Հայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ իհարկե պատկերացնում են, թե ինչպես է գոյանում պետական բյուջեն: Սակայն, թերևս քչերն են հետևում, թե ինչպես է պետությունը ծախսում հավաքված գումարները: Այս բացը լրացնելու նպատակով էր, որ Սիվիլիթաս հիմնադրամն իր “Հայաստան 2009. խոստում և իրականություն” տարեկան զեկույցում մի առանձին բաժնով ներկայացրեց այս տարվա բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրը
Այս տարվա համար պետությունը առանձնացրել է տասնմեկ հիմնական ուղղություն`
- Սոցիալական պաշտպանություն – 244 միլիարդ 417 միլիոն 227 հազար 400 դրամ
- Ընդհանուր կառավարում – 139 միլիարդ 785 միլիոն 257 հազար 100
- Պաշտպանություն – 135 միլիարդ 715 միլիոն 659 հազար 400
- Տնտեսության ֆինանսավորում – 113 միլիարդ 59 միլիոն 696 հազար 700
- Կրթություն – 99 միլիարդ 903 միլիոն 249 հազար 400
- Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն – 56 միլիարդ 633 միլիոն 217 հազար 100
- Առողջապահություն – 55 միլիարդ 249 միլիոն 490 հազար 700
- Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ – 46 միլիարդ 447 միլիոն 440 հազար 200
- Պահուստային ֆոնդեր – 21միլիարդ 898 միլիոն 748 հազար 700
- Սպորտ և մշակույթ – 16 միլիարդ 349 միլիոն 584 հազար 200
- Շրջական միջավայրի պաշտպանություն – 6 միլիարդ 65 միլիոն 13 հազար 100:
Այդ տասնմեկ հիմնական ուղղությունները (բացառությամբ պահուստային ֆոնդերի) իրենց հերթին բաժանված են առանձին ճյուղերի:
Այս պաստառի ուսումնասիրությունից պարզ կդառնա, որ, օրինակ, այս տարվա բյուջեն պահուսատային ֆոնդերի համար այնքան գումար է հատկացրել (շուրջ 22 միլիարդ դրամ), որքան սպորտի ու մշակույթի և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղություններին համատեղ:
Այս տարվա բյուջեի շուրջ մեկ քառորդը ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին, ինչը զարմանալի չպիտի թվա, քանի որ Հայաստանը ծերացող պետություն է, ունի կենսաթոշակային տարիքի շուրջ կես միլիոն բնակչություն: Բացի այդ, աղքատության պատճառով հազարավոր ընտանիքներ շարունակում են օգտվել ընտանեկան նպաստի համակարգից:
Զարմանալի չպիտի թվա պաշտպանության վրա ծախսվող գումարները, քանի որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպված է հետ չմնալ հարևան երկրի հետ սպառազինությունների մրցավազքում:
Կարելի է նաև ոչ այնքան տրամաբանական թվացող թվերի հանդիպել: Այսպես, Հայաստանը ոստիկանական համակարգի վրա ծախսում է կրկնակի ավելի գումար, քան ազգային անվտանգության, այն դեպքում, երբ մեր երկիրը շրջապատված է առնվազն երկու ոչ բարեկամ պետություններով` Թուրքիա և Ադրբեջան, որոնց հետ Հայաստանի ունեցած սահմանները կազմում են ընդհանուր սահմանների ավելի քան 85 տոկոսը:
Պաստառի վրա` ամենաներքևի աջ անկյունում կարող եք տեսնել, որ Հայաստանի արտաքին պարտքը, համաձայն վավերացված բյուջեի կանխատեսումների, արդեն հասել է մեկ տրիլիոն 338 միլիարդ դրամի` գրեթե մեկուկես անգամ գերազանցելով հաստատված բյուջեի ծավալը:
Պետության բյուջեն արտացոլում է թե՛ երկրի առաջնահերությունները, թե՛ սահմանափակումները: Անգլերեն և հայերեն այս պաստառը ներկայացնում է թե՛ պետության ընտրությունը, թե՛ ներկա հնարավորությունները: