Սիվիլիթաս հիմնադրամը նախաձեռնելու, իրականացնելու և սատարելու է այն նախագծերին, որոնք նպաստելու են Հայաստանի գյուղերում կայուն և համաչափ զարգացմանը` հնարավորություն ընձեռելով գյուղացիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրելու ինքնաբավ և արժանապատիվ կյանքով:
Հիմնադրամն ունի երկու ծրագրային ոլորտ: Առաջինը միջազգային հարաբերությունների խորհուրդն է, մյուսը` ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնությունը: Երկու ուղղությունն էլ ի վերջո նույն նպատակն են հետապնդում` համապատասխան միջոցներ ստեղծել հասարակությանն աջակցելու, տեղեկացնելու համար, ամրացնել քաղաքացիական հասարակությունը և այս ամենով հզորացնել մեր երկիրը:
Քաղաքացիական հասարակությունը չի սահմանափակվում քաղաքներով: Մեր աշխատանքը միայն Երևանում համաժողովներ կազմակերպելը չէ: Գյուղի բնակիչները նույնպես պետք է քաղաքացիական հասարակության մեջ ընդգրկվեն: Բայց դժվար է ակնկալել, որ գյուղացին քաղաքացիական հասարակության կազմավորմանը մասնակցի, երբ նա չունի ինքնաբավ կյանք, չի կարող պահել իր ընտանիքը: Մեր երկրում, որը սահմնափակ արտաքին շուկաներ ունի, որի ենթակառուցվածքները քայքայված են, անհրաժեշտ է գյուղացուն տրամադրել այն անմիջական հատուկ օգնությունը, որի կարիքը նա ունի: Միայն այդ դեպքում գյուղացին ինքնաբավ և արժանապատիվ կյանք կունենա: Սա է Սիվիլիթասի նպատակներից մեկը:
Երբ ես առաջին անգամ ներգրավվեցի գյուղական շրջանների աջակցության ծրագրերում, դեռևս երբ նախարար էի, ես վստահ էի, որ համապարփակ ենթակառուցվածքային զարգացումը ավելի արդյունավետ է, քան ցրված ծրագրերը տարբեր գյուղերում; Հայաստան համահայկական հիմնադրամը որդեգրեց այդ սկզբունքը և մի քանի առատաձեռն բարերարների աջակցությամբ սկսեց Տավուշի մարզում գյուղերի միկրոշրջաններից մեկի ենթակառուցվածքների կառուցումն ու նորոգումը: Նրանք շարունակում են այդ գործը, և մենք նրանց աջակցում ենք:
Բայց միայն ենթակառուցվածքների վերանորոգումը բավարար չէ: Գյուղացին պետք է եկամուտ ունենա, որպեսզի կարողանա պահել իր ընտանիքը, նաև պահպանել վերանորոգված ենթակառուցվածքները` ճանապարհները, ջրի և գազի մատակարարման համակարգերը, որպեսզի կարողանա շարունակել օգտվել դրանցից: Այդ պատճառով մենք կենտրոնանում ենք համապարփակ մարդկային զարգացման վրա, սկսելով տնտեսական զարգացումից: Մենք աշխատում ենք առատաձեռն բարերաների հետ` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Արգենտինայի մի մասնավոր հիմնադրամի, Իրանի հայկական համայնքի և այլ կազմակերպությունների հետ` աջակցելով ֆերմերներին, որ նրանք կարողանան ավելի արդյունավետ աշխատել, հասնել շուկաներին և վաճառել իրենց արտադրանքը, կարողանան իրենց կարիքները ինքնուրույն հոգալ և ապրել արժանավայել կյանքով:
Որովհետև պարենային անվտանգությունը լուրջ խնդիր է Հայաստանի համար: Այս ոլորտը պետք է ապահովի բավարար քանակությամբ պարենի մատչելիությունը ժողովրդի համար: Իրականում Հայաստանի բնակչության մեկ երրորդը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, բայց այն դեռևս լուրջ օգնության կարիք ունի: Հայաստանում արդեն բազմաթիվ խոշոր ընկերություններ են կայացել, որոնք պատրաստ են շուկա դառնալ գյուղացու համար: Մի քանի ուղղություններով իրականացվող մեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք օգնել գյուղացուն ավելի շատ արտադրանք տալ, ավելի պատրաստ լինել մեծ շուկաներ գրավելուն: Եվ որ ամենակարևորն է, մեր ծրագրերի հիմնական բաղկացուցիչներից մեկը գյուղական համայնքի ներգրավումն է այս կամ այն ծրագիրը հետագայում ինքնուրույն շարունակելու գործում: Մենք ողորմություն չենք բաժանում, մենք փորձում ենք գյուղացուն ցույց տալ այն ճանապահը, որով նա կարող է ինքնուրույն հոգալ իր կարիքները: Այսինքն ջրամատակարարման համակարգ նորոգելուց հետո, որ ի դեպ, մեր ծրագրերից մեկն է Մեղրիում, պետք է նաև ստեղծել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի համայնքը կարողանա, և պարտավորվի հետագայում ստանձնել այդ համակարգի պահպանման պատասխանատվությունը:
Իհարկե: Բայց ինչպես միշտ` բոլոր տնտեսական գործընթացների հիմքում քաղաքականությունն է, և հակառակը: Դժվար է, գրեթե անհնար է խոսել քաղաքացիական հասարակության ձևավորման մասին այն դեպքում, երբ այդ հասարակության անդամները ի վիճակի չեն հոգալ իրենց տարրական կարիքները: Նորություն չեմ ասում, մարդիկ պետք կարողանան հոգալ իրենց տարրական սոցիալական խնդիրները, որպեսզի հասարակության ակտիվ անդամ դառնան:
Սիվիլիթասը գյուղ առ գյուղ արտադրողականության մեծացմանը, տնտեսական զարգացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը նպաստող ծրագրեր է իրականացնում: Սա պետք է նպաստի ավելի առողջ, ինքնաբավ հասարակության կայացմանը: Մեր ծրագրերը նաև նպաստում են գյուղական համայնքների ինքնակազմակերպմանը: Գյուղացին պետք է հավատա, որ համայնքը համախմբվելով, կարող է գյուղը տնտեսապես ինքնաբավ դարձնել այլ ոչ թե սպասել, թե ընտրությունից ընտրություն ով իրենց մի քանի հազար դրամ կտա: Սա բարդ խնդիր է, բայց այն պետք է փորձել իրականացնել գյուղ առ գյուղ, այլապես մենք երբեք չենք ունենա այն քաղաքացիական հասարակությունը, որը բոլորիս անհրաժեշտ է: