  Մենաշնորհների վերացումը կախված է իշխանության քաղաքական կամքից, իշխանություն-բիզնես սերտաճման բացառումից, օրենքի հավասար կիրառումից:

Ձեր կարծիքով, ի վերջո որտե՞ղ է Հայաստանի համար այնպիսի հիմնարար խնդիրների լուծման բանալին, ինչպիսին օրինակ բիզնեսի եւ իշխանության սերտաճումը, օլիգոպոլ եւ մոնոպոլ տնտեսական համակարգի առկայությունը: Ի՞նչ գործնական լուծումներ են անհրաժեշտ դրանք հաղթահարելու համար:

Սրանք քաղաքական խնդիրներ են, և լուծումները պետք է փնտրել քաղաքական դաշտում: Այսօր առաջին խնդիրը հակակշիռների մեխանիզմի բացակայությունն է, երբ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է՝ ճիշտ կամ սխալ, իսկ հասարակությունը, ընդդիմությունը, շարքային քաղաքացիները գործընթացներին մասնակցելու և դրանց վրա ազդելու մեխանիզմ չունեն: Ժողովուրդն այսօր իր երկրի տերը չէ: Իշխանության մենաշնորհը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է, հենց իշխանության համար: Մի առիթով ասել եմ, եթե իշխանությունը համարձակություն ունենար արտաքին խնդիրներում երկրի անվտանգության հաշվին նախաձեռնող լինելու փոխարեն նախաձեռնող լինել երկրի ներսում, թեկուզ սեփական իշխանության հաշվին, դրա արդյունքներն ավելի դրական կլինեին թե՛ երկրի և թե՛ նույնիսկ հենց իշխանության համար: Ես դրանում համոզվել եմ նախորդ տարիներին: Մեր ողջ ներուժը արտաքին խնդիրների լուծմանն ուղղելը և ներքին խնդիրներն անտեսելը որևէ շոշափելի արդյունքի չի հանգեցնում: Այս ավելի քան 1,5 տարվա ընթացքում կարելի էր իրական բարեփոխումներ իրականացնել թե՛ մարդու իրավունքների, թե՛ խոսքի ազատության, թե՛ ի վերջո տնտեսական ազատությունների ուղղությամբ: Սրանք բաց թողնված հնարավորություններն էին, որոնք օգտագործելու դեպքում թե՛ երկիրը, թե՛ իշխանությունն անկասկած կունենային թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դիվիդենտներ: Մինչդեռ այդ հնարավորությունները չեն օգտագործվում մինչ օրս: Ես օրինակ չեմ հասկանում, ինչո՞ւ համաներումից հետո էլ այսօր ճաղերի հետևում են ընդդիմադիր մի քանի գործիչներ: Ի՞նչն է խանգարում բացել հեռուստաեթերը, ի՞նչն է խանգարում ներքին այլ խնդիրների լուծմանը, որն ընդամենը կամք և համարձակություն է պահանջում, բայց ինչն ի վերջո ավելի մեծ արդյունք է տալու:

Ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական դաշտի համար ո՞ր խնդիրներն են ավելի մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ պարունակում՝ արտաքին, ազգային հարցե՞րը, թե՞ ժողովրդավարական, իրավական պետության կառուցման խնդիրները: Արդյո՞ք ճիշտ է այդ առումով կատարել ազգային կամ «ոչ ազգային» հարցերի բաժանում: Արդյո՞ք ներքին կյանքում առկա ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումների խնդիրները, արդար կառավարման խնդիրները ազգային առաջնահերթություն չեն կամ չպետք է համարվեն:

Տարանջատումը իսկապես տեղին չէ: Ազգային խնդիրները մեկ ամբողջություն են: Եթե մրցակցության խնդիր դրվի, թե ո՛ւմ կհաջողվի մոբիլիզացիա ապահովել՝ այն ուժին, որը շեշտը կդնի միայն ներքին խնդիրների վրա, թե այն ուժին, որը շեշտը կդնի միայն արտաքին խնդիրների վրա, ապա մոբիլիզացիա պարզապես չի լինի: Մեկը մյուսին այնքան փոխկապակցված է, որ տարանջատումը նպաստում է թե՛ մեկ, թե՛ մյուս ոլորտում կիսատ լուծումներին: Հնարավոր չէ որոշել մոբիլիզացիա իրականացնել արտաքին քաղաքականության շուրջ, հանրության ուշադրությունը սևեռել այդ հարցի վրա, հետո փորձել ազդել կառավարության վրա, երբ չկա խոսքի ազատություն, երբ խորհրդարանը ներկայացուցչական չէ, երբ արդարադատության համակարգը չի գործում:

Այդ դեպքում, ո՞րն է ներկայում Հայաստանի հասարակության, շարքային քաղաքացու համար մեկ խնդիրը, համար մեկ մարտահրավերը, որին անհրաժեշտ է դիմագրավել, եւ քաղաքական համակարգի դերակատարներից ո՞վ և ի՞նչ դեր պետք է ստանձնի քաղաքացու շահը սպասարկելու հարցում:

Գիտեք, նվաստացուցիչ է, երբ մենք ասում ենք, որ հասարակությունն անտարբեր է և միայն օրվա հացի խնդրով է մտահոգված: Բոլոր քաղաքացիների շահը, անկախ քաղաքական նախասիրություններից, այսօր մեկն է` ապրել ազատ հասարակությունում, ունենալ արդար ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորություն, ի վերջո ապրել բարգավաճ երկրում, որի իշխանությունը հույսը դնում է սեփական երկրի, սեփական հասարակության ռեսուրսների ճիշտ կառավարման և ոչ թե այլ երկրների բարեգթության վրա: Մարդիկ անտարբեր չեն: Ինչպե՞ս կարող են նրանք անտարբեր լինել, երբ ամեն որոշում ազդում է նրանց և նրանց երեխաների կյանքի վրա: Իշխանությունը ժողովրդից խլել է իրենց կյանքի վրա ազդող գործընթացների հանդեպ իրենց հետաքրքրությունն արտահայտելու, դրանց մասնակցելու և դրանց վրա ազդելու բոլոր լծակները: Որպես արդյունք, նրանք իրենց անզոր են զգում: Խնդիրն այսօր ուժերի ներածին չափով այդ լծակներից յուրաքանչյուրի համար պայքարելն է, լինի դա խոսքի ազատությունը, արդարադատությունը, քաղաքացիական ամեն տեսակի ազատությունները և վերջապես արդար ընտրությունները:

Ո՞րն է խնդիրը