Բարև ձեզ, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար, նաև շնորհակալություն հայտնել Արմեն Հարությունյանին հրավերն ընդունելու համար:
Իմ և Արմենի հարթակում լինելը կարող ենք պայմանական համարել, քանի որ այսօր նպատակ ունենք ընտրական իրավունքի խնդիրների շուրջ հնարավորինս բաց, անկեղծ հասարակական քննարկում ունենալ ձեր բոլորիդ մասնակցությամբ:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, խորությունն ու բարդությունը, ընտրական ինստիտուտի այսօրվա վիճակի պատճառների բացահայտման, ինչպես նաև լուծումների որոնման համար անհրաժեշտ է հասարակության լայն շերտերի մասնակցությունը, անկախ քաղաքական կողմնորոշումներից: Եթե մենք շարունակենք այն ավանդույթը, որ ամեն մի քաղաքական ուժ այդ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով միայնակ է խոսում այս կամ այն ընտրություններում հատկապես իր դեմ արված ընտրակեղծիքների մասին, ընտրական ինստիտուտի խորքային խնդիրների լուծումները չեն գտնվի:
Նաև այդ պատճառով այսօր ես առաջարկում եմ, որ մեր քննարկումը կենտրոնանա ոչ այնքան այն խնդրի շուրջ, թե ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրություններում կամ որ ընտրություններն էին պակաս կամ ավելի կեղծված: Կարծում եմ այդ հարցի շուրջ կա համընդհանուր կոնսենսուս, որ 91-ից ի վեր Հայաստանում նորմալ ընտրություն չի անցկացվել: Ես կուզեի, որ մենք այսօր խոսենք երկու խնդրի շուրջ` որոնք են պատճառները, որոնք են այն հիմնական խնդիրները, որ հանգեցնում են այսպիսի ընտրությունների: Եվ ինչ է հնարավոր անել այս իրավիճակից դուրս գալու համար:
Մինչ դրան անցնելը, ուզում եմ խոսել մի քանի ընդհանուր դրույթների մասին, որոնք թերևս հող կպատրաստեն քննարկման համար: Նախ` ազատ, արդար և վստահելի ընտրությունների` որպես պետության ամրության և տնտեսական զարգացման անհրաժեշտ նախապայմանի: Արդար ընտրությունների ինստիտուտը տեսական արժեք չէ, այն կոնկրետ, կենսական նշանակություն ունի հատկապես մեզ նման` այլ ռեսուրսներ չունեցող երկրների համար:
Նախ` մենք բոլորս, իշխանությունն առաջին հերթին, վերջապես պետք է հասկանանք, որ նույնիսկ տնտեսական զարգացումը քաղաքական գործընթաց է: Իրական, կայուն զարգացումն անհնար է առանց հակակշիռների մեխանիզմի ստեղծման, առանց արդար դատարանների, առանց ազատ մամուլի, առանց իշխանության ճյուղերի միջև իրական հակակշիռների: Հակակշիռներն անհնար են առանց արդար ընտրությունների:
Երկրորդ` արդար ընտրությունները ժողովրդավարության եթե ոչ բավարար, ապա առնվազն անհրաժեշտ նախապայման են: Ուստի, երբ մենք չենք կարողնաում անցկացնել առնվազն հասարակական ընկալմամբ արդար ընտրություններ, ուրեմն ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում մեր ժողովրդավարությունը շինծու է: Իսկ շինծու ժողովրդավարությունն ավելի վտանգավոր է, քան դրա իսպառ բացակայությունը: Շինծու ժողովրդավարությունն առաջ է քաշում անիրականանալի ակնկալիքներ, ինչի հետևանքով հասարակության հիասթափությունն էլ ավելի է խորանում, քան եթե ժողովրդավարության ակնկալիք չլիներ ընդհանրապես: Կեղծ ընտրություններից բխող հուսախաբությունը մնում է երկար և սեպ է խրում հասարակության տարբեր հատվածների և կառավարության ու հասարակության միջև: Կեղծ ընտրությունները եռանդի ու միջոցների վատնում են:
Իմ համոզմամբ, նորմալ ընտրությունները երկկողմանի ճանապարհ են: Պակաս կարևոր չէ նաև ընդդիմության դերը: Անհրաժեշտ է, որ ընդդիմությունը նույնպես ընտրությունները չդիտարկի բացառապես որպես նախորդ իշխանությունից ամեն գնով ձերբազատվելու միջոց, դրա համար չօգտագործի արդեն ավանդույթ դարձած պատժելու, դատելու, սեփականությունից զրկելու հռետորությունը: Նման սպառնալիքները, կարծում եմ առնվազն չեն նպաստում ազատ ընտրությունների կայացման հնարավորությանը: Ընդդիմությունը, խոսքը ցանկացած ընդդիմադիր ուժի մասին է, պետք է ընտրություններն առաջին հերթին դիտարկի որպես իր մասնակցությամբ հակակշիռների մեխանիզմի կայացմանը նպաստելու միջոց:
Բայց դրա համար, իհարկե նախ անհրաժեշտ է, որ իշխանությունը դադարի ազատ ընտրությունները բացառապես որպես սեփական իշխանությանը սպառնացող վտանգ դիտարկել: Ցանկացած գնով իշխանությունը պահելու, հետո երկրի զարգացման մասին մտածելու մեխանիզմը չի աշխատում: Զարգացումը սկսվում է ազատ ընտրություններից, այլ տեղ, առանձին վերցրած զարգացման հնարավորության փնտնրտուքն ի վերջո ձախողվում է: Արժե՞ ուրեմն ցանկացած գնով պահել իշխանությունը, ձախողված երկիր ղեկավարելու համար, սա է խնդիրը:
Ու ևս մեկ անգամ, արդար ընտրությունները տեսական արժեք չեն, ձևական պահանջ չէ, որ մեր առաջ դնում է Եվրոպան, միջազգային կառույցները: Ոչ ոք չի կարող մեզանից պահանջել երկրի զարգացման համար իրական նախապայմաններ ստեղծել: Մենք դա ինքներս պետք է իրապես ցանկանանք:
Վարդան Օսկանյանի բացման խոսքը «Ընտրական իրավունքը» քննարկմանը