Հատվածներ «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցից
Միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպես նաև`առանձին երկրներ, Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ պարբերաբար հրապարակում են զեկույցներ: Այդ զեկույցները կարևոր են, քանի որ նաեւ դրանցով է միջազգային հանրությունը կարծիք կազմում Հայաստանի մասին: Սիվիլիթաս հիմնադրամը իր գործունեության հենց առաջին տարում հրապարակեց Հայաստանի մասին տարեկան զեկույց: 2009-ի դեկտեմբերին հրապարակվեց տարեկան երկրորդ զեկույցը: Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների`Սիվիլիթասի զեկույցները գրում են գերազանցապես Հայաստանում աշխատող լրագրողներ, փորձագետներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ, այսինքն`դրանք գրվում են «ներսի աչքերով»:
2008-ի զեկույցը մենք վերնագրել էինք «Ճգնաժամ և հնարավորություն», իսկ նախորդ տարվանը`«Խոստում և իրականություն»: Զեկույցը կազմված է երեք հիմնական մասերից` տարածաշրջանային զարգացումներ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակ և երկրի տնտեսության պատկեր: Այդ երեք բաժիններում ոչ միայն արվել են վերլուծություններ, շարադրվել 2009-ի հիմնական իրադարձությունները, այլև կատարվել են կանխատեսումներ 2010 թվականի համար, ինչպես նաև`առաջադրվել լուծման տարբերականեր: Բացի այդ, առանձին հավելվածի ձևով ներկայացրել ենք, թե ինչպես են ծախսվում Հայաստանի պետական բյուջեի գումարները:
Սիվիլիթասի զեկույցները հատկապես արժեքավոր են այն իմաստով, որ ոչ միայն ամփոփ ձեւով ներկայացնում են նախորդ տարվա հիմնական իրադարձությունները, այլ արվում են կանխատեսումներ և առաջարկվում լուծումներ գալիք տարվա համար:
Նախ անդրադառնանք հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան կարգավորման հեռանկարին: Հայաստան-Թուրքիա զարգացումներում Սիվիլիթասը 2010թ. համար կանխատեսում է հնարավոր չորս զարգացումներ:
Առաջին` ողջամիտ ժամկետներում, ինչպես ամերիկյան և թուրքական ղեկավարություններն են հրապարակավ ասել, հայերն ու ադրբեջանցիները հասնում են համաձայնության` պաշտոնական կամ ոչ պաշտոնական փաստաթղթի ստորագրումով, որն ընդունելի է Ադրբեջանի համար: Այս դեպքում Թուրքիան վավերացնում է արձանագրությունները և բացում սահմանը:
Երկրորդ` ողջամիտ ժամկետներում հայերի և ադրբեջանցիների միջև ոչինչ չի համաձայնեցվում, բայց միջազգային, հատկապես ամերիկյան ճնշման տակ, օգտագործելով ապրիլի 24-ը որպես վերջնաժամկետ, Թուրքիան վտանգ կզգա և կվավերացնի արձանագրությունները և կսկսի սահմանը բացելու գործընթացը:
Երրորդ`հայերի և ադրբեջանցիների միջև ոչինչ չի համաձայնեցվում: Միջազգային, հատկապես ամերիկյան և շվեյցարական ճնշումներ են բանեցվում Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի սահմանը, սակայն Թուրքիան դիմադրում է:
Եվ չորրորդ` հայերն ու ադրբեջանցիները չեն հասնում փոխադարձ ընդունելի համաձայնագրի, սակայն Թուրքիան Միացյալ Նահանգներից և այլ միջնորդներից ստանում է լուրջ երաշխիքներ առ այն, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի Ադրբեջանի համար ընդունելի, հատկապես տարածքների վերադարձի և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ որոշման առումով:
Սիվիլիթասի վերլուծաբանները կարծում են, որ շարունակվող և անավարտ Հայաստան-Թուրքիա գործընթացը կբարդացնի ղարաբաղյան կարգավորումը: Կողմերը կենտրոնանալու և փորձելու են ստորագրել սկզբունքների մասին շրջանակային փաստաթուղթ: Թուրք-հայկական գործընթացի ուժգնացող ճնշումը նվազեցնելու է Հայաստանի խուսանավելու հնարավորությունը: Անգամ ամենաանվտանգ փոխզիջման հնարավորությունները, որոնք ավելի վաղ կարող էին ընդունելի լինել, այժմ հայկական կողմի համար ավելի դժվար են լինելու` Հայաստանի վարչակազմին դնելով դժվարին կացության մեջ:
Ստեղծված այս բարդ և հայկական կողմի համար ոչ այնքան շահեկան իրավիճակը հաշվի առնելով` Սիվիլիթասը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումներին և ղարաբաղյան գործընթացին պետք է առաջարկի հանրային պարզ ընկալելի պատասխաններ: Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Հայաստանի հիմնական մարտահրավերը պետք է լինի հրապարակային անկեղծությունը երկու արձանագրությունների ընկալման, առավելապես խնդրահարույց երկու`փոխադարձ սահմանների ճանաչման և պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման հարցերում, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի ղեկավարությունը փաստաթղթերի իր մեկնաբանություններում հրապարակային է `անգամ մինչև դրանց վավերացումը:
Հայաստանը պետք է կանխի ղարաբաղյան կարգավորման գործում ջատագովի դեր ստանձնելու Թուրքիայի ձգտումը, ինչպես նաև` խուսափի մեղավոր ընկալվելուց այն դեպքում, եթե Թուրքիան որոշի չվավերացնել արձանագրությունները, ասվում է զեկույցում: Թուրքիայի ջանքերին` շուռ տալ և արձանագրություների ստորագրումը ներկայացնել իբր ավարտված գործընթաց, որում Թուրքիան անգամ մասնակցելով արել է մեծ փոխզիջումներ ու հիմա սպասում է Հայաստանին, որպեսզի նա վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները, Հայաստանը պետք է անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնի:
Բացի այդ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ձեռքից բաց չթողնի, Հայաստանին անհրաժեշտ է հակազդել Ադրբեջանի` ղարաբաղյան կարգավորման էությունը տարածքների վերադարձին վերագրելու ակնհայտ ջանքերին:
Ո՛չ Թուրքիա-Հայաստան բաց սահմանի ակնկալիքը, և ո՛չ էլ այդ սահմանի իրական բացումը չպետք է Հայաստանին անուշադիր դարձնի Վրաստանի և Իրանի նկատմամբ: Ու քանի դեռ Թուրքիա-Հայաստան անորոշությունները պահպանվում են, չափազանց կարևոր է մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի անվտանգության և զարգացման հարցում Վրաստանի ու Իրանի կարևորությունը: Այս երկու պետությունները պետք է զգան, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը Երևանը չի դիտարկում որպես փոխարինում, այլ` հյուսիս-հարավ հարևանների հետ փոխլրացում:
2010 թվականին, ըստ Սիվիլիթասի, Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունները առավելապես պայմանավորված կլինեն արտաքին հարթության վրա սպասվելիք զարգացումներով` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներով:
Ընդդիմության վերջին շրջանի մարտավարությունը նույնպես հիմնված է արտաքին քաղաքական զարգացումների սպասումների վրա: Հետևաբար, եթե ղարաբաղյան հարցում որևէ էական տեղաշարժ և ստասուս քվոյի խախտում չարձանագրվի, ներքին քաղաքական ցնցումները նույնպես քիչ հավանական են:
Խորացող տնտեսական ճգնաժամը կարող է սոցիալական դժգոհության ալիքի աղբյուր դառնալ, ինչը կարող է թուլացնել իշխանության դիրքերը և միևնույն ժամանակ` ընդդիմադիր տարբեր ուժերի միջև այս թեմայի արդյունավետ շահարկման համար մրցակցություն ստեղծել:
Նկատի ունենալով, որ 2010 թվականը քաղաքական ուժերին ևս մեկ տարով կմոտեցնի խորհրդարանի հերթական ընտրությանը, սպասելի է, որ էլ ավելի կմեծանան թե՛ ընդդիմության, թե՛ իշխանական դաշտում առկա խմորումները, որոնք կարող են արտահայտվել անակնկալ զարգացումներով, ինչպես օրինակ անցնող տարում անկուսակցական վարչապետի և նրա թիմի անսպասելի և կոլեկտիվ կուսակցականացումն էր:
Ընդհանուր առմամբ`2009թ. ներքաղաքական տարին աչքի ընկավ նրանով, որ քաղաքական դաշտում առավելապես խորացրեց անորոշությունն ու փոշիացրեց նույնիսկ այն որոշակին, ինչը դրսեւորվել էր 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Քաղաքական խնդիրների հանդեպ նոր մոտեցման խոստումը չկատարվեց, իսկ իրականությունը մնաց ներիշխանական, ներկուսակցական, ներխմբակային նախապաշարումների շրջանակում: Այլ կերպ`նոր հնարավորություններին ինչպես միշտ խանգարեց հին մտածողությունը: Հասարակությունը բաժանող պատը մնաց կանգուն, պատի երկու կողմերում կանգնածները պարզապես հեռացան պատից`տարբեր ուղղություններով:
Երկնիշ աճից` երկնիշ անկում. այսպես է վերնագրված զեկույցի տնտեսական հատվածը:
Հայաստանը թե՛ տարածաշրջանում, թե՛ նույնիսկ աշխարհում ճգնաժամից ամենամեծ հարված ստացած երկրներից էր:
Աննախադեպ տնտեսական անկման պատճառներից մեկը կառավարության ուշացած և անբավարար պատասխանն էր խորացող ճգնաժամին: Բավական է հիշել երկրի վարչապետի`2008-ի վերջերին արված հայտարարությունը, թե ճգնաժամը դժվար թե լուրջ հարված հասցնի Հայաստանի տնտեսությանը:
Շինարարության ոլորտը, որ տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղն էր, ենթարկվեց ճգնաժամի ծանրագույն հարվածներին:
Եթե արտաքին պարտքը 2007 թվականին կազմում էր ՀՆԱ-ի 13 տոկոսը, ապա 2010-ին կարող է նույնիսկ անցնել 40 տոկոսը` կասկածի տակ դնելով Հայաստանի պարտքի կառավարելիությունը:
Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցը շատ ավելի ընդգրկուն է, իսկ մենք ներկայացրինք միայն հատվածներ: Ավելի մանրամասն` կարդացեք զեկույցը մեր կայքէջում` www.civilitasgoundation.org