«Հարյուր հարց և հարյուր պատասխան» շարքի առաջին հյուրն էր Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար` Վարդան Օսկանյանը:

Ձեր տեղադրած հարցերի պատասխանները կարող եք կարդալ այստեղ:

The first guest of the new Civilitas series  “100 Questions and 100 Answers” forum was Civilitas Founder, former Minister of Foreign Affairs, Vartan Oskanian.

Questions  posed during the live  debate are presented here. All answers to the posted questions can be found below.


Պրն. Օսկանյան, չե՞ք կարծում, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները տուժել են Հայաստանի կառավարության կողմից Ցեղասպանության հարցն այդքան քաղաքականացնելու պատճառով:

Ոչ: Ընդհակառակը: Կարծում եմ, որ ցեղասպանության հարցի՝ մեր կողմից քաղաքական օրակարգի վրա դնելը լրացուցիչ ճնշում էր Թուրքիայի վրա, որին ինչ-որ տեղ կանխարգելում էր ավելի համարձակորեն ներգրավված լինել Ղարաբաղի հարցում:

Ինչպե՞ս կբացատրեք Տիգրան Կարապետյան ֆենոմենը:

Չէի ցանկանա մեկնաբանել Տիգրան Կարապետյանի գործունեությունը. տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն հետագայում: Բայց մի բան ուղղակի սկզբունքորեն  չեմ ընդունում. երբ փորձ է արվում ամեն մի երևույթ դիտել որպես ինչ-որ մեկի նախագիծը:

Քննադատելուց բացի ինչ կոնկրետ առաջարկներ ունեք- արտաքին քաղաքական թե ներքին սոցիալական կամ տնտեսական հարցերում?

Իմ հնչեցրած ամեն քննադատության հետ մեկտեղ ես նաև առաջարկություն եմ ներկայացնում: Իհարկե, Հայաստանում խնդիրներ այնքան շատ կան և այդ խնդիրներն այնքան բարդ են, որ հստակ առաջարկություններ անել մեկ-երկու նախադասությամբ և/կամ մեկ-երկու առաջարկություններով ընդհանուր պատկեր նկարագրելն անհնար է: Բայց եթե պնդում եք, որ մի բան նշեմ, որ պետք է արվի իրավիճակը մի քիչ բարելավելու համար, ապա կասեմ, որ պետք է քաղաքական մենաշնորհը վերացնել:

Եթե բացարձակապես նույն հանգամանքներում «մարտի 1»ը լիներ այսօր, ինչ քայլեր կանեիք տարբեր նրանից, որ արել եք?

Մարտի մեկի իմ ելույթը մղված էր նրանից, որ ես, գտնվելով առաջնորդ դիրքերում, պատասխանատվություն էի զգում հանդես գալ և ժողովրդի հետ խոսել այդ օրհասական պահին, առավել ևս, հստակ ուղերձ հղել ընդդիմությանը՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանի համար այդպիսի օրհասական պահերին երբեք չեմ զլանա նույնը կրկնել:

ՀՀԿ –ն Ձեր յուրաքանչյուր ելույթը անպատասխան չի թողնում և փաստորեն մեղադրում ձեզ անազնվության մեջ, ասելով թե իբր թե դուք ամենաերկար պաշտոնավարած գործիչն եք և այլն: Ի՞նչպես էք բացատրում հենց Ձեր նկատմամբ այս կատաղի հարձակումները:
Ես չէի ցանկանա պատասխանել իմ ասածներին ուղղված քննադատությանը: Պարզ է, որ ինչ-որ ցավով են ընդունում ասածներս: Հիմնական պատճառն ըստ իս այն է, որ պետական շրջանակներում հանդուրժողականության մակարդակը նվազագույնի է հասցված:
Համեմատեք անկախ Հայաստանի երեք նախագահներին: Հաշվի առնելով բոլոր գործոններն ու պարագաները միաժամանակ տվեք մեկ անուն՝ ով էր չարյաց փոքրագույնը?

Նման համեմատությունների մեջ մտնել չէի ցանկանա: Կարծում եմ, դրա լավագույն գնահատականը կլինի այն, որը հասարակությունը կտա՝ հենվելով այդ ժամանակահատվածներում ձեռքբերված արդյունքների վրա:

Ս. Սարգսյանի նախագահությամբ ձեզ պաշտոն առաջարկվել է? Ինչ պաշտոն? Ինչու եք մերժել?

Այո: Երկու տարբեր պաշտոններ են առաջարկվել. ավելին ասել չէի ցանկանա: Մերժել եմ, որովհետև ուզեցել եմ լինել այնպիսի դիրքերում, որ կարողանամ ազատորեն հայտնել տեսակետներս հարցերի շուրջ, որ հիմնական խոչընդոտներն եմ համարում այսօր Հայաստանի զարգացման և պետականության կայացման համար:

Ինչպես եք վերաբերվում Քոչարյանի քաղաքական ռեկարնակցիայի հավանականությանը: Դուք, լինելով նրա շրջապատի մարդ, շարունակում եք մնալ Հայաստանում: Արդյո՞ք չի ենթադրվում, որ այնուամենայնիվ Քոչարյանական ֆորտ-պոստերը մնում են եւ ցանկացած տարբերակով մասնակցելու են երկրի կառավարմանը:

Յուրաքանչյուր անհատ ազատ է որոշելու, թե ինչ ձևով և երբ է ուզում իր մասնակցությունը բերել: Յուրաքանչյուրն ինքը պիտի ասի իր հետագա անելիքների մասին, կամ էլ կոնկրետ այդ պահի համար հասարակությունը կարող է իր գնահատականը տալ, թե անհատն ինչ գործունեությամբ է զբաղվում:

Ինչպե՞ս է հնարավոր կանխել արտագաղթը Հայաստանից:

Արտագաղթը մեր ամենացավոտ հարցերից մեկն է: Կարճ պատասխանելու համար կասեմ, որ դրա կանխման ամենակարճ ճանապարհը ժողովրդին հույս տալն է, որ ինչ-որ բան երկրում կարող է փոխվել: Գիտեմ, որ դա բացարձակ բավարար չէ, որովհետև ժողովուրդն ուզում է ավելի շոշափելի արդյունքներ տեսնել: Իհարկե, աշխատատեղեր ստեղծելը, տնտեսությունը, ժողովրդավարությունը զարգացնելը կնպաստեն, բայց նորից, գոնե այս պահին, անհրաժեշտ է, որ ժողովուրդը հույս ունենա երկրի ապագայի նկատմամաբ: Մի բան, որ այս պահին իսպառ բացակայում է:

Երբ Դուք նշանակվեցիք արտգործնախարար, վերլուծաբանները պնդում էին, որ Դուք դեպի «Արեւմուտք» Քոչարյանի պատուհանն եք, որովհետեւ Քոչարյանի նախագահ դառնալը ենթադրում էր լուրջ փոփոխություն Հայաստանի արտաքին կողմնորոշման մեջ: Իսկ Դուք հանդիսանում էիք երկու լարի վրա խաղալու Հայաստանի ձգտումների «արեւմտյան» խաղացողը: Ճի՞շտ էին վերլուծաբանները:

Արտգործնախարարի պաշտոնում լինելով՝ անհնար է միայն այս կամ այն ուղղությունը ներկայացնել: Մենք կիրառում էինք կոմպլեմենտար քաղաքականություն, որը ենթադրում էր բոլոր ուղղություններով էլ փորձել երկրի համար ամենաարդյունավետ արդյունքն ապահովել:

Գաղտնիք չէ, որ հայկական սփյուռքը բաժանված է ազդեցության շրջանակների եւ հատկապես ավանդական գաղթօջախներում այս բաժանվածությունը խիստ զգալի է: Ձեր պաշտոնավարման ժամանակ երբեւի՞ցէ փորձեր ձեռնարկվել են հարթելու բաժանվածության այդ եզրերը: Ներկայիս իշխանություններն այս ուղղությամբ եթե ոչինչ էլ չեն անում, գոնե լուրջ PR-ով են զբաղված՝ իբրեւ այս խնդիրներին լուծում տվող նախանձախնդիրներ: Դուք՝ որպես նաեւ սփյուռքահայ, ինչպես եք տեսնում խնդիրը՝ թե ներսից, թե Հայաստանից:

Իհարկե, Սփյուռքի համախմբվածությունը եղել է մեր ուշադրության կենտրոնում:  Սփյուռքի ուժը նաև իր բազմազանության մեջ է, դրա համար էլ պետք չէ խնդիր դնել միասնական սփյուռք ստեղծելու, բայց հասնել նրան, որ Սփյուռքի առանձին տարրեր համագործակցեն միմյանց հետ, անհրաժեշտ է:  Երեք Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները, որ մենք անցկացրեցինք, նաև այդ նպատակն էին հետապնդում: Որովհետև պայմաններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր համայնք պետք է մասնակցեր մի պատվիրակությամբ: Սա ստիպում էր նույն համայնքի տարբեր հատվածներին ավելի միասնական հանդես գալ, պատվիրակություն որոշել, իրենց օրակարգը հստակեցնել, որպեսզի այդ մի պատվիրակությամբ ներկայանան: Դա էապես նպաստեց Սփյուռքի տարբեր հատվածների համագործակցությանը:

Ինչքանո՞վ եք Ձեզ մեղավոր համարում մեր դիվանագիտական ծառայությունների եւ ներկայացուցչությունների թույլ կայացման գործում: Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ այդ կառույցներում զգալի թիվ են կազմում քավոր-սաներ, քեռի-հորեղբայր եւ այլ ազգակցական կապերով պայմանավորված նշանակումները: Թե նախկին, թե ներկա բազմաթիվ բարձրաստիճան այրերի զավակներ, զարմիկներ աշխատում են թե նախարարությունում, թե Հայաստանի արտաքին դիվանագիտական կորպուսի կազմում: Չեք կարծում, որ նաեւ շատ ցածր մակարդակի վրա է դիվանագիտական կադրերի պատրաստման գործը:

Կարճ ժամանակում, կարծում եմ, իրոք շատ բան է արվել: Դիվանագետների պատրաստումը երկարատև գործընթաց է: Ի հավելումն շատ այլ պայմանների, կադրերի պատրաստման համար արտաքին քաղաքականության ավանդույթ է պետք: Բայց երբ համեմատում եմ այն, ինչ հիմա ունենք, նրա հետ, ինչով սկսել ենք, տեսնում եմ՝ բավական բան արվել է, և ճիշտ ճանապարհի վրա ենք:

Քաղաքակիրթ երկրներում ընդունված է, որ երկրի առաջին տիկինը եւ առաջին դիվանագետի կինը զբաղվում են հասարակական ակտիվ գործունեությամբ: Մեզանում առկա է լրջագույն կազուս: Թե Բելլա Քոչարյանը եւ թե Նանի Օսկանյանը շարունակում են իրենց գործունեությունը կարծես մոռանալով, որ թե Դուք, թե երկրորդ նախագահը պաշտոնանկ եք եղել՝ ի հակադրում ներկայիս առաջին տիկնոջ, որը երբեմն երեւում է այս կամ այն համերգի ժամանակ, իսկ տիկին Նալբանդյանն ընդհանրապես չի երեւում: Սա բացթողում է, թե «ապտակ» գործող իշխանություններին:

Քաղաքակիրթ երկրներում նաև այն է ընդունված, որ պաշոնաթողությունից հետո էլ առաջին դեմքերը, նրանց կանայք ներգրավվում են բարեգործական աշխատանքների մեջ: Իմ նախարարության ընթացքում կինս բավականին ակտիվ էր, մի քանի գործունեություն էր սկսել. ծնողազուրկ երեխաների համար դպրոց, աուտիզմով տառապող երեխաների համար կենտրոն բացեց: Ու հիմա էլ շարունակում է իր գործը: Մենք քիչ ռեսուրսներ ունենք, իսկ այն, ինչ ունենք, պիտի առավելագույնս օգտագործենք: Այնպես որ, ես որևէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ կինս, նախորդ նախագահի կինը շարունակում են զբաղվել բարեգործությամբ: Կարծում եմ, մեր ժողովուրդը դրա կարիքն ունի:

Պ-ն Օսկանյան, ներկայիս արտգործնխարար Նալբանդյանը, ըստ իս, Ձեր «պռոյեկտն» է:  Այս մասին դատողությունը լուրջ հիմքեր ունի: Նալբանդյանը Եգիպտոսի երկրորդային նշանակություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունից տեղափոխվեց Փարիզ, ճիշտ այն ժամանակ, երբ սպասվում էր հայ-ֆրանսիական ջերմացման նոր փուլ: Նկատի ունեմ Ֆրանսիայի տարին Հայաստանում եւ հակառակը:Այս լույսի քողի տակ նաեւ երկու նախագահների փոխադարձ այցեր: Ի՞նչ եք կարծում Նալբանդյանը, Ձեր (նկատի ունեմ նաեւ Քոչարյանին) կադրային ձախողումը չէ՞ արդյոք:

Այս հարցն այնքան անհեթեթ ձևով է ձևակերպված, որ նույնիսկ չէի ցանկանա պատասխանել:

Հայ –թուրք հարաբերությունների մեկնարկը տրվել են Ձեր ժամանակ: Հետագա զարգացումները, ինչպես այս առումով, այնպես էլ Ղարաբաղի խնդրով Ձեր ցանած սերմերի պտուղներն են: Չնայած սրան, Դուք շատ կոշտ քննադատության ենթարկեցիք այս խնդիրների հետ կապված ներկա խշխանությունների քայլերը,որոնք նույնպես Ձեր ցանած սերմերն էին: (Նկատի ունեմ ներկա իշխանություններին):

Այն սերմերը, որ իմ ժամանակ են ցանվել, և այն պտուղները, որ այսօր ի հայտ են գալիս, բացարձակապես կապ չունեն միմյանց հետ: Կարծում եմ, այս երեք տարիների ընթացքում նոր սերմեր են ցանվել, նոր պտուղներ են ի հայտ եկել: Իմ տեսանկյունից այդ պտուղներն այսօր ցանկալի չեն: Դա է պատճառը, որ քննադատել եմ և շարունակելու եմ քննադատել:

Համընդհանուր տպավորություն է ստեղծվել, որ ձեր հիմնադրամը վերածվելու է քաղաքական կուսակցության: Ինչպե՞ս կբացատրեք դա:

Բացառված է, որ «Սիվիլիթասը» քաղաքական կուսակցության կամ շարժման վերածվի: «Սիվիլիթասը», որպես հասարակական կազմակերպություն, և ես, որպես անհատ,  ունենք մեր տեսակետներն ու տեսլականները տարբեր սոցիալական, քաղաքական, տնտեսական հարցերի մասին և որոնք հաճախ արտահայտում ենք և շարունակելու ենք արտահայտել: Բայց դա չպետք է երբևէ դիտարկել որպես «Սիվիլիթասի» քաղաքականացում կամ «Սիվիլիթասի»՝ քաղաքական գործընթացներում ներգրավում:

Նոր ուժ. հնարավոր եք համարում նրա հայտնությունը թե ավելի կարևոր է ընդդիմության միավորումը?

Չեմ ուզում միավորումների մասին խոսել: Ես խորապես հավատում եմ քաղաքական հակակշիռների գաղափարին քաղաքական համակարգում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ այսօր գործունեություն ծավալելիս իր մտքում պիտի ունենա քաղաքական հակակշիռների խնդիրը և մտնի այնպիսի միավորումների և դաշինքների մեջ, որ կապահովեն հակակշիռների սկզբունքը մեր քաղաքական համակարգում:

Ճիշտ եք համարում կառավարության կողմից անհամաչափ հատկացումները ԼՂ-ին և մարզերին? Ինչու?

Այո: Կարծում եմ՝ ճիշտ է, որովհետև Ղարաբաղն այսօր հնարավորություն չունի նյութական օժանդակություն ստանալ միջազգային կազմակերպություններից կամ այլ պետություններից: Հայաստանը պետք է իր վրա պարտավորություն վերցնի իր օգնությունը բերելու ԼՂ զարգացման հարցում,  անգամ եթե դա արվում է անհամաչափորեն:

Ինչպես եք գնահատում ՀՀ-ում գնաճի տեմպերը և ինչ հեռանկար է սպասվում նրան ?

Բացասական եմ գնահատում, իհարկե: Գնաճի երկու պատճառ կա. ներսում ստեղծված և դրսից ներմուծված: Այսօր մեր հիմնական խնդիրը ներմուծվածն է, որն էլ իր հերթին երկու պատճառ ունի. մեկը միջազգային շուկաներում տարբեր ապրանքների գների բարձրացումն է, մյուսը՝ դրանք ներմուծող հայկական կազմակերպությունների մենաշնորհային կարգավիճակը: Նվազագույնը, որ կարող են իշխանություններն անել գնաճը կանխելու համար, տնտեսական մենաշնորհի վերացումն է:

Արդյոք տարևերջին Հայաստանը կհայտնվի ետճգնաժամային իրավիճակում թե ոչ?

Ըստ իս, Հայաստանը ճգնաժամից դեռ դուրս չի եկել: 2009-ի 14.2 տոկոսանոց անկումը մեծ հարված էր: Աճի նման ցածր տեմպերով թերևս առնվազն մի քանի տարի կպահանջվի մեզնից, որ կարողանանք ասել, թե ճգնաժամից դուրս ենք եկել: Խնդիրն այն է, որ այսօր իշխանություների կողմից հստակ քայլերով ծրագիր էլ չեմ տեսնում, որ կնպաստեր իրավիճակի բարելավմանը և հնարավոր կարճ ժամկետներում ճգնաժամից ամբողջովին դուրս գալուն:

Ինչպես եք գնահատում Քոչարյանի գործունեությունն անցյալում և ներկայում:

Ես չէի ցանկանա գնահատականներ տալ: Պարզապես նշեմ, որ երկրորդ նախագահի հետ տասը տարի աշխատել եմ, նրանից առաջ էլ աշխատել եմ, երբ նա ԼՂ նախագահ էր: Մենք միմյանց հետ առնչվել ենք, և երկարամյա մեր արդյունավետ համագործակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ փոխադարձ հարգանք և  փոխադարձ վստահություն է եղել: Մի բան ակնհայտ է, որ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանն ունեցել է տնտեսական զարգացման ամենաբարձր տեմպերը:

Երկպալատ պառլամենտ. Ինչու հիմա ասպարեզ նետվեց այս գաղափարը:

Երկպալատ պառլամենտի ստեղծման հայտարարությունն ինձ էլ անակնկալի բերեց, որովհետև այս հարցը ոչ քննարկվել էր Հայաստանում և ոչ էլ հասունացել էր: Այսօր դրա մասին խոսելու ժամանակը չէ: Առավել ևս, որ նման հարցեր առաջին անգամ ոչ թե Սփյուռքում պետք է փորձարկվեն, այլ Հայաստնաում: Մեր ժողովուրդը նման կարևոր հարցերի մասին Սփյուռքից չէ, որ պետք է լսի, և ոչ էլ Սփյուռքի նախարարից: Ընդամենը 3 միլիոն բնակչությամբ և 10 մարզերով երկրում դրա անհրաժեշտությունը չկա:

ԲՀԿ-ՀՀԿ հուշագիրը, ինչպես ասում է իշխանությունը, հստակեցրել է խաղի կանոնները. Ինչպիսի կանոնների մասին է խոսքը- քաղաքական, թե կրիմինալ տղայական? Միգուցե ներիշխանական հեղաշրջման վտանգն է այս հուշագրի դրդապատճառը:

Առաջին հերթին, կարծում եմ, այդ հուշագիրը ստորագրելու համար շատ շուտ էր։: Այսուհետ ամրագրել, թե ով է լինելու երեք կուսակցությունների թեկնածուն` մի քիչ վաղաժամ է։ Երկրորդ, ես հավատում եմ հակակշիռների գաղափարին: Կարծում եմ, որևէ ժողովրդավարական համակարգ չի կարող արդյունավետ լինել, եթե այդ համակարգի ներսում քաղաքական հակակշիռներ չկան։ Ես հույս ունեի, որ ԲՀԿ-ն կարող էր դերակատարություն վերցնել իր վրա։ Ավելի արդար ընտրություններ անցկացնելու հավանականությունն այդ դեպքում ավելի մեծ կլիներ:

Հարյուր հարց ու պատասխան