Մեր շարքի հաջորդ հերոսը՝ Անահիտը, ծնունդով Բաքվից է: 1990-ական թվականների սկզբին՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ, Անահիտն իր դստեր հետ ապաստան է գտնում Հայաստանում: Սակայն տեղափոխվելուց երկու տասնամյակ անց էլ, արդեն ՀՀ քաղաքացու կարգավիճակով, Անահիտի ընտանիքը շարունակում է պայքարել սեփական տանիք ունենալու համար: Անահիտը բնակվում է հանրակացարանում և հույսով սպասում, որ մի օր սեփական բնակարան կունենա:
2010 թվականին Անահիտը որոշում է մեկնել Թուրքիա՝ տան համար գումար վաստակելու: Մեկնում է Ստամբուլ, որտեղ քրոջ դուստրերը, նույնպես ապրուստ վաստակելու համար, արդեն մի քանի տարի աշխատում են որպես տնայնագործներ և խնամակալներ:
«Ինձ տարան «օֆիս», որտեղ մնացի այնքան ժամանակ մինչև ինձանից հարցազրույց վերցրին, հարցրին որտեղից եմ եկել, քանի տարեկան եմ, ինչ կարող եմ անել… Իմ առավելությունն այն էր, որ տիրապետում էի ադրբեջաներենին և, հարմարեցնելով այն թուրքերենին, կարողանում էի հաղորդակցվել թուրքերի հետ: Ինձ աշխատանքի ընդունեցին մի տանը, որտեղ պետք է տնային գործեր անեի՝ մաքրություն, արդուկ, խոհանոց…
Ինձ մուտքի թույլտվություն էին տվել միայն երեք ամսով, բայց ես ժամկետից երկար մնացի: Իհարկե, լավ գիտակցում էի, որ օրենքը խախտում եմ, բայց մնացի, որպեսզի կարողանամ մի փոքր գումար վաստակել թոռներիս օգնելու և ինձ համար մի անկյուն ձեռք բերելու համար»:
Շուրջ երկու տարի աշխատելուց հետո, Անահիտը որոշում է վերադառնալ Հայաստան: Ասում է, որ հիմնական պատճառը կարոտն էր:
«Շատ էի կարոտել, էլ չդիմացա: Գիտեի, որ դեպորտ են անելու, բայց կարոտից աչքիս բան չէր գալիս, մտածում էի կգնամ, էլի հետ կգամ: Բայց հիմա փոշմանել եմ, պետք է դիմանայի: Ցանկանում եմ նորից վերադառնալ Թուրքիա, սակայն չեմ կարող: Պետք է հինգ տարի սպասեմ, մինչև օրենքը թույլ տա նորից մուտք գործել Թուրքիա: Կցանկանայի փորձել Եվրոպա գնալ, բայց դե լեզու չգիտեմ: Ինձ ավելի հարմար է Թուրքիա գնամ, քանի որ լեզվին որոշ չափով տիրապետում եմ:
Ես խնդիրներ չեմ ունեցել Ստամբուլում, հայերի հետ շատ լավ էին վերաբերվում, կոնկրետ այն թուրքերի տանը, որտեղ ես էի աշխատում, շատ լավ էին ինձ վերաբերվում: Ճիշտ է, ամեն տեղ էլ խտրականություն կա, օրինակ, հայերիս ավելի քիչ են վճարում, քան թուրք աշխատողներին: Ասենք, եթե ես ստանում էի 300 դոլար ամսական աշխատավարձ, թուրք աշխատողը ստանում էր 400:
Ստամբուլում աշխատող հայաստանցիները հիմնականում կանայք են: Տղամարդիկ ավելի քիչ են և աշխատում են որպես որպես կոշկակար, այգեպան, գործարաններում բանվոր: Կանանց համար գործ շատ կա, հիմնականում տնայնագործություն և հիվանդների խնամք: Թուրքերը նախընտրում են աշխատանքի ընդունել հատկապես հայ կանանց, այլ ոչ թե ռուսների, վրացիների, կամ հենց թուրքերի, քանի որ համարում են, որ հայերն ազնիվ են աշխատում, մաքրասեր են և շնորհքով»:
Նյութը պատրաստվել է Սիվիլիթաս հիմնադրամի միգրացիոն հետազոտության շրջանակում, որն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամների» Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագիրը: