Հոկտեմբերի 14-15-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալ, երկրի փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրին: Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Նոր պատուհան դեպի Իրան» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:

Դեպքը

Հոկտեմբերի 14-15-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալ, երկրի փաստացի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունեցին Հայաստանի վարչապետն ու նախագահը: Այցի ընթացքում կայացավ հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցում էր 300-ից ավելի գործարար Հայաստանից և շուրջ ութ տասնյակ՝ Իրանից:

Փոխնախագահ Ջահանգիրին Երևանում հայտարարեց, որ Հայաստանը Իրանի համար դժվարին ժամանակների բարեկամն է եղել և շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնել ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերություններ, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում:

Խորապատկերը

Իրանի նախագահի առաջին տեղակալի այցը ուշագրավ էր նախևառաջ ժամանակային իմաստով: Թեհրանը հաղթահարում է տասնամյակների մեկուսացումը, Արևմուտքը մեկը-մյուսի հետևից վերացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ու սահմանափակումները: Տարածաշրջանում ստեղծվող նոր իրավիճակից օգտվելու են ոչ միայն Իրանն ու արևմտյան երկրները, այլև Հայաստանը, եթե կարողանա ճիշտ օգտագործել պահի ազդակները:

Վեցնյակի հետ վերջերս ստորագրված պատմական համաձայնագրից հետո Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից առաջին այցը կայացավ հենց Հայաստան: Սա կարող է նշանակել, որ Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել: Այս այցը ուշագրավ էր նաև նրանով, որ առաջին բարձրաստիճան այցն էր Իրանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ պահպանողականներին փոխարինեցին բարեփոխականները՝ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ:

Վերջին 25 տարիներին՝ Հայաստանի անկախություն նվաճելուց հետո, հայ-իրանական հարաբերություններում պահպանվել է կայուն բարիդրացիություն, որն արտահայտվել է նաև երկկողմ բարձրաստիճան բազմաթիվ այցերով: Հայաստանի երեք նախագահները ընդհանուր առմամբ ութ անգամ այցելել են Իրան: Այդ ժամանակահատվածում Իրանի նախագահները Հայաստան այցելել են չորս անգամ:

Վերլուծություն

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես այնքան, որքան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը, որը, պայմանավորված փակ սահմանների իրողությամբ, իրականացվում է երրորդ երկրներով: Հայաստանի արտաքին առևտրի մեջ Իրանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 6 տոկոս:

Հայ-իրանական երկկողմ այցերի ընթացքում շատ է խոսվում տնտեսական բաղադրիչը ուժեղացնելու մասին, սակայն, իրականում, բազմաթիվ նախագծեր մնում են լոկ բարի մտադրություններ: Հայ-իրանական վերջին մեծ նախագիծը Իրան-Հայաստան գազատարն էր, որ կառուցվեց 2007-ին: Ուշագրավ էր, որ այս նախագիծը կյանքի կոչվեց այն տարիներին, երբ Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները ավելանում էին՝ պայմանավորված նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքականությամբ:

2008-ի աշնանը Սերժ Սարգսյանը հայտարարեց երեք խոշոր նախագծերի մեկնարկի մասին, որոնցից մեկը Իրան-Հայաստան երկաթուղին է: Խոստումից հետո անցել է ավելի քան յոթ տարի, սակայն այդ ուղղությամբ որևէ նշանակալի քայլ չի կատարվել: Երկաթուղու կառուցումը շարունակում է մնալ մշուշոտ: Եթե անգամ անհրաժեշտ գումարները հայթայթվեն, ապա միանշանակ չէ այդ նախագծի տնտեսական նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Իրան-Հայաստան ապրանքաշրջանառության ոչ էական ծավալները: Անշուշտ, պետք է հաշվի առնել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը նշանակում է նաև երկաթուղային կապ Իրանի և Վրաստանի, ինչպես նաև՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ դրանցից բխող հնարավորություններով:

Իրանը բարդ պետություն է, և Հայաստանը, ելնելով իր իսկ շահերից, պետք է հաշվի առնի այն հարցերը, որոնցում Իրանը չափազանց զգայուն է: Մի քանի տարի առաջ այդ զգայուն հարցերից մեկի դեպքում Հայաստանի թույլ տված բացթողումը հայ-իրանական հարաբերություններում փակ սկանդալի պատճառ դարձավ: Խոսքը իրանցի այլախոհ, իրավապաշտպան Շիրին Էբադիի Հայաստան այցի մասին է: Նմանօրինակ այցերը կարող են մի քանի տարով հետ գցել առանց այն էլ դանդաղ կյանքի կոչվող հայ-իրանական տնտեսական նախագծերը:

Հեռանկար

Իրանը առաջիկա ամիսներին և տարիներին լիովին ինտեգրվելու է համաշխարհային տնտեսությանը: Եթե Հայաստանը կարողանա ճիշտ օգտվել փոփոխվող իրավիճակից, ապա տնտեսական և քաղաքական լուրջ օգուտներ կքաղի:

Ավելին, այս նոր իրավիճակում Հայաստան-Իրան երկաթուղու և հայ-իրանական համատեղ տնտեսական նախագծերի համար (ինչպիսին է, օրինակ, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցումը) կարող են բացվել նոր հնարավորություններ ու ֆինանսավորման նոր աղբյուրներ:

Հայաստանի իշխանությունները հնչող քննադատություններին, որ երկկողմ համատեղ տնտեսական ծրագրերը ցանկություններից այն կողմ չեն անցնում, պատասխանում են, որ պատճառը Արևմուտքի կողմից քաղաքական ճնշումներն են ու ֆինանսների պակասը: Այսօր, երբ արդեն Իրանի վրա չկան արևմտյան ճնշումներ, երկկողմ տնտեսական նախագծերի իրականացման ձգձգումները այլևս չեն կարող արդարացվել և պատճառաբանվել դրսի հանգամանքներով:

Հայ-իրանական հարաբերություններում հեռանկարային են առաջին հերթին էներգետիկան և զբոսաշրջությունը: Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը, ինչպես հայտարարվեց Իրանի նախագահի առաջին տեղակալի այցի ընթացքում, կավարտվի երկու տարվա ընթացքում:  Էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը հնարավորություն կտա Հայաստանին 2018-ից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Իրան-Հայաստան խողովակաշարով Հայաստան մղվող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի և բարձրավոլտ գծերով ուղարկվում Իրան:

Հայաստանը Իրանի հետ սահմանակից է նաև որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն: Հայաստանը, այս իմաստով, կարող է լավ հարթակ լինել ԵՏՄ-Իրան համագործակցության համար:

Լուծումներ

Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը խոչընդոտող գլխավոր պատճառներից է Հայաստանի տարածքում ավտոճանապարհների խիստ անորակ վիճակը: Հայաստանը նման ճանապարհներով երբեք չպետք է ակնկալի, թե կարող է դառնալ տարանցիկ պետություն Իրանի և Վրաստանի միջև: Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը, որ ձգձգվում է տարիներով, կարող է էապես փոխել իրավիճակը՝ դրականորեն ազդելով և երկկողմ առևտրատնտեսական համագործակցության, և տարանցման համար:

Իր հերթին, Իրանը պետք է Հայաստանի քաղաքացիների համար առավել դյուրացնի ավտոմեքենաներով մուտքը իր տարածք, ինչպես դա անում է հայկական կողմը: Եթե իրանցիները առանց դժվարության կարող են իրենց ատոմեքենաներով այցելել Հայաստան, ինչը տեսանելի է նաև շարքային քաղաքացիների համար, ապա նույնը չեն կարող անել հայաստանցիները, քանի որ Իրան մուտք գործելու համար պետք է մաքսատանը թողնել երաշխիքային մեծ գումար: Սա լուրջ խոչընդոտ է զբոսաշրջության զարգացման և երկու ժողովուրդների՝ փոխադարձ ճանաչողության համար:

Անհրաժեշտ է հստակություն մտցնել այն նախագծերում, որոնք տարիներով մնում են օրակարգում, սակայն առաջ չեն շարժվում: Եթե Իրան-Հայաստան գազատարի և Մեղրիի ՀԷկ-ի կառուցումը անիրատեսական է անկախ հանգամանքներից, ապա պետք է կենտրոնանալ համատեղ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրա՝ նկատի ունենալով այն նոր հնարավորությունները, որ բացվում են Իրանի առջև:

Երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը ինքնին բերելու է նրան, որ Հայաստանը ավելի մեծ ծավալներով է գազ ներմուծելու Իրանից, քանի որ իրանական գազը, Երևանի ՋԷԿ-ում վերածվելով էլեկտրաէներգիայի, վերադառնում է Իրան: Սակայն ժամանակն է, որպեսզի Իրան-Հայաստան գազատարը օգտագործվի իր ողջ թողունակությամբ: Գոնե սահմանամերձ Սյունիքի մարզում Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ կենցաղային նպատակներով օգտագործվի իրանական գազը:

Իրան-Հայաստան գազատարի տարեկան թողունակությունը շուրջ 2 մլրդ խորանարդ մետր է, մինչդեռ տարեկան Իրանից Հայաստան մղվում է դրա մեկ հինգերորդ չափով միայն: Եթե իրավամբ իրանական գազը կարող է մրցակից լինել ռուսականին, ապա Իրանից Հայաստանի տարածքով կարող է գազ գնել նաև Վրաստանը, ինչը արել է ժամանակին, բայց Ադրբեջանի տարածքով:

Պայմանավորված պատժամիջոցներով՝ Իրանի՝ Հայաստանում ներդրումների ծավալը եղել է աննշան: Այսօր, երբ ֆինանսներ են հոսելու Իրան, երբ Իրանը կարողանալու է օգտագործել արևմտյան բանկերում տարիներ արգելափակված իր տասնյակ միլիարդավոր դոլարները, Հայաստանը պետք է անի առավելագույնը երկրում իրանական ուղղակի ներդրումները խթանելու համար:

 

«Նոր պատուհան դեպի Իրան». ամփոփագիր