Հուլիսի 7-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած “Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն” քննարկմանը ներկա էին հարյուրից ավելի հյուրեր, հասարակական-քաղաքական գործիչներ: Հրավիրված բանախոսներն էին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար, “Այբենգիր” հրատարակչատան հիմնադիր Նաիրա Մելքումյանը: Բացելով քննարկումը Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը խոսեց այն մասին, որ քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը մեզ ստիպում է Հայաստանի ներսում քաղաքակիրթ բանավեճի փոխարեն, ամբիոններ փնտրել այլ տեղ: Այդպես Հայաստանի դատարաններում մեր արդարացիությունը պաշտպանելու հնարավորության բացակայության պայմաններում, մենք ստիպված գնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայաստանի խորհրդարանում բանավեճի հնարավորության բացակայության պայմաններում, բանավեճը տեղափոխվում է ԵԽԽՎ:
Հրանուշ Խառատյանի համոզմամբ լրջագույն խնդիրների վերաբերյալ բանավեճի բացակայությունը երկու պատճառ ունի: Նախ` մինչև այժմ Հայաստանի բոլոր իշխանավորների պահվածքը թելադրել է մի մշակույթ, որ. «Հայաստանում բանավեճ չկա: Կա իրենց ճիշտը ներկայացնելու և մարդկանց անվանարկելու ուղղակի ճանապարհ և միջոց: Եվ երկորդ` շատ հեշտ է մարդուն կոչել «ազգի դավաճան, փոխանակ նստելու, քննարկելու, մտածելու, լուծումներ առաջարկելու, այսինքն` վերլուծություն, հետևություներ անելու»: Հրանուշ Խառատյանը նաև նշեց. «Հասարակությունը կարող է լսել, թե «էս մեկը ինչ կեղտոտ մարդ է, էն մեկը ինչ սրիկա մարդ է, էս մեկը ինչ կրիմինալ է և այլն, որ երևի իրականում իր ներսում ճշմարտություն ունի: Բայց սա չէ քննարկման խնդիրը: Քաղաքական դիսկուսիայի երևույթը զարմանալիորեն իսպառ բացակայում է նաև մամուլի մեջ: Մինչև մեր կարևորագույն կամ այդպիսի հայտ ներկայացնող քաղաքական ուժերը իրենք չվերլուծեն իրենց հակոտնյա խմբի հայացքները, կամ իրենց հայացքները վերլուծելով` չներկայացնեն, մենք չենք ունենալու այսպիսի մշակույթ»:
Քաղաքական բանավեճում հանդուրժողականության բացակայության խնդրին անդրառանալով Հրանուշ Խառատյանը նկատեց. «Հայաստանում հանդուրժողականություն բառը ունի հնազանդություն իմաստը: Իշխանությունը իրականում իր հպատակներն ունի և հպատակությունից հնազանդություն է սպասում, որի անունը դնում ենք հանդուրժողականություն: Իսկ հանդուրժողականություն բառը գլոբալ իմաստով մեծ փիլիսոփայություն ունի, որը նախ և առաջ, նշանակում է, որ ավելի լայնախոհ և ավելի մեծ հնարավորություն ունեցող մեկը պետք է հանդուրժողաբար քննարկի խնդիրը, և եթե նա սխալվում է, պետք է փորձի ընդունել իր սխալը և վերակառուցել իր մոտեցումը: Այս երևույթը գործնականում իսպառ բացակայում է մեր հասարակությունում»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցավոք, խորհրդարանը այսօր չի դարձել այն վայրը, որտեղ քաղաքական խորքային քննարկումներ են ծավալվում: «Դրա փոխարեն մենք այլ բան ունենք` փողոցային քննարկումներ (փողոցային բառը այստեղ ես օգտագործում եմ պառլամենտից դուրս և ոչ հասարակական կազմակերպված սեկտորի քննարկումների իմաստով): Եվ կարծեք այստեղ հնչեցված ցանկացած խոսք, կարծիք, ցավոք, դառնում է տիրապետող հասարակության մեջ», նշեց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ ինքը չէր դիմի ադրբեջանցի և թուրք պատգամավորիների, բայց սա չի նշանակում, որ այն, ինչ ձեռնարկվել է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, արդարացի է: «Եթե մենք ունենք պատվիրակություն, որը ներկայացնում է Հայաստանը, և որը ղեկավարում է իշխող կուսակցության ներկայացուցիչը, կարծում եմ` առաջին ու հիմնական պատասխանատուն նա ինքը պիտի լիներ, պատասխանատու, որը պետք է կարողանար, առաջին հերթին, այդ տարաձայնությունները հարթել, և եթե չհաջողվեր, նոր հետագա գործողություններ աներ, այլ ոչ թե միանգամից ուղղակի դատափետեր մի արարք, որի բովանդակության հետ կապված` պատվիրակության շատ անդամներ, իրենց խոսքերով, «խնդիր չունեն»: Ես ինքս ունեմ նաև բովանդակության հետ կապված խնդիր: Բայց եթե իրենք չունեին նման խնդիր, այդ դեպքում զարմանալի հարց է առաջանում` «ինչո՞ւ չէիք ստորագրում, ապահովեիք 5 ստորագրությունը, որ մարդը չգնար թուրքի կամ ադրբեջանցու մոտ»:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանն ասաց. «Զարուհի Փոստանջյանի դեմ սկսված արշավը շատ վատ արտաքին քաղաքական հետևանքներ է ունենալու, որովհետև այդ եվրոպական կառույցները, որոնց հետ մենք համագործակցում ենք, որոնցից ինչ-որ բան ենք սպասում, շատ լավ տեղյակ են լինելու, թե ինչպիսի որակավորումներով վերջացավ նրանց ինչ-որ նախաձեռնությունը: Ոչ մեկը չի հետաքրքրվելու, թե ինչու այդպես եղավ: Հետևանքը լինելու է այն, որ Հայաստանում հնարավոր է կին քաղաքական գործչի մասին նման արտահայտություններ անել, և դա դառնալու է Հայաստանի համար արտաքին քաղաքական խնդիր»:
Նաիրա Մելքումյանը կարծում է, որ Հայաստանում մեծ թվով ակտիվ կանայք չեն մտնում քաղաքականություն, «որովհետև վախենում են այդ անհանդուրժողականությունից»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դահլիճից համաձայնեց, որ երբ քաղաքական բանավեճի փոխարեն հնչում են միայն վիրավորանքներ, ինչպես եղավ Զարուհի Փոստանջյանի դեպքում, ապա հարցի լուծումը դատարանն է: «Բայց հաշվի առեք մի բան: Ի վերջո, եթե դատական իշխանության միջոցով մենք փորձենք լուծել այդ խնդիրը, դամոկլյան սուրը կկախվի ընդդիմադիրների վրա, որովհետև իշխանական որևէ գործիչ դատարանում պատասխան չի տա: Այ սա է հարցը: Փակ շրջան է, որի լուծումը (ես միշտ եմ դա ասում) անկախ դատական իշխանություն ստեղծելն է: Մեզ մոտ, բոլոր հարցումներով, դատարանների նկատմամբ վստահությունը 2 % է: Գոնե պետք է ունենանք, գոնե 50 %-ի վստահություն, որ որևէ դատական որոշում որևէ մեկի նկատմամբ չընկալվի որպես իշխանությունների պատվեր, ընդդիմության խոսքի ազատության սահմանափակում»:
Ավետիք Իշխանյանի խոսքերով` հատկապես 1995 թ. հետո Հայաստանում բանավեճեր չեն եղել, այլ եղել են միայն «երկկողմանի հայհոյանքներ»: Այսպես էր Խորհրդային Միության տարիներին, երբ, օրինակ, որևէ գիտական հարցի վերաբերյալ գիտնականների տարակարծությունները վերածվում էին անձնական թշնամանքի, տարբեր խմբերի միջև պայքարի, ընդհուպ մինչև աշխատանքից հեռացնելը և հալածելը: «Քաղաքական այդ հակամշակույթը նաև այնպիսի դրևորումներ է ձեռք բերել, որ մեզ մոտ կառուցողական ընդդիմություն կընկալվի այն ընդդիմությունը, որը հայհոյախառն չի խոսում: Իսկ իսկական ընդդիմություն համարվում է նա, ով ավելի սուր, հայհոյական է խոսում», ասաց իրավապաշտպանը:
Այս առթիվ «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթաց» ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանը նշեց, որ քաղաքական մշակույթը առաջին հերթին ձևավորում են շարքային մարդիկ` իրենց վարքագծով: «Այդ համակարգի մասնիկները մենք ենք: Իսկ ինչպիսի՞ն է մեր վարքագիծը` իբրև անձի, իբրև քաղաքական գործչի, իբրև հասարակական կազմակերպության ներկայացուցչի, այս իրավիճակում: Կարծում եմ, որ այստեղ մեղքը ավելի շատ ոչ թե պետությանն է, ոչ թե կազմակերպությանն է, այլ մերն է՝ յուրաքանչյուրինս: Այդ բառերը հնչեցնելիս մենք մտածե՞լ ենք, թե կարող ենք պատասխան տալ, թե ինչու մենք այդ ասացինք: Ես չեմ տեսնում մեր հասարակության մեջ, որ ցանկացած անձ իր հնչեցրած բառի համար պատասխանատվություն կրի», ասաց Աղավնի Կարախանյանը:
Քննարկման մեկ այլ մասնակից` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, նշեց, որ քաղաքականության մեջ կանանց իրացվածության ցուցանիշով Հայաստանը աշխարհի մոտ 125 խորհրդարանական երկրների մեջ ընդամենը 106-րդ տեղն է զբաղեցնում` աֆրիկյան զարգացող երկրների կողքին:
Նրա համոզմամբ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ. «խնդիրները և պատճառները շատ ավելի խորքային են: Ցավոք սրտի, քաղաքական մշակույթի այն որակը, որ մենք ունենք, առողջ բանավեճը կարծես թե բացառում է, և հայտնվում ենք ծայրահեղությունների միջավայրում»: