Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Օրվա հրամայականը` դեկտեմբերի 6-ին ընդառաջ» վերնագիրը:

Դեպքը

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Եթե հանրաքվեի դրված Սահմանադրությունը հավանության արժանանա ընտրողների կողմից, Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգի: Դեկտեմբերի 3-ին հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստատեսությունների ներկայացուցիչների հետ: Հարցազրույցում ՀՀ նախագահը կենտրոնացավ սահմանադրական փոփոխությունների վրա՝ փորձելով հիմնավորել դրանց կարևորությունը:

Խորապատկերը

Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ.: 1991թ. անկախության հռչակումից հետո երկիրը կառավարվում էր առանց Սահմանադրության՝ 1990թ. ընդունված Անկախության հռչակագրով և օրենսդրական ակտերով: Սահմանադրության ընդունումն այդ ժամանակ պահի հրամայականն էր: Օրվա ընդդիմությունը քննադատում էր հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը՝ հավաստիացնելով, որ այն «կարված է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հագով»:

2005թ. Սահմանադրությունը ենթարկվեց փոփոխության, ինչը հիմնականում պայմանավորված էր 2001թ. Եվրախորհրդի անդամ դարձած Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Այդ ժամանակ ևս ընդդիմությունը պնդում էր՝ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իշխանության վերարտադրության նպատակով, որպեսզի 2008թ. նախագահական ժամկետի ավարտից հետո կարողանա մնալ իշխանության մեջ:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998թ., երբ դեռ գործում էր «իր հագով կարված» Սահմանադրությունը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունից հեռացավ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո: Այժմ նախկին երկու նախագահները կոշտ քննադատության են ենթարկում Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Վերլուծություն

2015թ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների, իսկ ըստ էության՝ նոր Սահմանադրության ընդունման հիմնական նպատակը ոչ այնքան իր ամբողջական իշխանության վերարտադրությունն է, որքան նախագահի՝ առաջնային լեգիտիմությամբ օժտված ինստիտուտի վերացումը: Գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող հավակնել նախագահի աթոռին և անձնապես կանգնած է քաղաքական լուսանցքում հայտնվելու վտանգի առջև՝ դրանից բխող հետևանքներով, ինչը տեղի էր ունեցել իր նախորդների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ իշխանությունից հեռանալուց անմիջապես հետո:

Կարելի է նշել չորս պատճառ, որոնք ստիպում են Սերժ Սարգսյանին վերացնել նախագահի ինստիտուտն այն տեսքով, ինչ տեսքով այն կա այժմ.

Գործող Սահմանադրությամբ Սարգսյանն անձամբ չի կարող այլևս երրորդ ժամկետում առաջադրվել նախագահի թեկնածու: Եթե Սահմանադրությունը չփոխվի, Սարգսյանը կհայտնվի «կաղ բադի» կարգավիճակում։
Իշխանական համակարգում չկա այն ֆիգուրը, որին Սարգսյանը լիրաժեք վստահում է, և որը կարող է լինել իր իրավահաջորդը։
Նույնիսկ լիարժեք վստահելի նախագահի թեկնածու ունենալու դեպքում՝ նա հստակ գիտակցում է, որ շատ դժվար է լինելու իր առաջադրած թեկնածուին     նախագահ դարձնել 2018թ․:
Եվ, ամենավտանգավոր հեռանկարը Սերժ Սարգսյանի համար՝ 2018թ. նախագահի աթոռին կարող է հայտնվել իր համար խիստ անցանկալի անձ՝     դրանից բխող հետևանքներով:

Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքացիների գերակշիռ մասը գիտակցում է ստեղծված իրավիճակը: Նրանք «Ոչ» են ասում Սերժ Սարգսյանի՝  քաղաքականության մեջ մնալու հավակնություններին: Զուգահեռ կա փոքր զանգված, որի «Այո»-ն կամ «Ոչ»-ը պայմանավորված է գաղափարական մոտեցումներով:

Սակայն ներկայում սեղանին դրված է ոչ թե խորհրդարանական հանրապետություն կառուցելուն միտված նախագիծ, այլ անորոշություններով լի մի փաստաթուղթ:

Դեկտեմբերի 6-ին ժողովուրդն իրականում ընտրություն չի կատարելու խորհրդարանական և կիսանախագահական համակարգերի միջև, ընտրությունը լինելու է՝ կիսանախագահական և անորոշ համակարգերի միջև: Անորոշ, քանի որ սեղանին դրված խորհրդարանական կառավարման համակարգին բովանդակություն տրվելու է նոր ընտրական օրենսգրքով, որն ընդունվելու է խորհրդարանում իշխող մեծամասնություն ներկայացնող ՀՀԿ-ի կողմից:

Հիմնական խնդիրն առաջարկված նախագծի 89-րդ հոդվածն է, մասնավորապես՝ դրա 3-րդ կետը, որով սահմանվում է.

«Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»:

Ստացվում է, որ նոր ընտրական օրենսգիրքն առաջին հերթին պետք է լուծի խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովման խնդիրը, ինչն էլ դառնալու է հայկական պառլամենտարիզմին ձև և բովանդակություն տվող հիմնական գործոնը: Կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը հիմնավորվում է կայուն քաղաքական ու պետական համակարգ ունենալու մղումով, սակայն ըստ էության հիմք է դրվում սահմանադրորեն ամրագրված միակուսակցական համակարգի: Բացարձակ ու անհակակշիռ իշխանություն՝ ցրված ու անորոշ պատասխանատվությամբ:

Հեռանկարներ

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ իշխանությունն ամբողջովին պաշտպանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ուստի պետք է համոզված ենթադրել, որ իշխանությունն օգտագործելու է իր բոլոր ռեսուրսները՝ օրինական և ոչ օրինական մեթոդներով «Այո»-ի հաղթանակն ապահովելու համար:

Դատելով հանրային տրամադրություններից՝ «Այո»-ն հանրային խիստ ցածր վստահություն ունի, և ամենայն հավանականությամբ՝ «Ոչ»-ը գերակա է լինելու: Միաժամանակ, հանրաքվեի ընթաց    քում կարող է գրանցվել ոչ բարձր մասնակցության ցուցանիշ: «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական  և քաղաքացիական ընդդիմադիր ուժերը նշանակալի ջանքեր են գործադրելու դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերահսկելու ուղղությամբ:

Լուծումներ

Անկախ այն հանգամանքից՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, իշխանությունը պարտավոր է հանրաքվեն անցկացնել օրենքի տառին համապատասխան, այն պետք է ցույց տա ժողովրդի իրական կամարտահայտությունը: Պետության համար կենսական նշանակություն ունի երկրի մայր օրենքի լեգիտիմության բարձր աստիճանը:

Ընդդիմությունը պետք է ձգտի արդյունավետ օգտագործել մարդկային ու ֆինանսական սուղ ռեսուրսները հանրաքվեի վերահսկողության համար: Երևանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքներն իշխանության վրա հանրաքվեի օրը քաղաքական ճնշում բանեցնելու համար կարևոր են, սակայն ավելի կարևոր է ընտրատեղամասերում ընտրակեղծիքների կանխարգելումն ու արձանագրումը: Հնարավոր ընտրակեղծիքների փաստացի արձանագրումը միայն կուժեղացնի ընդդիմության դիրքերը հանրաքվեից հետո ենթադրվող հանրահավաքային պայքարում:

Իրենց հերթին միջազգային դիտորդական կազմակերպությունները պետք է աչալուրջ լինեն և պատշաճ կերպով արձանագրեն թերացումները: Կեղծիքներով անցկացված հանրաքվեն չպետք է լեգիտիմացվի, ինչպես եղել է 1995թ․ և 2005թ.:

Օրվա հրամայականը` դեկտեմբերի 6-ին ընդառաջ