-Պարո՛ն Օսկանյան, այսօր կարծես ակնհայտ է, որ գործադիր իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը կողմ են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Այս պարագայում կարծես ոչինչ չի խոչընդոտում դրան, հատկապես, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ քանի որ ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է,ապա ակնհայտ է, որ կողմ է արձանագրությունների ստորագրմանը, քանի որ դա սահմանի բացման տանող միակ ճանապարհն է:
-Նախ սահմանի բացմանը տանող ավելի արժանապատիվ ճանապարհ կար, ես դրանում չեմ կասկածում: Այսօր ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ընդհանուր տրամադրությունները առավել քան տեսանելի են: Հայաստանում թեկուզ ձևական քննարկուների արդյունքում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի արտասահմանյան այս շրջագայությունից ակնհայտ է, որ մեծ դիմադրություն կա այս նախաձեռնությանը: Այս գործընթացի արդյունքում, որի վտանգը ինձ համար գոնե տեսանելի էր հենց սկզբից, ազգովի հայտնվել ենք բավական բարդ իրավիճակում, որից ելք փնտրելու փոխարեն, իշխանություններն այսօր ավելի են խորացնում իրավիճակը:
-Հայ-թուրքական գործընթացի սկզբում, գոնե քաղաքական ուժերի մեծ մասը զուսպ էր արձագանքում իրավիճակին, և վտանգները շատերի համար գոնե ակնառու չէին: Հնարավո՞ր էր արդյոք խուսափել այս փաստաթղթերի ի հայտ գալուց, եթե գործընթացն այլ ուղղությամբ տարվեր:
-Իհարկե հնարավոր էր, բայց իրավիճակը զարգացավ ամենավատ սցենարով երկու պատճառով: Առաջինը’ գործընթացի հրապարակայնությունն է, որը մի կողմից գայթակղեց թուրքական կողմին շահարկելու գործընթացն իր օգտին, և դրա արդյունքում բարձր մակարդակի այս հրապարակային գործընթացում ներգրավվեցին տարբեր շահեր ունեցող ծանրակշիռ երկրներ: Երկրորդ’ Հայաստանի իշխանությունները տուրք տվեցին այլ երկրների շահերին ծառայող անիմաստ և արհեստական ժամկետների շրջանակներում գործելու պարտադրանքին: Ապրիլի 22-ին արեցին հայտարարություն, որը առիթ տվեց Օբամային չօգտագործելու ցեղասպանություն բառը, հիմա էլ այս արձանագրությունների վաղաժամկետ հրապարակումը և ստորագրման թվականի ֆիքսումը, որպեսզի Սերժ Սարգսյանի համար արդարացում լինի Թուրքիա ֆուտբոլի խաղը դիտելու մեկնելու համար: Իշխանությունների սխալ հաշվարկված քայլերի, ակնհայտ իրողություներն արհամարհելու հետևանքով՝ մենք այսօր ունենք երկու լրջագույն խնդիր: Առաջինը’ հապճեպ և փնթի բանակցված փաստաթուղթ, որը նույնիսկ ամենապրագմատիկ մոտեցման դեպքում հակասում է մեր ազգային շահերին: Երկրորդ’ շարունակվող և անկանխատեսելի մի գործընթաց, որի վրա Հայաստանի Հանրապետությունն ունի զրոյական ազդեցություն:
Եվ վերջապես այսօր փաստ է, որ այս փաստաթղթի պատճառով մեր հասարակության մեջ, մեղմ ասած լուրջ լարվածություն է առաջացել: Ուրեմն լուրջ խնդիր կա այս փաստաթղթի բովանդակության հետ, չէ՞: Թուրքիայի հետ նման գործարքի գնալու համար անհրաժեշտ էր ժողովրդի ջախջախիչ մեծամասնության աջակցությունը: Այսօր ոչ միայն դա չկա, այլ հակառակն է: Իշխանությունները իրավունք չունեին մեր ժողովրդին նման իրավիճակի մեջ դնելու:
-Պարո՛ն Օսկանյան, Ձեր քննադատությունը կարող է պարզ նախանձի կամ խանդի տպավորություն թողնել, համենայն դեպս այդպիսի մեղադրանքներ հնչում են:
-Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ այն մարդը, ով պետք է ստորագրի այս փաստաթուղթը, բոլորովին նախանձելի վիճակում չէ: Ավելին, նրանք ովքեր ստիպված են իմ քննադատությունը բացատրել նախանձով, որովհետև չեն կարող հրապարակայնորեն ընդունել սեփական ձախողումները, պարզվում է լավ էլ գիտակցում են, որ հայտնվել են բարդագույն իրավիճակում: Նախագահի սփյուռքյան փակ հանդիպումների ժամանակ ելույթներում, իշխանության ներկայացուցիչները իրենք են ընդունել, որ սա վատ բանակցված փաստաթուղթ է, բայց քանի որ արդեն հայտնվել են այս իրավիճակում ստիպված են այն պաշտպանել: Բայց ուզում եմ հիշեցնել բոլորին, որ սա հարկային օրենսդրության նոր փաթեթ չէ, որ կարելի է ասել, թե գուցե այնքան էլ հաջող չէ, բայց ընդունենք, հետո տեսնենք, միգուցե բարելավենք: Սա այն ճակատագրական փաստաթուղթն է, որը գնահատում է մեր անցյալը և կանխորոշում է ապագան:
-Պարո՛ն Օսկանյան, բայց փաստաթուղթը պաշտպանողները խոսում են այն մասին, որ փաստաթղթում նախապայմաններ չկան և նույնիսկ շեշտվում է, որ փաստաթղթում չկա ցեղասպանություն և Ղարաբաղ բառը:
-Դե գիտեք, մնում էր որ այնտեղ սևը սպիտակի վրա գրվեր, որ մենք պետք է հրաժարվենք ցեղասպանությունից ու Ղարաբաղից: Այսինքն այս փաստաթղթի պաշտպանները, որոնք հրաժարվում են տեսնել ակհայտ իրողությունները, երևի պաշտպանելու համար փաստարկներ կգտնեին նույնիսկ այդ դեպքում: Գիտեք եթե ոմանք չեն ուզում տեսնել իրականությունը, դա չի նշանակում որ իրականությունը գոյություն չունի: Այս արձանագրություններով թուրքերը ստացել են իրենց 17 տարվա նախապայմանների արտացոլումը’ պատմական իրողություններ ու փաստաթղթեր ուսումնասիրող հանձնաժողով, և սահմանների ճանաչում: Ի դեպ քանի որ այսօր մոդայիկ է նյուսմեյքերության և նախաձեռնողության մոլուցքը, կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը մի բանում առաջինը կլինի աշխարհում, եթե ստորագրի այս փաստաթղթերը: Համաշխարհային դիվանագիտոության պատմության մեջ չկա պրոտոկոլ, որտեղ ամրագրված է սահմանների փոխադարձ ճանաչումը, այդպիսի սկզբունք ուղղակի գոյություն չունի: Այսօր աշխարհում 190-ից ավելի երկիր կա և գրեթե նույնքան տարածքային վեճեր: Այդ երկրները նորմալ դիվանագիտական հարաբերություններ ունեն’ չճանաչելով միմյանց սահմանները, առնվազն դա չամրագրելով նման փաստաթղթով: Այսօր, երբ Ալիևը Նախիջևանի հողին կանգնած լկտիաբար հայտարարում է, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական երկրամաս է, հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանի ճանաչումը պարզապես քաղաքական կարճատեսության դրսևորում է: Այսօր այս և վերը բերված մյուս նախապայմանը գրավոր ամրագրված են փաստաթղթում, իսկ մյուսի մասին’ Ղարաբաղի, ամեն օր բանավոր հիշեցնում է Էրդողանը: Որքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Ղարաբաղը նախապայման չէ, որքան էլ այդ մասին պնդեն համանախագահները, ո՞վ է ի վերջո սահմանը բացողը, նա, ով հայտարարում է, որ Ղարաբաղը նախապայման է:
-Պարո՛ն Օսկանյան, այսօր նաև շատ են վերլուծություններն այն մասին, որ ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հետ կապված խնդիրները հեշտացնում են միջազգային հանրության ճնշումը իշխանության վրա:
-Գիտեք, Հայաստանում ժողովրդավարությունը 18 տարվա ընթացքում երբևէ փայլուն վիճակում չի եղել: Ես 10 տարի եղել եմ արտաքին գործերի նախարար և կարող եմ վստահեցնել բոլոր նրանց, ովքեր այդ մասին չգիտեն, և բոլոր նրանց, ովքեր գիտեն, բայց միտումնավոր ուզում են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը: Միջազգային հանրությունը չի կարող ստիպել իշխանությանն անել քայլեր, որոնք նա չի ուզում անել: Իսկ եթե որևէ մեկն ուզում է արդարացնել իշխանությունների այս արտաքին քաղաքականությունը ճնշումների բացատրությամբ, դրանով պարզապես աջակցում է այս’ մեզ համար ոչ նպաստավոր քաղաքականության իրագործմանը:
-Այդուհանդերձ, արձագանքելով Ձեր քննադատությանը, շատերը հակադարձում են, որ Հայաստանը հատկապես թուլացավ վերջին նախագահական ընտրություններից հետո, Մարտի 1-ի իրադարձություններից հետո, և դրանից հետո միջազգային հանրության, գերտերությունների համար առավել հեշտ դարձավ իշխանություններին ռիսկային քայլերի մղելը: Այս համատեքստում հաճախ է խոսվում ձեր մեղքի բաժնի մասին:
-Միջազգային ասպարեզում Հայաստանի ոչ նախանձելի դիրքերի համար մեղքի բաժին ունի անկախությունից ի վեր բարձր պաշտոն զբաղեցրած ցանկացած անձ: Մեկը’ մի քիչ ավել, մյուսը’ մի քիչ պակաս: Բայց եթե մեր խնդիրը դեմագոգիան է և նախորդ 10 կամ 18 տարվա վերաբերյալ փոխադարձ մեղադրանքները, դրանից Հայաստանի այսօրվա խնդիրները չեն լուծվի: Դրանով միայն կարդարացվեն այսօրվա ձախողումները, թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում: Այո՛, ներքաղաքական իրավիճակը որոշիչ դերակատարում ունի, բայց ոչ թե ճնշումների տեսանկյունից, այլ հատկապես երբ ներսում բազմաթիվ խնդիրներ կան, ներքաղաքական պառակտում, լրջագույն տնտեսական խնդիրներ, որոնք սահմանի բացմամբ չեն կարող լուծվել, ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, երբ սրան գումարվում է արտաքին քաղաքական ասպարեզում այս իրավիճակը, սա բերելու է այնպիսի մարտահրավերների, որոնց մենք չենք կարողանա դիմագրավել: Նման մարտահրավերների կարող էր դիմագրավել միայն միասնական հասարակությունը և այնպիսի իշխանությունը, որը վայելում է այդ հասարակության միանշանակ աջակցությունը:
-Ղարաբաղյան խնդրում մարտահրավերները՞ նկատի ունեք:
-Այո՛, և այսօր նրանք, ովքեր պնդում են , որ հայ-թուրքական գործընթացը կապված չէ Ղարաբաղի հետ, թերևս իրենք իրենց են խաբում, այլ բացատրություն ես այդ պնդումներին չեմ կարող տալ: Ես չեմ բացառում, որ Թուրքիան բացի սահմանը առանց ԼՂ հարցում վերջնական հանգուցալուծման: Բայց բացառում եմ, որ այդ դեպքում նրանք չունենան հիմնական դերակատարների վստահեցումը տարածքների վերադարձի և ԼՂ կարգավիճակի հարցում ադրբեջանանպաստ հանգուցալուծման վերաբերյալ: Սա՛ է ամենամտահոգիչը: Գիտեք, իշխանությունների համառ պնդումը, որ այս գործընթացը չի առնչվում Ղարաբաղին և որ սրանք լավ փաստաթղթեր են, ինձ պարզապես իշխանությունների դատողության ունակության վերաբերյալ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Եթե նրանք իսկապես ոչ մի մտահոգիչ բան չեն տեսնում, չի բացառվում որ վաղը Ղարաբաղի հարցում մեզ համար ամենավատ ձևակերպումներն էլ նրանց համար մտահոգիչ չեն թվա:
-Պարո՛ն Օսկանյան, Ձեր հասցեին հնչում է նաև քննադատություն, որ թե՛ Ղարաբաղյան ներկայիս փաստաթուղթը, թե՛ հայ-թուրքական բանակցությունները սկիզբ են առել Ձեր օրոք:
– Սրա ամենակարճ պատասխանը այն է, որ հայ-թուրքական հրապարակային բարձր մակարդակի այսպիսի գործընթաց, որն ինչպես այսօր է տեղի ունենում, կարող էր հանգեցնել Ղարաբաղի հարցում լուրջ ճնշումների, մեր օրոք չկար, և դա անհերքելի փաստ է: Ինչ վերաբերում է ղարաբաղյան փաստաթղթին, ապա այն պետք է հիմք ծառայի բանակցությունների, բայց ոչ հապճեպ լուծումների համար: Նայեք՝ ո՛չ հայ- թուրքականի մասով, ո՛չ ղարաբաղյան խնդրով նախորդ 10 տարում մենք հանրությանը փաստաթուղթ չենք ներկայացրել և նման պարագայում այդպիսի քննադատությունը անհեթեթ է:
-Այսօր նաև հակափաստարկներ են հնչում, թե ղարաբաղյան խնդրում ճնշման վտանգը տեսական հնարավորություն է, մինչդեռ սահմանի բացումը անհրաժեշտություն է, որի համար պետք է ինչ որ գին վճարել:
-Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, թե ինչ գին: Մեզ այսօր երկու լուրջ թյուրիմացության մեջ են փորձում գցել: Մեկն այն է, որ սահմանի բացումը մեր միակ փրկությունն է: Բոլորովին չվիճարկելով, որ բաց սահմանը փակ սահմանից լավ է, եկեք ընդունենք, որ Հայաստանի ներքին, համակարգային տնտեսական ու քաղաքական խնդիրներն այնքան շատ են, որ դրանց գոնե մի մասի լուծումից տնտեսական էֆեկտն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան սահմանի բացումից, և այդ խնդիրները փակ սահմանի հետ ոչ մի կապ չունեն: Ավելին, այս պայմաններում սահմանի բացումը շարքային քաղաքացու վրա էական ազդեցություն չի ունենալու, կամ այդ ազդեցությունը փոքր է լինելու և կարճատև էֆեկտ է ունենալու, քանի որ սահմանի բացումն ինքնին իր հետ բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ է բերելու, որոնք կարող են լուծվել միայն այն դեպքում, երբ երկրում գործում են օրենքները և չկան այն բազմաթիվ խնդիրները, որ կան այսօր: Սահմանի բացման դիմաց նման կապիտուլյացիայի կարելի էր գնալ միայն այն դեպքում, եթե դրանից կախված լիներ Հայաստանի գոյատևման խնդիրը: Կարո՞ղ է ինչ որ մարդկանց մտքում մենք հենց այդպիսի իրավիճակում ենք:
Երկրորդ թյուրիմացությունն այն է, որ սահմանի բացումը միայն մեզ է անհրաժեշտ օդի ու ջրի պես ու հետևաբար մենք պետք է վճարենք այդ գինը: Հայաստանը նախկինում վարած քաղաքականությամբ բազմիցս ապացուցել է, որ թուրքական շրջափակումը չի կարող մեզ ծնկի բերել: Երկիրը արձանագրում էր տնտեսական աճ, Ղարաբաղի հարցում զիջումներ չէին արվում իսկ ցեղասպանության ճանաչումը գնալով ավելի մեծ թափ էր առնում, ինչն անշուշտ ամենից շատ էր մտահոգում Թուրքիային: Այս առումով այսօր մենք զգալի բանակցային առավելություն ունեինք Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան է, որ գտնվում է Եվրոպայի ճնշման տակ սահմանները բացելու առումով, Թուրքիայի արևելյան շրջանները ծանր տնտեսական վիճակում են, և նրանց սահմանի բացումը պակաս անհրաժեշտ չէ, քան մեզ: Թուրքիան է, որ ուզում է տարածաշրջանային դերակատարում ունենալ, իսկ առանց սահմանի բացման դա հնարավոր չէ: Թուրքիան ամեն տարի ԱՄՆ ի կողմից ցեղասպանության ճանաչման վտանգի առաջ է կանգնում և վերջապես Թուրքիայի իշխանություններն են, որ հայտարարել են զրո խնդիր հարևանների հետ քաղաքականության մասին: Այսօր մենք Թուրքիային հնարավորություն ենք տվել այդ քաղաքականությունն իրագործել մեր հաշվին; Մինչդեռ վերը բերված բոլոր հանգամանքները հաշվի առնելով, մենք կարող էինք պարզապես մի փոքր ավելի համբերատար լինել և ավելի հմուտ դիվանագիտություն վարել, ինչը մեզ համար շահավետ արդյունք կունենար, վաղ թե ուշ: Մինչդեռ, իրավիճակից օգտվելու փոխարեն հայկական կողմը քիչ չէ համաձայնել է բոլոր նախապայմաններին, դեռ հնարավորություն է տվել Թուրքիային միանձնյա որոշել սահմանի բացումը:
-Այդուհանդերձ շատերն այսօր պնդում են, որ նույնիսկ եթե ընդունենք, որ իրադարձություները մեզ համար ամենաշահեկան սցենարով չեն զարգացել, այլ ելք, քան գործընթացն ավարտին հասցնելն է, չկա:
-Եթե կա սխալն ընդունելու և այն շտկելու ցանկություն, ապա ելք միշտ էլ հնարավոր է գտնել: Ի վերջո թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ ում, թե՛ Եվրոպայում հետևում են այն դիմադրությանը, որ կա այս գործընթացի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Կարելի է հղում անելով այդ դիմադրությանը, նույնիսկ գնալով ֆուտբոլային խաղը դիտելուն, նախապես թայմ աութ վերցնել փաստաթղթերը ստորագրելու հարցում և հետո արդեն, ավելի հանգիստ պայմաններում, վերադառնալով կոնֆիդենցիալ և ոչ թե հրապարակային հանդիպումների ֆորմատին, բանակցել ավելի ընդունելի փաստաթուղթ: Ամեն ինչ հնարավոր է ուղղել, եթե իհարկե ցանկությունը ուղղելն է, և ոչ թե ամեն գնով սեփական ճշմարտացիությունն ապացուցելը:
Վարդան Օսկանյանի հարցազրույցը 7or.am-ին