last

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար պրն Յոհաննես Ռեգենբրեխտը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան տկն Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ այցելեց Սիվիլիթաս:

Սիվիլիթասի հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում պրն Ռեգենբրեխտը անդրադարձավ մի շարք խնդիրների` Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, միչև տարածաշրջանային խնդիրները:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, պրն Օսկանյանը նշեց որ իրավիճակը դեռ լարված է և որ կողմերը բավարար քայլեր չեն ձեռնարկում այդ լարվածությունը թուլացնելու համար: Պրն Օսկանյանը շեշտեց, որ մարտի 1-ից ընդդիմության ներկայացուցիչների ազատազրկման հետ կապված խնդրին որևէ լուծում տալը կմեղմեր իրավիճակը:

Արդյոք Սիվիլիթաս հիմնադրամը անդրադառնալու է նման խնդիրներին հարցին պատասխանելով, Վարդան Օսկանյանը արձագանքեց, որ Սիվիլիթասի հիմնական նպատակներից է բաց և կառուցողական քննարկումներ կազմակերպելը տարբեր խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են մարդու իրավունքները, քաղաքացիական ազատությունները, մամուլի ազատությունը և այլ կարևոր բաղադրիչներ, որ ձևավորում են քաղաքացիական հասարակությունը:

Հյուրերը նաև հետաքրքրված էին Սիվիլիթասի այլ ծրագրերով: Նրանք համառոտ տեղեկություն ստացան Սիվիլիթաս հիմնադրամի երկու հիմնական ծրագրերի մասին` Միջազգային հարաբերությունների խորհրդի և Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, պրն Օսկանյանը նշեց, որ վերջերս Ռուսաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցած հակամարտությունը մի կողմից բարդ իրավիճակի մեջ դրեց Հայաստանը, բայց մյուս կողմից նոր պատուհան բացեց տարածաշրջանային խնդիրները ավելի լայն դիտարկելու և տարածաշրջանում Հայաստանի ապագա դերի համար:

Պրն Օսկանյանը կրկնեց իր կոչը, որ հրապարակել էր ռուս-վրացական հակամարտությունից անմիջապես հետո` դաշինքներից զերծ Կովկասի մասին, որտեղ ներկայացված չեն լինի մրցակցող անվտանգության դաշինքները: Նա նշեց, որ հետկոնֆլիկտային Վրաստանի վերակառուցման այս շրջանը հնարավորություններ է ընձեռնում Արևմուտքին մտածելու ավելի լայն տարածաշրջանային ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերի մասին` Կովկասում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:


Յոհաննես Ռեգենբրեխտը այցելեց Սիվիլիթաս