Նոյեմբերի 24-ին Սիրիա-Թուրքիա սահմանին թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչ օդանավը: Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Հայաստանը և Ռուսաստան-Թուրքիա թնջուկը» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:
Դեպքը
Նոյեմբերի 24-ին Քեսաբի երկնքում՝ Սիրիա-Թուրքիա սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ռուսական ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչը: Թուրքական կողմը պնդեց, որ ռուսական ռմբակոծիչը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը համոզված է, որ Սու-24-ը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Միջազգային հանրությունը՝ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն առաջին հերթին, փորձեցին ավելի հավասարակշիռ կեցվածք որդեգրել՝ կողմերին հորդորելով հաղթահարել դեպքի պատճառով առաջացած դիվանագիտական առճակատումը:
Խորապատկերը
Սիրիայի և նրա նախագահ Բաշար Ասադի հարցում Մոսկվա-Անկարա տարակարծությունները խորացել էին հոկտեմբերին, երբ Ռուսաստանը ներգրավվեց Սիրիայում ռազմական գործողությունների մեջ՝ օդային հարվածներ հասցնելով հակաասադյան ուժերին, առաջին հերթին՝ Իսլամական պետության թիրախներին: Թուրքական կողմը հայտարարեց, որ ռուսական օդանավերը պարբերաբար խախտում են Թուրքիայի օդային սահմանը: Այս նախազգուշացումներից օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային սահմանը: Հայկական կողմի հարցմանն ի պատասխան՝ Անկարայից պարզաբանեցին, որ անբարենպաստ եղանակային պայմանները օդաչուներին ստիպել են փոխել թռիչքուղին:
Հայ կամ ռուս որևէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չարձագանքեց թուրքական ռազմական ուղղաթիռների՝ հայկական օդային սահմանի խախտմանը: Փոխարենը, հաջորդեց Գյումրիից ռուսական ռազմական օդանավերի ցուցադրական և բազմակի թռիչքները դեպի Հայաստան-Թուրքիա սահման: Այսպիսով, ռուս-թուրքական օդային առաջին միջադեպը հարթվեց:
Վերլուծություն
Ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առկայությունը Ռուսաստանին և Արևմուտքին ստիպում է մի կողմ դնել բազմաթիվ տարակարծությունները, որոնք վերջին տարիներին հանգեցրել են Սառը պատերազմից հետո ամենախորը ճգնաժամին Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Սինայի թերակղզու երկնքում ռուսական քաղաքացիական օդանավի կործանումը և Փարիզի ահաբեկչությունների շարքը Ռուսաստան-Արևմուտք մերձեցման առիթ ու հնարավորություն տվեցին: Եվ ահա այս էական պահին թուրքերը խոցում են ռուսական Սու-24-ը:
Եթե անգամ ռուսները խախտել են թուրքական օդային սահմանը, ապա, միևնույնն է, Թուրքիայի գործողությունը անհամաչափ է: Իսկ եթե թուրքական կողմը սպասում էր հարմար պահի, ինչում համոզված են ռուսները, որպեսզի խոցեր Սու-24-ը, ապա դա խոսում է այն մասին, որ Անկարայի շահերին հակասում է Սիրիայի, «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Ռուսաստան-Արևմուտք անխուսափելի մերձեցումը:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միմյանց հասցեին հրապարակային հայտարարություններում ավելի շատ շեշտադրում են ոչ այնքան խոցված Սու-24-ի միջադեպը, որքան Սիրիայում Թուրքիայի ներգրավվածությունը, մասնավորապես Անկարայի՝ «Իսլամական պետության» հետ համագործակցությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դեպքը որակեց հարված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Սա միակ հայտարարությունն էր, որ արվեց հայկական կողմից:
2014-ի նոյեմբերին, երբ ադրբեջանական կողմը խոցեց հայկական Մի-24 ուղղաթիռը, Ռուսաստանն արձագանքեց արտգործնախարարության խոսնակի մակարդակով: Ռուս դիվանագետը ցավ հայտնեց երեք հայ օդաչուների զոհվելու առիթով, ինչպես նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարտավորվել են ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
Պաշտոնական Երևանն իր հրապարակային հայտարարություններում պետք է զգույշ լինի, ուշադրությամբ հետևի իրադարձություններին և դրանցից առաջ չընկնի: Ռուսաստանը և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր և, չնայած հրապարակային կոշտ հռետորաբանությանը, փորձելու են հաղթահարել ստեղծված փակուղին:
Այո, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, Հայաստան-Թուրքիա սահմանը հսկում են նաև ռուս սահմանապահները: Պարզ տրամաբանությունը, ինչպես նաև պատմական դառը փորձը մեզ պետք է անդադար հիշեցնեն, որ Ռուսաստան-Թուրքիա առճակատումից կամ բարեկամությունից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ:
Հեռանկար
Ռուս-թուրքական այս միջադեպը, անկախ հրապարակային կոշտ հայտարարություններից, առաջիկայում հաղթահարվելու է, սակայն այն իր նստվածքն է թողնելու Մոսկվա-Անկարա հարաբերություններում:
Ինչպես Պուտինի, այնպես էլ Էրդողանի համար այս միջադեպը նաև էգոյի խնդիր է: Այս միջադեպը նաև երկու առաջնորդների՝ ռուսական ցարի ու թուրքական սուլթանի անձնական պայքար է, հետևաբար, դա նույնպես իր նստվածքն է թողնելու երկկողմ հարաբերությունների վրա:
Եթե անգամ ռուսական Դուման քրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը, ապա դա անելու է ոչ թե հանուն պատմական արդարության, այլ ընդդեմ թուրքերի: Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այդ օրերին Պուտինի այցը Երևան շատ ավելի հարմար առիթ էր և լավ կընկալվեր, եթե զուգահեռաբար քրեականացման նախաձեռնությունը մտներ Դումայի օրակարգ:
Ռուս-թուրքական այս թնջուկը կարող է իր բացասական ազդեցություն թողնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: Եթե նախկինում, ինչպես արձանագրությունների ստորագրման շրջանում, Մոսկվան չէր խոչընդոտում հայ-թուրքական մերձեցմանը, ապա նույն դիրքորոշումը չպետք է ակնկալել նաև այսօր:
Լուծումներ
Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամի ընթացքում Հայաստանը պետք է առաջին հերթին մտածի ոչ թե այն մասին, թե ինչ կշահի երկու տերությունների բախումից, այլ թե ինչ քայլեր պետք է անի կամ չանի, որպեսզի վնասներ չունենա:
Հայկական կողմը հրապարակային հայտարարություններում պետք է չափազանց զգույշ և նրբանկատ լինի: Ռուսաստանը, հավանաբար, կակնկալեր Երևանի արձագանքը: Պաշտպանության նախարարի հայտարարությունը բավարար է:
Չպետք է ոգևորվել ռուս քաղաքական գործիչների՝ Հայաստանի և հայության հասցեին արվող հրապարակային հաճոյախոսություններից: Դրանք արվում են ռուս-թուրքական հակասությունների խորապատկերին և ավելի շատ նպատակ են հետապնդում նյարդայնացնել թուրքերին: Հենց այս ենթատեքստում պետք է դիտարկել նաև ռուս օրենսդիրների՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությունը:
Հետևաբար, Հայաստանը չպետք է տիրաժավորի ռուս քաղաքական գործիչների և պատգամավորների՝ թվացյալ հայանպաստ հայտարարությունները: Դա կարող է առավել գրգռել թուրքերին հայերի դեմ և ավելի խորը փակուղի տանել Հայաստան-Թուրքիա փակուղին:
Հաշվի առնելով, որ Եգիպտոսից հետո Ռուսաստանը Թուրքիան ևս համարում է ոչ անվտանգ վայր ռուս զբոսաշրջիկների համար, Հայաստանը պետք է օգտվի այս իրավիճակից և փորձի ռուս զբոսաշրջիկների որոշակի հատվածի համար դառնալ այլընտրանքային զբոսավայր: