Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Փերինչեքը հաղթում է Եվրոպային» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:

Դեպքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հրապարակեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը: «Ժողովրդավարական հասարակությունում հայկական համայնքի շահերը պաշտպանելու նպատակով Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկար»,- նշված է դատավճռում:

Մյուս կողմից, ՄԻԵԴ-ի որոշման մեջ բացակայում են այն ձևակերպումները, որոնք տեղ էին գտել 2013թ. դեկտեմբերի 17-ի Ստորին պալատի վճռում և որոնց պատճառով էր նաև որպես երրորդ կողմ ներգրավվել Հայաստանը: Մասնավորապես, Եվրոպական դատարանը վճռում նշել է, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ «Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն, թե ոչ»:

Խորապատկերը

Շուրջ տասը տարի առաջ Փերինչեքը Շվեյցարիայի Լոզան քաղաքում թուրքական մի հավաքում ունեցած ելույթում Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ», որի պատճառով 2007թ. մարտին Վո կանտոնի դատարանը նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի:

Փերինչեքը դիմել էր դատարան՝ բողոքարկելով վճիռը: Վո կանտոնի և Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանը մերժել էին բողոքը: Ապա Փերինչեքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրել էր վճիռ,  ըստ որի՝ շվեյցարական դատարանը խախտել էր Փերինչեքի ազատ արտահայտվելու ազատությունը: Այսպիսով, Փերինչեքը դատարանում հաղթել էր Շվեյցարիային:

Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: Թուրքիան դատավարությունում ներգրավվեց որպես երրորդ կողմ: Ներգրավվեց նաև Հայաստանը՝ դատավարության համար վարձելով աշխարհահռչակ երկու փաստաբանների:

2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սկսեց Փերինչեքի գործի քննությունը:

2013թ. դեկտեմբերին, երբ Փերինչեքը արդարացվեց, նա շարունակում էր թուրքական բանտում մնալ «Էրգենեկոնի» գործով՝ «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը տապալելու ամբաստանությամբ: Թուրքական դատարանը նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման: Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանեց երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։

Վերլուծություն

ՄԻԵԴ-ի դատավճիռը քաղաքական էր և այնպիսին, որը պետք է հաշվի առներ մի կողմից ազատ արտահայտվելու իրավունքը, մյուս կողմից՝ չպետք է ստվեր նետեր Հայոց ցեղասպանության վավերականության վրա: Այսպիսով, այս որոշումը հայկական կողմի համար իր մեջ պարունակում էր և՛ դրականը, և՛ բացասականը:

Ակնհայտ է, որ Փերինչեքը կարողացավ հաղթել Շվեյցարիային, մի պետության, որը առաջինն է քրեականացրել Հայոց ցեղասպանության ժխտումը: Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է ՄԻԵԴ-ի որոշումը, նույնն արել է նաև Հայաստանի Գլխավոր դատախազությունը՝ երկուսն էլ վերցնելով վճռի՝ իրենց համար շահեկան հատվածները:

Սակայն հայկական կողմը լուրջ սխալ է թույլ տալիս, երբ, հաշվի առնելով ներքին PR-ը, հրապարակավ իր գոհունակությունն ու բավարարվածությունն է հայտնում՝ այդպիսով վատ ազդանշան ուղարկելով միջազգային հանրությանը: Անհասկանալի է նաև Հայ դատի կառույցների՝ դատավճռի՝ հայկական կողմի համար ընդունելի հատվածները պրոպագանդելը, երբ ժխտողականության օրինականացման տեսանկյունից այս դատավճիռը չափազանց վտանգավոր նախադեպ է:

Այս վճռի, հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներից մեկն էլ այն է, որ հստակ տարբերակում է դրվում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև: Պատահական չէ, որ հենց այս ձևակերպումն է դարձել Թուրքիայի արգործնախարարության հայտարարության առանցքը:

Այս վճիռը ուղերձ պետք է լինի հայկական կազմակերպությունների համար, որպեսզի հետագայում այլևս  ինքնագլուխ կերպով՝ առանց Հայաստանի հետ համակարգելու, չընտրեն դատական ճանապարհը, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը կամ ղարաբաղյան խնդրին:

Հեռանկար

ՄԻԵԴ-ի որոշումը Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է: Այն ողջունել են նաև թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: Այս որոշումը, անկասկած, ուժեղացնելու է թուրքական լոբբիի դիրքերը: Փերինչեքի արդարացումն աչքի առաջ ունենալով՝ թուրքական կազմակերպությունները ավելի ագրեսիվ կերպով են հերքելու Հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով միջազգային կազմակերպությունների հարթակները և ակադեմիական շրջանակները:

Մինչև այսօր, Շվեյցարիայից բացի եվրոպական ևս երկու պետություն՝ Սլովակիան և Հունաստանը, քրեականացրել էին Հայոց ցեղասպանության ժխտումը: ՄԻԵԴ-ի որոշումից հետո դժվար կլինի հասնել նրան, որ այլ պետություններ ևս ընդունեն օրենքներ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Բացի այդ, Շվեյցարիայի նկատմամբ Փերինչեքի հաղթանակից հետո ինչ-որ տեղ անիմաստ է դառնում նման օրենքների ընդունումը:

Հայաստանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության հարցում անցում է կատարում ճանաչումից դեպի հատուցում: Հատուցումը հնարավոր է միայն դատական ճանապարհով, քանի որ Թուրքիան ինքնակամ չի գնա հատուցման, իսկ Հայաստանը այնքան ուժեղ չէ, որ պարտադրի Թուրքիային: ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո Հայաստանի՝ ճանաչումից դեպի հատուցում նպատակը գրեթե անիրական է դառնալու:

Լուծումներ

Հայաստանը պետք է մի կողմ դնի ներքին PR-ը և ամենաբարձր մակարդակներով իր դժգոհությունը հայտնի ու դատապարտի ՄԻԵԴ-ի որոշման այն հատվածը, որը, փաստորեն, օրինականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը անգամ այն երկրներում, որոնք օրենք են ընդունել ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: ՄԻԵԴ-ի որոշումը ողջունելը չափազանց սխալ ուղերձ է միջազգային հանրությանը, հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ այդ որոշումը միջազգային լրատվամիջոցները մեկնաբանում են որպես ժխտողականության օրինականացում:

Այս նախադեպը Հայաստանի և հայկական հարցրով զբաղվող կազմակերպությունների համար պետք է դաս լինի, որ երբեք չի կարելի Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման, ինչպես նաև համահայկական նշանակության մեկ այլ՝ Ղարաբաղյան հարցի լուծումը փնտրել իրավական դաշտում՝ միջազգային դատարանում:

Միջազգային դատարանները, լայն հաշվով, կայացնում են քաղաքական վճիռներ: Երբ որևէ խնդիր կամ վեճ տարվում է դատարան, ապա դու ստիպված ես ընդունել այդ դատարանի որոշումը, անկախ նրանից՝ դու ես հայցվորը, թե ոչ:

Եվ, վերջապես, Հայաստանը պետք է իր ստորագրությունը վերցնի ցյուրիխյան երկու արձանագրություններից, քանի որ դրանցում տեղ գտած ձևակերպումներից մեկը՝ կապված պատմության հարթության ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկի հետ, հատկապես ՄԻԵԴ-ի որոշումից հետո, ավելի հետևողականորեն  է օգտագործվելու հայության դեմ՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության վավերականությունը:

Փերինչեքը հաղթում է Եվրոպային