Շուրջ ութ տարի Թամարան ապրել և աշխատել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Երկու տարի առաջ վերադարձել է հայրենի Գյումրի: Սիրով է պատմում խորհրդային շրջանում ունեցած իր ձեռքբերումների մասին՝ բարձրագույն կրթություն, լավ աշխատանք, ճամփորդություններ, հարգանք շրջապատի կողմից: Սակայն երկրաշարժից և անկախացումից հետո Գյումրիում ամեն ինչ քաոսային է դառնում: Թամարայի տունը փլվում է, նա դառնում է գործազուրկ, ուսերին՝ անկողնուն գամված մորը խնամելու հոգսը: Չնայած դժվարություններին՝ Թամարան չի լքում Գյումրին: Միայն ծնողի կորուստն է ստիպում նրան վերանայել իր կյանքն ու աշխատանք փնտրել արտերկրում:
2005 թվականին Թամարան մեկնել է Սալոնիկ, որտեղ միայն մի ընկերուհի ուներ: Հենց նա էլ Թամարային օգնել է աշխատանք գտնել:
«Շատ դժվար կյանք եմ անցկացրել այնտեղ: Նախկինում ես շատ եմ եղել արտասահմանում, բայց այն ժամանակ ուրիշ կարգավիճակով էի գնում: Գնում էի որպես պատվիրակության անդամ, հարգով-պատվով գնում, իմ գործերն ավարտում ու գալիս էի: Բայց հիմա լրիվ ուրիշ կարգավիճակ էր. ոնց որ ստրուկ լինեի: Ես շատ հարմարվող եմ, բայց եղել են պահեր, երբ ամբողջ գիշեր լաց եմ եղել: Մտածում էի՝ արդյո՞ք այս մարդիկ արժեն, որ եկել եմ՝ նրանց ձեռքի տակ աշխատում եմ: Իրենց տգետ հալով, քեզ էնպես վերից էին նայում…»:
Թամարան Հունաստան էր մեկնել տուրիստական վիզայով, սակայն աշխատանքը շարունակելու համար ստիպված է եղել խախտել մուտքի թույլտվության ժամկետը: Կացության թույլտվություն և գրանցում չունենալու պատճառով Թամարան հիմնականում դուրս չի եկել տանից: Այդպես՝ ութ տարի:
«Չեք պատկերացնի՝ մեր հայերը, ովքեր փաստաթուղթ ու գրանցում չունեն, ինչ վատ կարգավիճակում են այնտեղ: Ճիշտ է, մարդիկ երկու-երեք կոպեկ ավել են վաստակում, բայց իրենց կորցնում են, գիտեն թե դա վերջն է, ու իրենք էլ հետ չպիտի գան: Բացարձակապես հպարտություն գոյություն չունի: Ազգի անունի մասին մտածող չկա: Այն մարդկանց, ովքեր մեզ նման վերադարձողների հետ են աշխատում, խորհուրդ կտայի, որ խնդրին հոգեբանորեն նայեն, որովհետև մարդիկ արտերկրից այնքան ճզմված են գալիս, այնքան արժանապատվությունը կորցրած…
Միակ դրականն այն էր, որ աշխատավարձս ստանում էի ու ուղարկում Հայաստան: Այնքան լավ էի ինձ զգում, ամենայն անկեղծությամբ: Երբ ընտանիքս իմ կարիքն ուներ ու ես գումար էի ուղարկում, շատ լավ էի զգում… Այ, հիմա վատ եմ զգում, որ չեմ կարող օգնել»:
Ութ տարի աշխատելուց հետո Թամարան հիվանդացել ու վիրահատվել է, որից հետո որոշել է վերադառնալ Հայաստան: Հունաստանի սահմանակետում նրան առաջարկել են վճարել 300 եվրո, որպեսզի արտաքսման կնիք չդնեն նրա անձնագրում` «դեպորտ չխփեն», սակայն Թամարան հրաժարվել է:
«Ասացին, որ գնաք, էլի կարող եք հետ դառնալ: Ասացի չէ, շատ շնորհակալ եմ, ես հետ դարձողը չեմ: Խփեք:
Արդեն երկու տարի է վերադարձել եմ: Երբ եկա, մարդիկ շատ «դեֆորմացված» էին թվում: Գյումրիի մասին է խոսքը: Դե, Երևանը կենտրոն է, մարդիկ ապրում են, իսկ այստեղ ոնց որ մահացած քաղաք լինի: Ճիշտ է, եկել եմ, բայց կյանքը այն չէ, ոնց որ սպասես, թե օրերը երբ են անցնելու: Ոչ մի հետաքրքիր բան, ոչ մի աշխատանք, գոնե որ աշխատելու տեղ լինի՝ մարդիկ կյանքով կլցվեն:
Նորից գնալու մասին դեռ չեմ մտածել, բայց եթե աշխատանք չունենամ … Գիտեք ինչ՝ եթե ամեն օր հաց պիտի խնդրես, ավելի լավ է չուտես…»:
Նյութը պատրաստվել է Սիվիլիթաս հիմնադրամի միգրացիոն հետազոտության շրջանակում, որն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամների» Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագրի շրջանակում: