Դեկտեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ Սիվիլիթաս հիմնադրամի առաջին տարեկան զեկույցի շնորհանդեսը: Սովորաբար Հայաստանի մասին զեկույցներ են հրապարակում Հայաստանից դուրս: Այդ առումով մեր այս նախաձեռնությունը, թերևս, առաջինն է իր տեսակի մեջ :
Թերևս հայաստանյան իրականության մեջ աննախադեպ կարելի է համարել նաև քննարկումը, որ կազմակերպվեց զեկույցի ներկայացամը: Մենք նպատակ ունեիքն քննարկելու ոչ թե զեկույցը, որ ինչպես իր խոսքում ասաց Վարդան Օսկանյանը հասարակությունն ինքը գնահատելու առիթ կունենա, այլ այն թեմաները որ տեղ էին գտել զեկույցում: Այն խնդիրները, որ մտահոգել են մեր հասարակությանը 2008 թ.: Քննարկմանը Վարդան Օսկանյանից բացի մասնակցեցին 3 բանախոսներ` Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ Հայաստանում Եվրոպական միության առեւտրի պալատի գործադիր տնօրեն, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հովհաննես Իգիթյանը:
Վարդան Օսկանյանը քննարկումը սկսեց այն համոզմունքն արտահայտելով, որ Հայաստանի իրավիճակի լարվածությունը, որ մարտի 1-ի հետեւանք է, այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլ ունի խորանալու միտում: Արդյոք կառավարող կոալիցիան գիտակցում է ճգնաժամի առկայությունն ու դրա հնարավոր հետեւանքը: Այդ հարցը Վարդան Օսկանյանն ուղղեց խորհրդարանական, Դաշնակցության անդամ Արմեն Ռուստամյանին: Պարոն Ռուստամյանն ընդունեց, որ կա ճգնաժամ, որ ինքը չի խուսափում այդ բառից եւ այն դեռեւս մարտի 1-ից առաջ էր նախանշվում, վկայելով, որ Հայաստանը պատրաստ չէ այն նոր ժամանակներին, նոր որակին, որ նախագահական ընտրության հրամայականն էր, որպես Հայաստանի անցած քսանամյակի ամփոփում: Արմեն Ռուստամյանը փորձեց իրավիճակի արմատների մասին խոսել, որոնք, ըստ նրա, Հայաստանի անկախության առաջին տարիներում պետք է փնտրել:
Վարդան Օսկանյանը խոսեց նաև այն մասին, որ քաղաքական կարեւորագույն ամբիոնը` խորհրդարանը, չի արտահայտում հասարակության տրամադրությունը: Պարոն Օսկանյանը հիշեցրեց, որ նախագահի ընտրության պաշտոնական տվյալի համաձայն, հասարակության մոտ 50 տոկոսը ձայն չի տվել իշխանությանը, այսինքն ընդդիմադիր է իր տրամադրությամբ: Այս առիթով պարոն Օսկանյանը նաև համոզմունք հայտնեց, որ ՀՅԴ-ն ավելի մեծ ծառայություն մատուցած կլիներ հասարակությանը, եթե մնար ընդդիմության մեջ:
Մյուս կողմից, պարոն Օսկանյանը ելքը չի համարում արտահերթ ընտրությունը, սակայն տեսնում է նաեւ, որ իշխանությունը կարծես թե այդ խնդիրը չի փորձում գիտակցել եւ անել այնպես, որ գոնե հաջորդ ընտրության ժամանակ չլինի այդօրինակ վիճակ:
Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը փորձեց հանրային տրամադրություններին խորհրդարանի անհամահունչ լինելը բացատրել նրանով, որ այդ վիճակը ընտրական մեխանիզմի խեղաթյուրման հետեւանք է, ինչպես նաև, հետեւանք է այն բանի, որ քաղաքական ուժերը չեն փորձում կարգավորել այդ մեխանիզմը, որ հասարակությունն անտարբեր է դարձել իր իսկ քվեի ճակատագրի հանդեպ:
Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե երկրում չկա ընդդիմության աշխատանքի համար հնարավորություն, ապա մնում է աշխատելու և ծրագրեր իրկանացնելու հնարավորություն որոնել իշխանության մաս կազմելու մեջ:
Հովհաննես Իգիթյանը խոսեց այն մասին, որ Հայաստանի իշխանությունն ինն ամիս շարունակ Եվրոպային փորձում է համոզել, որ քայլ է անում ժողովրդավարության ուղղությամբ, մինչդեռ ընդդիմադիրներին շարունակում է պահել բանտերում, չի բացահայտում մարտի 1-ը, իրականացնում է խայտառակ դատավարություն: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ այդ հարցերը լուծելու համար, այդ թվում Ա1+-ը բացելու համար իշխանությանն անհրաժեշտ է առավելագույնը 3-10 օր:
Երկրի վիճակը ռիսկային է նաեւ տնտեսության տեսանկյունից: այդ մասին խոսեց Արմեն Դարբինյանը, ով համարում է, որ Հայաստանի ներքին վիճակը հնարավորություն չի տալիս, որ երկիրը հանդես գա արտաքին ուժեղ քաղաքականությամբ: Արմեն Դարբինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությանը ծանր օրեր են սպասում գլոբալ ճգնաժամի պատճառով, սակայն վիճակը անհուսալի չէ: Պարզապես ելքի համար պետք են համարձակ քայլեր: Նրա խոսքով, եթե այդ համարձակ քայլերը չարվեն, այլ արվի այն, ինչ այժմ է կատարվում, Հայաստանին սպառնում է 1993 թվականի տնտեսական վիճակը, երբ երկիրը գտնվում էր էժան ներմուծման վրա հիմնված տնտեսության ժամանակաշրջանում:
Քննարկման ընթացքում Հայաստանի իրավիճակի մասին մտքեր փոխանակեցին նաեւ դահլիճի հյուրերը: Մասնավորապես, Ակունք կենտրոնի հիմնադիր Ռուբեն Հակոբյանն ասաց, թե իր կարծիքով Հայաստանը մեծ ներազգային ճգնաժամի մեջ է, որին ընդամենն ավելացել է ավելի “փոքր” տնտեսական համաշխարհային ճգնաժամը:
Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի կարծիքով Հայաստանում ճգնաժամ չէ, այլ ուղղակի փակուղի` հասարակության հուսահատություն:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը խոսեց այն մասին, որ Հայաստանում ճշմարտության ճգնաժամ է, իսկ գլխավոր խնդիրը, որ առկա է այժմ ԵԽԽՎ-ում ծանր հետեւանքով վերաբերմունքի չարժանանալու համար, դա քաղբանտարկյալների ազատ արձակումն է, ինչից հետո ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսության:
Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ, Ժառանգություն կուսակցության անդամ Վարդան խաչատրյանը նշեց, որ իրավիճակից ելքի համար պարտադիր պայման են անկախ ֆինանսական աղբյուրների գոյությունը, անկախ դատարանն ու անկախ մամուլը: Առանց դրա, նրա համոզմամբ, կարելի է ասել, որ իշխանությունը գնում է ինքնաոչնչացման, ինչն ըստ Վարդան Խաչատրյանի, վտանգ է նաեւ պետության համար: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը խոսեց մեխանիզմներ գտնելու անհրաժեշտության մասին, որ լինի եւ անկախ դատարան եւ անկախ մամուլ, եւ որ այդ ամենի համար լինի իշխանության կամքը:
Սիվիլիթասի առաջին զեկույցի շնորհանդեսի ընթացքում ծավալված քննարկման մասնակիցները, իրենց տեսակետներից բացի, շնորհակալություն հայտնեցին հինադրամին այդ նախաձեռնության համար եւ հույս հայտնեցին, որ այդօրինակ քննարկումները կլինեն առավել հաճախակի եւ հնարավորություն կտան արդյունավետ քննարկումների շնորհիվ նախանշել երկրի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ուղիները: