Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օր առաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրար հաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի` երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբեր համերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամ շրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայն ձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթական համակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելող ընտրություններ իրականացնելով:
Երեխաների պաշտպանության օրն առիթ է ընդգծելու համար այն արժեքները, որոնց հավատում է պետությունը, որոնց կրողը ուզում ենք, որ լինեն մեր երեխաները: Երբ մենք չենք կարողանում կատարել մեր ապագա քաղաքացիների հանդեպ միակ կարևոր պարտավորությունը` եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ լինելու արժանի երկրի կառուցումը, համերգներն ու տոնախմբություները չեն լուծում երիտասարդ սերնդի մոտ պետության հանդեպ հարգանք արթնացնելու խնդիրը: Ի՞նչ պիտի մտածի իր երկրի մասին այն երեխան, որը տոնական այդ օրը տեսնում է ընտրությունների արդյունքերի դեմ բողոքող փողոց դուրս եկած հազարավոր մեծահասակների, երբ տանը, դպրոցում, բակում պարբերաբար լսում է այն մասին, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ օրենքն արժեք չունի:
Ի՞նչ ընտրություն ենք մենք թողնում այն սերնդին, որն ամեն օր ականատես է լինում մեծահասակների խորը հիասթափությանը սեփական երկրից, սեփական իշխանությունից և արդարության հասնելու հնարավորությունից:
Համերգներից, տոնախմբություններից ու քաղցրավենիքից զատ մենք այսօր երեխաների առաջ ավելի կարևոր պարտավորություն ունենք՝ գործով ապացուցել, որ նրանց համար լավ երկիր կառուցելու մեր խոստումները պարզապես բառեր չեն: Ժողովրդավարական ընտրությունները, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, արդար դատական համակարգը` սրանք են այն ինստիտուտները, որ իրականում պաշտպանելու են մեր երեխաների իրավունքները: Միայն այս դեպքում երեխաները կհավատան իրենց երկրին, սեփական ուժերին ու մեզ բոլորիս: