2010coverՆԱԽԱԲԱՆ
Երեք տարի առաջ Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակեց իր առաջին տարեկան զեկույցը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ տեսակետներ` հայաստանյան տեսանկյունից, այն ինչ չեն անում միջազգային հանրության համանման զեկույցները:

Տարեվերջին ամփոփված այս գնահատականները նպատակ ունեն ամբողջացնելու անցած տարվա իրադարձություններն ու միտումները, ինչպես նաև ապագայում որոշ խնդիրների լուծման ուղիներ նախանշել: 2010-ը մեզ ընդհուպ մոտեցնում է Հայաստանի անկախության 20-ամյակին: Մասամբ նաև այդ պատճառով, հաշվի առնելով անկախության 20-րդ տարվա նախաշեմին Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումների մակարդակը, զեկույցում տեղ գտած որոշ գնահատականներ իրատեսորեն խիստ են ձևակերպված:

2011-ին Հայաստանը կթևակոխի անկախության երրորդ տասնամյակ: Սա առիթ է լրջորեն մտածելու այն խնդիրների շուրջ, որոնց պատճառով ամենատարբեր ցուցիչներով ու սանդղակներով Հայաստանը վատ դիրքերում է թե՛ տնտեսական և քաղաքական, թե՛ սոցիալական ու ժողովրդավարական ցուցանիշներով:

Իրար հաջորդած կառավարությունները չեն առաջարկել ո՛չ հասարակության մտահոգություններին արձագանքող երկարաժամկետ համապարփակ պատկերացումներ երկրի ապագայի վերաբերյալ, ո՛չ էլ կարճաժամկետ իրագործելի ծրագրեր: Քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները նույնպես չեն ցուցաբերել երկրի ապագայի շուրջ հիմնարար խնդիրների վերաբերյալ հետևողական, բաց և ընդգրկուն բանավեճ ծավալելու պատրաստակամություն և հետևողականություն: Իսկ նման հարցերը շատ են:

•Որո՞նք են Հայաստանի անվտանգության բավարար պահանջները։
•Ինչպե՞ս կարելի է բարեփոխել Հայաստանի քաղաքական համակարգը այն առողջացնելու և ընդգրկուն դարձնելու համար։
•Ինչպիսի՞ն պետք է լինի կրթական համակարգը, որպեսզի պահպանելով ազգային ինքնությունը, նաև հնարավորություն ընձեռի փոքր ժողովրդին համաշխարհային բեմում մրցունակ դառնալ:
•Ո՞րն է անձի ազատության և համընդհանուր բարեկեցության համադրման համար անհրաժեշտ փոխզիջման չափը:
•Որքանո՞վ է հայ հասարակությունը պատրաստ պաշտպանել ամենախոցելի խավերի իրավունքները:
Ինչպե՞ս է հնարավոր խելամտորեն և իրականում տարանջատել քաղաքական և գործարար շահերը:
•Ինչպե՞ս անել, որ բաց, ազատական կառավարությունը աջակցի խորը, կայուն և բազմակողմանի տնտեսական աճին:
•Ի՞նչ գին է պատրաստ Հայաստանը վճարել շրջակա միջավայրը պաշտպանելու համար` առողջ բնապահպանական ու տնտեսական արդյունքներ ստանալու համար:
•Ինչպե՞ս հնարավոր դարձնել հանրության համար մատչելի որակյալ առողջապահական համակարգի ներդրումը:
•Ինչպե՞ս վերականգնել հույսն ու հավատը արդարադատության համակարգի հանդեպ:
•Ինչպե՞ս ապահովել զինվորի՝ որպես անհատի և բանակի՝ որպես հաստատության բարոյականությունն ու ազնվությունը:
•Ինչպե՞ս հասնել Հայաստան-սփյուռք հարաբերությունների անհրաժեշտ մակարդակի։

Որո՞նք են քաղաքականության նպատակները մարդկանց ամենօրյա կյանքի այս բոլոր կարևորագույն ոլորտներում: Պատասխանը պետք է փնտրել Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներում՝ Հայաստանը դարձնելու համար ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական և իրավական պետություն։

Տարեդարձները հնարավորություն են ընձեռում հետ նայելու և միևնույն ժամանակ մեծացնում են ապագայի հանդեպ ակնկալիքները: Անկախ Հայաստանի 20-րդ տարին հենց այդպիսի տարի է լինելու:

ՆԵՐԱԾԱԿԱՆ
Այս հրատարակությունը անդրադառնում է Հայաստանում անցած տարվա քաղաքական և տնտեսական իրադարձություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային այն զարգացումներին, որոնք ազդել են տարածաշրջանի վրա:

2009-ը մենք բնութագրել էինք որպես խոստումի և այլ իրականության տարի: Այդ տարին մեզ խոստանում էր շատ ավելին, քան ի վերջո տվեց` ներքին և տարածաշրջանային իրողությունների հետևանքով:

2010-ին Հայաստանում ակնհայտ աղետներ կամ տեսանելի ձեռքբերումներ չեղան, թեև տնտեսական և քաղաքական խնդիրները շարունակում էին մնալ չլուծված: Այն, որ նման լճացումը ինքնին խոչընդոտ էր տնտեսական և քաղաքական առաջընթացի համար ակնհայտ դարձավ հենց այն քայլերով, որոնք չիրականացվեցին: 2010-ին տարածաշրջանի ներքին անորոշություններին գումարվեցին տարածաշրջանի հանդեպ համաշխարհային անորոշությունը: Մասամբ, նախորդ տարվա ԱՄՆ-Ռուսաստան մերձեցման, մասամբ ստիպված կամ կամավոր ընդունված որոշումների հետևանքով Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում ավելի զգալի դարձավ:

Հայաստանը չբարելավեց հարաբերությունները արևելյան և արևմտյան հարևանների հետ: Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո սառեցին նաև Անկարա-Երևան պաշտոնական հարաբերությունները: Սրա արդյունքում լավատեսները հիասթափվեցին, միջնորդները շփոթվեցին իսկ քննադատների հոռետեսությունն արդարացվեց:

Ղարաբաղյան բանակցությունները 2010-ին մտան անորոշության, անկանխատեսելիության և վտանգի փուլ:

Ներքին գործընթացներում հայ հասարակության մեջ գնալով աճեց լարվածությունը անձնական ազատության և ավելի մեծ քաղաքացիական ազատությունների ակնկալիքի միջև։ Արդյունքում, քաղաքական տեսանկյունից աննկատ տարում ծնվեցին մի շարք քաղաքացիական շարժումներ:

Միջին խավը փորձում էր հասնել բարգավաճման և բարեկեցության տնտեսապես և քաղաքականապես անկանխատեսելի և ոչ թափանցիկ միջավայրում: Արդյունքում, միջին խավի գոհունակության փոխարեն, որ կարող էր լավատեսների երկիր ստեղծել, միջին խավի դժգոհությունը լրացրեց հոռետեսների աճող շարքերը: Այս միտումն ավելի խորացավ այն համոզմունքից, որ տնտեսական և հանրային ոլորտի հաստատությունները` դպրոցներից մինչև ոստիկանություն, կառուցվածքային փոփոխությունների չենթարկվեցին, և հավանաբար այդ պատճառով ընկալվեցին անփոփոխելի: Միջազգային հանրությունը և երկրի քաղաքացիները սա համարեցին ոչ թե անորոշության մեծ ալիք, այլ նահանջի մշտական իրավիճակ:

Տնտեսական ոլորտում, կառավարությունը սպառեց տնտեսական ճգնաժամից ելք գտնելու բոլոր մատչելի հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները: Կառավարությունը որոշակի հաջողության հասավ` թույլ չտալով, որ ֆինանսական խնդիրները էլ ավելի խորանան: Բայց 2010-ին կառավարությունը չկարողացավ քաղաքականապես զգայուն բարեփոխումներ իրականացնել: Դրա հետևանքով՝ տնտեսական բազմազանեցման և մրցակցության պակասը, ինչպես նաև բիզնեսի և կառավարության ներկայացուցիչների փոխկապակցվածությունը մնացին տնտեսական աճի հիմնական խոչընդոտները:

2010-ին, իրոք, տնտեսական աճին խոչընդոտում էին կառուցվածքային հիմնարար բազմաթիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներ: Տարին ավարտվեց այնպես, ինչպես սկսվեց՝ անորոշությամբ, անհատական և ազգային մակարդակում:

Կարդացեք զեկույցն ամբողջությամբ (pdf)

Անորոշության տարի