Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության 25-րդ տարեդարձը։ Քառորդ դարը բավականաչափ ժամանակահատված է գնահատելու անցած ճանապարհը, ձեռքբերումները թերացումները և, սերտելով դասերը, շարժվելու առաջ։
Սեպտեմբերի 21-ին լրացավ նաև Անկախ Հայաստանի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ ՍիվիլՆեթի գործունեության 5-րդ տարեդարձը։ ՍիվիլՆեթը, որը Սիվիլիթաս հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկն է, իր գործունեության հինգ տարիների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ ՍիվիլՆեթը մշտապես ձայն է տրամադրել երկրում իրական փոփոխությունների շունչը կրող գործիչներին ու խմբերին։
ՍիվիլՆեթի ծնունդը համընկավ Հայաստանում քաղաքացիական շարժումների վերելքի հետ՝ Մաշտոցի այգու կառուցապատման դեմ պայքարից սկսած՝ մինչև Թռչկանի ջրվեժի, Թեղուտի անտառի համար պայքար, «Էլեկտրիկ Երևան» շարժում և այլն։ ՍիվիլՆեթը մշտապես եղել է այս իրադարձությունների կենտրոնում։
«Անկախության 25 տարիները. հայացք ապագային». այս խորագիրն էր կրում սեպտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի ուղիղ հեռարձակմամբ հատուկ թողարկումը։ Հատուկ այդ օրվա համար ՍիվիլՆեթի թիմը բազմաթիվ ռեպորտաժներ և ֆիլմեր էր պատրաստել, իսկ օրվա ընացքում՝ հյուրընկալել հասարակական-քաղաքական ու մշակութային տասնյակ գործիչների, դիվանագետների, որոնք խոսեցին Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի մասին։
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, որը նույնպես եկել էր շնորհավորելու ՍիվիլՆեթի 5-ամյակն ու Հայաստանի անկախությունը, 25 տարվա վաղեմության հետաքրքիր դրվագ հիշեց իր կյանքից․
«25 տարի առաջ ես աշխատում էի Պետքարտուղարությունում՝ Հայաստանի գրասենյակում, երբ հչռակվեց Հայաստանի անկախությունը։ Վաշինգտոն էր եկել Հայաստանի արտգործնախարարը, և ես գնում էի Հայաստանի դեսպանատուն։ Վերելակում հանդիպեցի Հայաստանի դեսպանին, և նա ինձ ասաց՝ հիշե՛ք այս պահը, սա առաջին անգամ է, երբ անկախ Հայաստանի ներկայացուցիչը հանդիպում է անկախ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին»։
Դեսպան Միլսը կարևորեց անկախ մեդիայի դերը ժողովրդավարության հաստատման գործում և շեշտեց, որ ՍիվիլՆեթն այդ ճանապարհին շատ մեծ դեր ունի։ Անցած 25 տարիներին Հայաստանի ձեռքբերումների թվում դեսպանը նշեց կյանքի որակի բարձրացումը՝ համեմատած 90-ականների հետ, Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին, վերջին տարիներին քաղաքացիական հասարակության ուժեղացումը և ՏՏ ոլորտի բուռն զարգացումը, որին մեծապես աջակցել է ԱՄՆ-ը։ Դեսպան Միլսը նաև ասաց, որ ներկայում Միացյալ Նահանգները Հայաստանում կենտրոնացած է գյուղական զարգացման և գյուղաբնակ շրջաններում զբոսաշրջության զարգացման ծրագրերի վրա։
Սեպտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի հյուրերի թվում էր նաև Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որն արդեն 16 տարի է՝ բնակվում է այստեղ և մեծ մասնակցություն ունի Հայաստանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններում։ Պարոն Սթրեյթը երեք տարի ՍիվիլՆեթում վարել է «Թիմը գնում է գյուղ» հաղորդաշարը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական տարածքների խնդիրներին։ Այժմ նա ակտիվ աշխատում է գյուղերում կանանց ներուժը բացահայտելու և օգտագործելու ծրագրի վրա։
Թիմոթի Սթրեյթն ընդգծում է Հայաստանում առկա շատ խնդիրներ՝ կոռուպցիա, նեպոտիզմ և այլն, ու ասում՝ եկեք կենտրոնանանք նաև այն ոլորտների վրա, որտեղ իսկապես կարող ենք շատ արդյունավետ լինել։
Սեպտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի բազմաթիվ հյուրերի թվում էին նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան Մարտինա Քուիքը և գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարետա Քրիստիանսոնը։ ՍիվիլՆեթի լավագույն ծրագրերից մեկն իրականացվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ։ Ծրագիրը կրում էր «Խթանելով ժողովրդավարական արժեքները Հայաստանում» խորագիրը։ ՍիվիլՆեթի պատրաստած բազմաթիվ տեսանյութերը, հարցազրույցները, մարզերում կազմակերպված հանրային քննարկումները, ինչպես նաև շվեդական փորձի ներկայացումը կարևոր դեր են ունեցել Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածման գործում։
Անկախության շուրջ մեր ուշագրավ քննարկումներից մեկն էլ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի՝ ընդամենը երեք օր առաջ ընտրված գյուղապետ Գարիկ Սարգսյանի հետ զրույցն էր։ 26-ամյա Գարիկը, որ մարմնավորում է անկախության սերունդը, մարտահրավեր էր նետել գյուղը 17 տարի ղեկավարած հանրապետական թեկնածուին և երիտասարդ թիմակիցների հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ՝ խորհրդանշական ու կարևոր հաղթանակ գրանցել։
Սեպտեմբերի 21-ի երեկոյան Հայաստանի անկախությունը և ՍիվիլՆեթի 5-րդ տարեդարձը նշելու էին եկել բազմաթիվ այլ գործիչներ, քաղաքացիներ ու Սիվիլիթասի ընկերներ։
ՍիվիլՆեթի հատուկ թողարկման բոլոր զրույցները, տեսանութերն ու ֆիլմերը կարող եք դիտել այս հղմամբ։ Դրանք առանձին տեղադրվում են նաև CivilNet.AM կայքում։