Visit-LithuaniaՀոկտեմբերի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը` Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Էվալդաս Իգնատավիչյուսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը: Հյուրերը հանդիպեցին Վարդան Օսկանյանի հետ և զրուցեցին Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ: Հյուրերը մասնավորապես հետաքրքրված էին Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումներով, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարով: Պատասխանելով հարցերին, Վարդան Օսկանյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ այս խնդիրները փոխկապակցված են և դատելով վերջին զարգացումներից, ավելի կբարդացնեն ղարաբաղյան բանակցային գործընթացը: Զրուցակիցները անդրադարձան նաև այլ տարածաշրջանային խնդիրների: Քննարկվեցին նաև տնտեսական խնդիրներ, համեմատություններ անցկացվեցին Հայաստանում և Լիտվայում միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցության համատեքստում:

Սիվիլիթաս հիմնադրամ այցելեց Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը