Հունիսի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր քննարկում «Ընտրական իրավունքը» թեմայով: Սիվիլիթաս հիմնադրամը նման քննարկումներով նպատակ ունի հասարակության, քաղաքական դաշտի հնարավորինս բազմազան շերտերի ներգրավել բաց, անկեղծ քննարկմանը, փնտրելու ու գուցե գտնելու այն խնդիրների լուծումները, որոնք մեր, հասարակության, պետության ընդհանուր խնդիրներն են:
Իհարկե ընդհանուր խնդիրների լուծումը տարբեր, երբեմն իրար հակասող շահերի բախման արդյունքում բարդանում է կամ անհնար է դառնում: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ թեև նման բաց ֆորումների հնարավորությունները շատ չեն, բայց քաղաքական դաշտի ոչ բոլոր մասնակիցներն են ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով մասնակցում նման քննարկումներին:
Սա թերևս վկայում է կամ անկեղծ բանավեճի մեջ ներգրավվելու պատրաստակամության բացակայության կամ դրա արդյունավետության հանդեպ թերահավատության մասին: Այդուհանդերձ քննարկմանը ներկա էին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ և քննարկումը բավական աշխույժ էր:
Իր խոսքում գլխավոր բանախոսներից մեկը` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ քաղաքական համակարգը վերջին 16-17 տարիների ընթացքում իր առջև ավելի շատ խնդիր էր դրել ստեղծել նյութականացված հասարակություն, որովհետև այդպիսի հասարակությունն ավելի հեշտ է կառավարվում:
«Եվ այսօր ունենք այն ինչ ունենք, երբ ընտրողների մի ստվար զանգված պատրաստ է 5-10 հազար դրամ վերցնել և քվեարկել: Ինձ մոտենում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և ասում` ինչպես մենք կարող ենք այս պայմաններում ընտրություններից խոսել, երբ գաղափարախոսություն ենք ցանկանում ընտրողներին հասցնել, իսկ իրենք ասում են` ինչքան եք տալու: Բայց սրանում ոչ թե մեր քաղաքացին է մեղավոր, այլ քաղաքական համակարգը: Եթե քվեարկության ժամանակ իշխանությունը մշտապես հաղթում է, իսկ ընդդիմությունը մշտապես պարտվում, ապա սա բնական օրինաչափությունից պարզապես հեռացում է, որը մեզ դատապարտում է երկարատև ժամկետային տեսակետից` կամաց-կամաց, դանդաղ, չգիտեմ ինչ ձևով, բայց նույնիսկ ընդհուպ մինչև ոչնչացման, քանի որ տեսակը չի կարող չկատարելագործվելով իր համար ապագա կերտել: Միգուցե սխալվում եմ, բայց այն ընտրազանգվածը, որ չեկավ ընտրությունների, ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր զանգվածն է: Եվ սա, կարծում եմ, ահազանգ էր մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Ընդդիմադիր հասարակական զանգվածը, ցավոք ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ չտեսավ իշխանության այն այլընտրանքը, որ կցանկանար տեսնել, այսինքն` այս տեսակետից ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընդդիմադիր զանգվածին: Ես, որպես մարդու իրավունքների պաշտպան, մշտապես շփվում եմ ժողովրդի հետ, և, իմ կարծիքով, Երևանի բնակչության մոտ կեսը ընդդիմադիր է, և այդ մոտեցումը չի փոխվել: Բայց նրանց մեծ մասը չգնաց ընտրությունների: Այս ընտրությունները ոչինչ չփոխեցին, ցույց տվեցին, որ մենք ինչպես եղել ենք, այդպես էլ շարունակում ենք մնալ: Եվ այդ տեսակետից մի վտանգավոր բան կա. անտարբերանում է հասարակությունը: Իսկ դա ավելի վտանգավոր է, քան եթե նա լիներ ընդդիմադիր: Քաղաքական ուժերը դրա համար էլ են պատասխանատվություն կրում. ոչ այնքան տեսնում ենք ժողովրդավարության համար պայքար, որքան իշխանության համար պայքար: Ժամանակն է, որ քաղաքական ուժերը հասկանան, որ իրենք միասնական մեկ համակարգի մաս են: Եվ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ նույն դերակատարությունն ունեն, ինչ իշխանականը: Բոլորի հիմնական դերակատարությունն այն է, որ լինեն միջնորդ հասարակության և պետության միջև: Այս իրավիճակի համար բոլորն էլ հավասար մեղավոր են ու պատասխանատու: Ուրիշ բան, թե ումից է ավելի շատ բան կախված: Իհարկե` իշխանությունից ավելի շատ բան է կախված, որովհետև իշխանության ռեսուրսներն ավելի շատ են:»
Արձագանքելով սրան, Երևանի ավագանու թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասաց.
“Ոչ, բոլորը հավասար մեղավոր չեն: Մեղավորը իշխանությունն է, որ ստեղծել է այսպիսի պայմաններ, երբ փողը դարձել է ամենամեծ գործոնն ընտրություններում”:
Քննարկման ժամանակ հնչեցին հետաքրքրական շատ այլ ելույթներ:
«Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ «իշխանությունը շատ ավելի անկեղծ է հասարակության նկատմամբ, քան այս պահին մենք ենք: Իշխանությունը բացարձակ հայտարարում է` ես թույլ չեմ տա Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխվի: Իշխանությունը հստակ գծեց, որ միակ ձևն իշխանություն վերցնելու` սա է. պետք է խաղաք այս կանոններով, այսինքն` հակազդող ուժի սկզբունքով: Հեղափոխության մասին չէ խոսքը, բայց ինքն ուրիշ ճանապարհ չի թողնում: Պետք է ժողովրդական հզոր շարժում և չուտել այն կուտը, որ իշխանությունն ասում է` դու պիտի սահմանադրորեն պայքարես իմ դեմ, այն դեպքում, երբ ինքը հակասահմանադրորեն է պայքարում:»
Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, քննարկմանը որպես Հայաստանում Եվրամիության առևտրի պալատի ղեկավար հանդես եկած Հովհաննես Իգիթյանի կարծիքով` միակ ուժը, որ կարող է ընտրակեղծիքների մեքենան կանգնեցնել, հասարակական կարծիքն է: «Այն, որ թաղային հեղինակությունները եռանդով մասնակցում էին ընտրություններին, ոչ միայն գումարի պատճառով էր, այլ նրանք աշխատում էին իրենց տեսակը ընտրելու համար, իրենց տեսակի մարդուն ընտրելու համար: Անկախ այն բանից, թե դուք ինչպես եք վերաբերվում ցուցակում ընդգրկված կամ այն գլխավորող մարդկանց, իրենք պայքարում էին իրենց տեսակի համար: Եվ նրանք այսօր գտնում են, որ կարող են ընդհատակից դուրս գալ: Նրանք տեսնում են, որ ընտրվեց մեկը, որին կարող են ախպերով դիմել, ոչ թե հայրանունով», ամփոփեց Հովհաննես Իգիթյանը:
«Ընտրական իրավունքը» թեմայով քննարկում