«Պապան Մասկվայա գնացել», թոթովում է Ազատեկ գյուղի բնակիչ փոքրիկ Վահեն: Նա չի կարողանում հիշել, թե երբ է վերջին անգամ տեսել հայրիկին:
Ազատեկը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկն է: Թեպետ մարզն ամենափոքրն է համայնքների և բնակչության թվով, իսկ աղքատության մակարդակի ցուցանիշով ամենացածրն է հանրապետությունում (20.7%՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2013» զեկույցի), սակայն արտագաղթի առումով Վայոց Ձորը շատ ընդհանրություններ ունի մյուս մարզերի հետ: Տղամարդկանց արտագնա աշխատանքը համատարած երևույթ է մարզի գյուղական և քաղաքային համայնքներում, ինչը բնակավայրերը թողնում է կանանց, տարեցների և երեխաների հոգածության ներքո:
Ազատեկում կարող ես ցանկացած դուռ թակել ու լսել արտագնա աշխատողների մասին: Մոտենում եմ գյուղի չգործող մանկապարտեզի հին շենքին, որտեղ այժմ ընտանիքներ են բնակվում: Առաջին իսկ պատահած բնակարանում կանայք ու երեխաներ են: Երեք դուստրերի մայր, 28-ամյա Սոնան պատմում է, որ ամուսինը 2004 թվականից ամեն տարի գնում է Ռուսաստան, որտեղ վարորդ է աշխատում: «Ոչ մի առաջընթաց չկա, նույնն է մնում, ոչ մի բան չի փոխվում մեր կյանքում: Ամեն տարի ամուսինս գալիս է, ու ասում ենք վերջ, էլ չես գնալու… Եթե առնվազն 150,000 դրամ աշխատավարձ ստանա այստեղ, կարող ենք ապրել: Գյուղից դուրս՝ քաղաք, գնալ չենք ուզում»: Սոնան ասում է, որ երեխաները հայրիկի կարիքը շատ են զգում, կարոտում են, փորձում են մշտապես կապի մեջ լինել:
Ազատեկցի Լորան էլ պատմում է, որ ամուսինն արդեն 11 տարի աշխատում է Սանկտ Պետերբուրգում, որպեսզի հոգա երեք երեխաների կարիքները, որոնք բարձրագույն կրթություն են ստանում Երևանում: «Երբևէ չենք մտածել հեռանալ գյուղից: Երեխաներս քաղաքը չեն սիրում, չեն ուզում քաղաքում մնալ, սիրում են գյուղը, գյուղի նիստուկացը, ամեն ինչը: Բայց եթե ավարտեն ու աշխատանք չգտնեն՝ միգուցե մտածենք բոլորս միասին Պետերբուրգ տեղափոխվելու մասին»:
Զրույցին է միանում Լորայի ընկերուհին. «Եղբայրս 24 տարեկան է, արդեն մի ամիս գնացել է Մոսկվա: Առաջին անգամ է գնացել՝ մեր գյուղից մի ծանոթի օգնությամբ: Ջահել տղա էր, նեղվում էր ամեն անգամ ծնողներից ծխախոտի գումար վերցնել, որոշեց ինքն էլ գնա Ռուսաստան աշխատելու: Շինարարություն են անում: Ուրախ ենք, որ Ռուսաստանը մեր ապրուստն ապահովում է, բայց տխուր ենք, որ մեր ընտանիքները բաժանված է պահում»:
Մարզի մեկ այլ գյուղում՝ Գլաձորում, նույն պատկերն է: Գյուղապետ Անդրանիկ Մարկոսյանն ասում է, որ վերջին քսան տարվա ընթացքում համայնքից արտագաղթողների թիվը շարունակաբար ավելանում է: «Եթե նախկինում 50-60 տղամարդ էր մեկնում, հիմա 400-500-ն են: Մոտ երեսուն ընտանիք ընդհանրապես մեկնել և չի վերադարձել: Կան նաև մայրաքաղաքում աշխատողներ. համայնքից մոտ հարյուր հոգի աշխատում է Երևանում, գնում-գալիս են, նրանց ընտանիքներն այստեղ են մնում»: Գյուղապետը աշխատանքի խնդիր չի տեսնում, ասում է, որ արտագաղթի պատճառը մարդկանց ծուլությունն է՝ ձգտում են ավելի հեշտ աշխատանքի, քան կարող են անել իրենց հայրենի գյուղում:
Իմ այցելության օրն արտերկրից վերադարձած շուրջ երկու տասնյակ միգրանտներ Եղեգնաձորում մասնակցում էին դասընթացի՝ սեփական բիզնես ծրագրերն իրագործելու համար: Դասընթացները կազմակերպվում են Զբաղվածության պետական ծառայության տարածքային Միգրացիոն ռեսուրս կենտրոնի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ջանքերով և Եվրամիության ֆինանսավորմամբ: Հաջող ծրագիր ներկայացնելու դեպքում մասնակիցները դրամաշնորհային աջակցություն են ստանում սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Մասնակիցների խոսքի մեջ և՛ հույս, և՛ թերահավատություն կա: Նորից մեկնելու կամ հայրենի գյուղում մնալու երկընտրանքը նրանց դեռևս հանգիստ չի տալիս: Մասնակիցներից մեկը՝ վայքեցի 33 ամյա Արմանը, հույս ունի, որ այս աջակցության շնորհիվ այլևս չի գնա Ռուսաստան: Շուրջ յոթ տարի արտագնա աշխատանքի մեկնած Արմանը որոշել է Վայքի շրջանի Արին գյուղում զարգացնել սեփական ֆերման. «Խոշոր ու մանր եղջերավոր անասուններ ունեմ, ուսումնասիրել եմ միսը, կաթն ու պանիրը տեղում մթերելու հնարավորությունները: Հիմա ինձ աջակցություն է պետք տեխնիկայի հետ կապված, նաև աշխատողներ են պետք, քանի որ մենակ չեմ կարող ամբողջ գործն անել»:
Հայտնի է, որ Եվրամիության աջակցությամբ իրականացվող միգրացիոն կարգավորմանն ուղղված ծրագրերը նախևառաջ արտացոլում են Եվրամիության տարածքում անկանոն միգրանտների ներկայությունը կարգավորելու և նրանց իրենց ծագման երկրներ վերադարձնելու օրակարգը: Հայաստանում իրականացվող ծրագրերը վերադարձող միգրանտներին հնարավորություն են ընձեռում զարգացնել գիտելիքները ձեռներեցության ոլորտում, սեփական գործ վարել, սակայն, որպես կանոն, այս ծրագրերին մասնակցում են բիզնես հիմնելու հետաքրքրություն ունեցող և նախնական նյութական կամ ֆինանսական հիմք ունեցող մարդիկ (օրինակ՝ Վայոց Ձորում շահառուն պետք է ներդնի շահած ծրագրի բյուջեի 20 տոկոսը): Սա նշանակում է, որ Հայաստան վերադարձողները, որոնք սեփական բիզնես ստեղծելու հետաքրքրություն չունեն կամ դժվարանում են ապահովել նույնիսկ փոքր ներդրումները, դուրս են մնում աջակցման շրջանակից: Մտահոգիչ է նաև այն, թե արդյո՞ք միգրանտներին տրվող ծառայությունները շարունակական և արդյունավետ կլինեն ծրագրերի ավարտից հետո, երբ Եվրամիության ֆինանսավորումը վերջացած կլինի:
Նյութը պատրաստվել է Սիվիլիթաս հիմնադրամի միգրացիոն հետազոտության շրջանակում, որն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամների» Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագիրը: