Սիվիլիթաս հիմնադրամը կոչված է աջակցելու Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին: Սիվիլիթաս հիմնադրամը նպաստում է Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը` խթանելով նորարար գաղափարներ և նախաձեռնություններ, ինչպես նաև ստեղծելով դրանք կյանքի կոչող մեխանիզմներ ու հաստատություններ, կամ` աջակցելով գործողներին:
Առաջնորդվելով լատինական «սիվիլիթաս» գաղափարով, որ նշանակում է «քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առաջ», Հիմնադրամը խրախուսում է յուրաքանչյուր անհատի սեփական ներուժը լիարժեք կիրառելու իրավունքը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը` ունենալու իր ուրույն ներդրումը գործուն և բարգավաճ ժողովրդավարության կայացման գործում:
Սիվիլիթաս հիմնադրամը նպաստում է հասարակության կողմից միջազգային և տարածաշրջանային զարգացումների լայն ընկալմանը և աջակցում է Կովկասում ու դրա սահմաններից դուրս խաղաղության ու անվտանգության ապահովմանը` առաջնորդվելով մշակութային, կրթական և քաղաքական երկխոսության հետևողական, բաց և անաչառ քննարկման սկզբունքներով: Սիվիլիթաս հիմնադրամն ընդգծում է Հայաստանի դերն ու հնարավոր ուղիները համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում, անդրադառնում է դրանց հնարավոր ներգործությանը Հայաստանի և տարածաշրջանի վրա:
Հիմնադրամը ներգրավում և խրախուսում է քաղաքացիներին` նպաստելով ժողովրդավարության խորացման, կայուն ու արդար զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների կատարելագործմանը:
Սիվիլիթաս հիմնադրամը համախմբում է ներքին, համահայկական և միջազգային միջոցները` Հայաստանում նշանակալի ծրագրերի իրականացման գործընթացին նպաստելու համար: