Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ անկում ապրել և այդ ցուցանիշն արդեն մոտենում է 20 տոկոսի:

Այսօր բոլորին է հետաքրքրում,  թե որքան է  դեռ շարունակվելու անկումը և արդյոք կառավարության ծրագրերը բավարար և արդյունավետ են կասեցնելու այն և ի վերջո հետ շրջելու այդ միտումը:

Հայաստանի կառավարության արձագանքը այսօր ստեղծված տնտեսական իրավիճակին երկու հիմնական թերություն ունի:

Առաջինն այն է, որ կառավարության գործունեության հիմնական ուղենիշ հանդիսացող փաստաթուղթը` 2009 թ. բյուջեն, ժամանակավրեպ է: Այն կառուցված է 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վրա, իսկ իրականությունն արձանագրում է 18 տոկոսի անկում: Բյուջեում փաստորեն առկա է 27 տոկոսի ճեղքվածք: Նման աղավաղված փաստաթուղթը չի կարող ծառայել որպես նախագիծ կամ նույնիսկ պարզ ուղեցույց կառավարության տնտեսական գործունեության համար:

Երկրորդը` կառավարության հակաճգնաժամային ջանքերը հիմնականում միտված են տնտեսության առաջարկային հատվածին: Խրախուսելով առաջարկի աճը, ֆինանսավորելով որոշ ոլորտներ` պահպանելու համար այդ ոլորտների արտադրության մակարդակը, կարելի է ապահովել կարճաժամկետ աճ և ՀՆԱ-ի ցուցանիշների կարճաժամկետ բարելավում, բայց սա չի կարող լինել կայուն և շարունակական նույնիսկ կարճաժամկետ առումով, եթե համապատասխան ջանքեր չգործադրվեն տնտեսության պահանջարկային հատվածը խթանելու համար:

 

Կառավարության հիմնական խնդիրը ակնհայտորեն պետք է լինի այն, ինչ արդեն արել են շատ երկրներ: Առաջին` վերանայել բյուջեն, որպեսզի այն արտահայտի առկա իրողությունները, երկրորդ` խթանել տնտեսության պահանջարկային մասը` օգտագործելով մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող արդեն իսկ ձեռք բերված ֆինանսական միջոցները:

Դասագրքային ճշմարտություն է, որ ցանկացած երկրի տնտեսության աճի հիմնական շարժիչը ապրանքների և ծառայությունների պահանջարկն է: Սպառողի պահանջարկը, կառավարության ծախսերը, ներդրողների մասնակցությունը և արտաքին պահանջարկը (արտահանումը) կազմում են ցանկացած երկրի տնտեսության ամբողջական պահանջարկը:

Այժմ տեսնենք, թե ամբողջական պահանջարկի տարբեր բաղկացուցիչներից յուրաքանչյուրի մասով ինչ է արվում կառավարության կողմից, և ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկվել:

Առաջին` սպառողական պահանջարկը: Այս բաղկացուցիչը ընդհանուր պահանջարկի մեջ ամենածանրակշիռն է: Բարձր գործազրկությունը, տնտեսական անկումը, եկամուտների նվազումը, ինչպես նաև արտաքին տրանսֆերտների կտրուկ անկումը զգալիորեն նվազեցրել են տնտեսությունը խթանելու այս բաղկացուցիչի կարողությունը: Կառավարության այսօրվա ծրագրում սրան միտված ոչ մի քայլ չի նախատեսվում: Սպառողական պահանջարկն աշխուժացնելու համար անհրաժեշտ է սպառողին տրամադրել լրացուցիչ եկամուտ: Սա պետք է ներառի հասարակության ամենալայն շերտերը` առանց խտրականության: Միակ լուծումը գործատուների և աշխատողների եկամտահարկը և շահութահարկը կրճատելն է:

Երկրորդ` կառավարության ծախսերը: Այս բաղկացուցիչը նույնպես կարևոր և անմիջական ազդեցություն ունի իրավիճակի վրա` հատկապես ճգնաժամային պայմաններում:  Թեև կառավարությունը նախատեսում է ենթակառուցվածքային ծրագրեր, դրանք կամ երկարաժամկետ են, կամ շատ փոքր են տնտեսության վրա զգալի ազդեցություն ունենալու համար: Նոր ատոմակայանի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծերը անմիջապես իրականացվելիք ծրագրեր չեն: Առավել իրականանալի ծրագրերն էլ շատ փոքր են լուրջ խթան հանդիսանալու համար: Այս ծրագրերը չեն տարբերվում այն ծրագրերից, որոնք միշտ տեղ են գտել ցանկացած բյուջեում նորմալ, ոչ ճգնաժամային պայմաններում: Կառավարությունը կարող է իրական փոփոխություն ապահովել միայն եթե իրականացնի լավ մտածված ծրագրեր, որոնք կունենան հնարավոր ամենամեծ բազմապատկիչ էֆեկտը և կապահովեն ամենաշատ աշխատատեղերը:

Երրորդ` ներդրումները: Սա թերևս ամենաանտեսված բաղկացուցիչն է: Այս ոլորտում ակտիվությունը մեծամասամբ կախված է կառավարության և երկրի ապագայի հանդեպ ներդրողների վստահությունից: Այստեղ հոգեբանական, ինչպես նաև շոշափելի գործնական տնտեսական միջոցներ է անհրաժեշտ կիրառել: Կառավարությունը պետք է վստահություն ներշնչի իր գործով և խոսքով: Բայց որպես գործնական միջոց առաջին հերթին պետք է նվազեցվեն վարկավորման տոկոսադրույքները: Բանկերին պետք է քաջալերել, որ նրանք էապես նվազեցնեն ավանդների և վարկավորման տոկոսադրույքները ` պահպանելով այդ երկուսի միջև առկա տարբերությունը այնպես, որ դա չազդի բանկի շահութաբերության վրա, բայց միաժամանակ մատչելի լինի վարկառուի համար: Հատկապես արտաքին ներդրումները խթանելու համար անհրաժեշտ են հարկային արտոնություներ:

Չորրորդ` արտաքին պահանջարկ (արտահանում): Այս բաղադրիչը նույնպես զգալիորեն  տուժել է: Հայաստանում անցած մեկ և կես տարվա ընթացքում արտահանումը նվազել է  46 տոկոսով: Մինչդեռ հաշվի առնելով փոքր ներքին շուկան, արտահանումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման համար: Միջազգային պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների ցածր գները և տրանսպորտային սահմանափակումները, իհարկե, նպաստել են այս անկմանը: Ու թեև կառավարությունը ազդեցություն չունի այս գործոնների վրա, որոշ համեստ միջոցներով հնարավոր է բարելավել իրավիճակը: Այս ոլորտում երկու հիմնական խոչընդոտ կա: Մեկը միևնույն ապրանքատեսակների շուկայում հայկական ապրանքների ցածր մրցունակությունն է տրանսպորտային ծախսերի պատճառով, մյուսը` ապրանքների արտահանումն ապահովելու համար ֆինանսների հաճախակի բացակայությունը: Այս երկու խնդիրն էլ կարելի է մեղմացնել վերանայելով փոխարժեքի քաղաքականությունը և գտնելով առավել հավասարակշված փոխարժեք, որը կարող է լինել շահեկան թե ներմուծողների, թե արտահանողների համար: Ինչպես նաև` ստեղծելով արտահանման կարճաժամկետ արտոնյալ վարկերի տրամադրման մեխանիզմ:

Հայաստանի պարագայում կա ևս մեկ լուրջ վտանգ: Դա մեկ միլիարդ դոլարի հասնող վարկերն են, որոնք հաջորդ երկու տարվա ընթացքում մեծացնելու են երկրի արտաքին պարտքը, հասցնելով ՀՆԱ-ի 50 տոկոսին: Եթե կառավարությունը չկարողանա այդ գումարները բացասական միտումը հնարավորինս արագ կասեցնելուն և կայուն, իրական աճ ապահովելուն ուղղել, այդ պարտքը դառնալու է լրցուցիչ բեռ մեր տնտեսության վրա, որը եկող տարիներին կարող է  մեզ էլ ավելի խորը ճահճի մեջ քաշել:

Եվ վերջապես, կառավարության հակաճգնաժամային ծրագրի բացթողումներից մեկն այն է, որ լուծումները փնտրվում են բացառապես տնտեսական դաշտում, և այդ լուծումները փնտրվում են հիմնականում միջազգային տնտեսական ճգնաժամի ենթատեքստում: Մինչդեռ Հայաստանի խնդիրները ներսում են ու ցավոք, ոչ միայն տնտեսական դաշտում: Օրենքի արդար և հավասար կիրառումը, մենաշնորհների բացառումը, իշխանության և բիզնեսի սերտաճման բացառումը բացառապես ներքին խնդիրներ են և առանց այդ խնդիրների լուծմանն ուղղված իրական քայլերի տնտեսական կայուն հաջողությունների հասնելը շատ բարդ կլինի:

Վստահ եմ, որ վերը նշված տնտեսական և քաղաքական միջոցառումների միաժամանակյա իրականացումը կարող է ոչ միայն կանգնեցնել անկումը, այլև լուրջ հնարավորություն ստեղծել` շրջելու բացասական միտումը:

Վերադարձ հիմքին