Սիվիլիթաս հիմնադրամն ուրախ է հայտարարելու իր հերթական՝ 2014-ի տարեկան զեկույցի հրապարակման մասին։ Այս զեկույցը ևս, ինչպես նախորդները, կենտրոնանում է ոչ թե երևույթների ժամանակագրական շարադրման, այլ դրանց խորքային պատճառների վերհանման վրա՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներն ու առաջարկելով լուծումներ։
Սիվիլիթաս հիմնադրամի նախորդ վեց զեկույցները կրում էին հետևյալ խորագրերը․
2008-ին՝ «Ճգնաժամ և հնարավորություն»,
2009-ին՝ «Խոստում և իրականություն»,
2010-ին՝ «Անորոշության տարի»,
2011-ին՝ «Առանց պատրանքների»,
2012-ին՝ «Ընտրության տարի»,
2013-ին՝ «Ակնկալիքների և անակնկալների տարի»։
2014-ի զեկույցը կրում է «Մոլորության տարի» խորագիրը։
Մոլորության, որովհետև ամբողջ տարվա ընթացքում կարևորագույն և խնդրահարույց մի շարք որոշումներ առկախվեցին կամ ձևախեղվեցին՝ մոլորության մեջ գցելով ոչ միայն այդ որոշումների ազդեցությունը կրողներին, այլև որոշումներն ընդունողներին։
Տարվա գլխավոր մոլորությունն էր, երբ չորս տարի շարունակ դեպի Եվրոպական Միության ազատ առևտրի գոտի շարժվող Հայաստանը, հանկարծ հայտնվելով Եվրասիական տնտեսական միությունում, սկսեց ինքն իրեն համոզել, որ դա նախապես հաշվարկված և ճիշտ ընտրություն էր։
Մոլորություն էին պնդումները, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, կոռուպցիայի ընկալման, օրենքի գերակայության, բիզնեսի վարման և միջազգային մի շարք այլ ցուցանիշներով հետնապահ Եվրասիական տնտեսական միության երկրների ակումբն է Հայաստանի ճիշտ ընտրությունը։
Մոլորություն էին պնդումները, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է նաև երկրի անվտանգության շահերից։ Տարվա ընթացքում 1994-ի զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական առաջնագծում գրանցված ամենաարյունալի բախումները, Ռուսաստանի կողմից զենքի շարունակվող մատակարարումները Ադրբեջանին և Բաքվի ռազմական ոտնձգությունների հարցում Մոսկվայի քննադատության բացակայությունը ամենևին չհաստատեցին այդ պնդումները։
Մոլորություն էր նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր օրենքը, որը պարտադիր կուտակումներ էր նախատեսում աշխատողների աշխատավարձից։ Հասարակությունում, որտեղ պետական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը օբյեկտիվորեն ցածր է, մարդիկ չհավատացին մի քանի տասնամյակ անց խոստացվող ապահով ծերությանը։ Բազմամարդ բողոքների և ընդվզման արդյունքում օրենքի կիրարկման կասեցումը և դրա փոփոխումը մոլորության մեջ գցեց ոչ միայն բողոքողներին, այլև նրանց, ում այդ բողոքն ուղղված էր։ Մոլորություն էր, որ շրջանառության հարկի փոփոխությունն արվում է փոքր ու միջին բիզնեսի բեռը թեթևացնելու և խոշորներին ստվերից հանելու համար, երբ իրականում տեղի էր ունենում ճիշտ հակառակը։ Մոլորություն էր, որ դրամի արժեզրկման մեղավորը սպեկուլյանտներն են, ոչ թե տնտեսական իրողություններն ու որոշումները։ Մոլորություն կամ մոլորության մեջ գցելու փորձեր էին պնդումները, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, այլ ոչ թե իշխանության պարզ վերարտադրությունն ապահովելու համար։ Մոլորություն էր, երբ կառավարության ղեկավար փոփոխելով՝ իշխանությունը փորձեց հավատալ կամ հավատացնել, որ երկրում իրական փոփոխություններ է նախաձեռնել։ Կառավարություն, որի նոր կազմն էլ ավելի ընդգծեց բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը։
Վերջապես, մոլորություն է, երբ նոր կառավարությունը 2015 է մտնում պետական մի բյուջեով, որտեղ հաշվի չեն առնված արդեն իսկ առկա իրողությունները և 2008-ի ճգնաժամի դասերը։
«Հայաստան 2014. Մոլորության տարի» զեկույցը կարող եք կարդալ այստեղ։ Այն բաղկացած է երեք բաժիններից՝ տարածաշրջան, ներքին քաղաքականություն և տնտեսություն: Ինչպես նախորդ զեկույցներում, այս մեկում ևս յուրաքանչյուր բաժնում ներկայացված են հնարավոր զարգացումներն ու առաջարկվող լուծումները։