Իննսուն տարի առաջ`1920թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր դեպի ծով ելքով և 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստան: Պայմանագիրն ուներ ստորագրող երկու կողմ.
դեռ 1918թ. աշնանը Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան Թուրքիան մի կողմից և գլխավոր տերություններն ու նրանց դաշնակից մի քանի երկրներ, որոնց թվում` Հայաստանը, մյուս կողմից: Պայմանագրի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն, 89-րդ հոդվածով` համաձայնվում Հայաստանին վերադարձնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները:
Սևրի պայմանագիրը մնաց կարևոր փաստաթուղթ, որի վրա հետագայում հայերը կառուցեցին իրենց երազները, թեեև ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների անտարբեր համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կործանվեց` իր տեղը զիջելով տարածքով երկու անգամ նվազ Խորհրդային Հայաստանին, որն էլ 1922-ին մաս կազմեց Խորհրդային Միությանը:
Ընդամենը 12 հազար քառակուսի կիլոմետրով, Սիմոն Վրացյանի խոսքերով` “անձև քաոսից” ծնված Հայաստանի Հանրապետությունը երկու տարի անց`1920 թ. կեսերին ընդարձակվել և դարձել էր 60 հազար քառ. կմ. տարածքով պետություն` իր մեջ ներառելով ոչ միայն այսօրվա Հայաստանի հողատարածքները, այլև Կարսը, Արդահանի մեծ մասը, Սուրմալուն և Նախիջևանը: Հայաստանը համարվում էր Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու մյուս տերություններրի դաշնակիցը: Օսմանյան Թուրքիան 1918-ի վերջերին պարտվել ու ջախջախվել էր` կայսրության փլատակների տակ թողնելով մեկուկես միլիոն հայերի: Թվում էր, թե 1920-ի ամռանը պայմաններն այլևս բարենպաստ են Հայաստանի հետագա ընդարձակման համար, սակայն պատմության անիվը շրջվել ու գլորվում էր` ջարդուփշուր անելով հայկական երազը:
Մի կողմից բոլշևիկյան կարգերի հաստատումը Ռուսաստանում, մյուս կողմից` քեմալական շարժումը, Հայաստանի համար ստեղծեցին նոր իրավիճակ: Սկսվել էր բոլշևիկների ու քեմալականների համագործակցությունը: 1920 թ. երկրորդ կեսը` օգոստոսից մինչև դեկտեմբեր, դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը: Ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան և ադրբեջանական ուժերը զինված հարձակումներ էին իրականացնում Իջևանի, Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ուղղություններով: Հայաստանը ստիպված էր զորք պահել երկրի արևելյան և հարավային հատվածներում: Օգոստոսի վերջերից թուրքական զորքերը Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակումներ սկսեցին Կողբի, Սարիղամիշի ու Օլթիի ուղղություններով: Հայաստանը ստիպված էր միաժամանակ պատերազմել և’ բոլշևիկների, և’ քեմալականների դեմ, ու ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, վերջիններս գործում էին միասնաբար: Հոկտեմբերի վերջերին, գրեթե առանց դիմադրության, Կարաբեքիրը մտավ Կարս: Թուրքական զորքերը շարժվում էին դեպի Ալեքսանդրապոլ: Նոյեմբերի 3-ին վարչապետ Օհանջանյանը զինադադար առաջարկեց, սակայն թուրքերը ձգձգեցին և շարժվեցին Հայաստանի խորքերը: Միայն նոյեմբերի 18-ին, երբ արդեն Կարաբեքիրը մտել էր Ալեքսանդրապոլ, հայկական կողմին հաջողվեց անտանելի պայմաններով զինադադար կնքել: Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ մեկնեց Հայաստանի պատվիրակությունը` թուրքերի հետ բանակցություններ սկսելու: Պատվիրակության ղեկավարը Ալեքսանդր Խատիսյանն էր, ով էլ, քեմալականների սպառնալիքի տակ, բայց նաև վերջին վարչապետ Վրացյանի գիտությամբ, հրաժարվեց Սևրի պայմանագրից:
Ճակատագրի հեգնանքով, երբ արյան մեջ թպրտացող Հայաստանը բզկտվում էր թուրքերի եւ ռուսների միջեւ, Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը նոյեմբերի 22-ին հռչակում է ավելի քան 160 հազար քառ. կմ. տարածքով Հայաստանի քարտեզը: Այսօր էլ շատ հայեր հավատում են, որ Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Հայաստանը հնարավոր է իրականություն դարձնել:
Այսօր, մենք երբեմն մոռանում ենք հին փաստաթղթերի կարևորությունը: Մենք գնահատում ենք վաղվա հնարավորությունները այսօրվա իրողություններից ելնելով: Նոր փաստաթղթերը կարող են մերժել կարևոր պայմանագրերը, որոնք այսօր մեզ կարող են անկարևոր թվալ, որովհետև դրանք հին են ու շատերի մտքում` այլևս պատմական իրողություն: Միայն մեկ քայլ` խորհրդարանի վավերացումը, և հայ-թուրքական արձանագրությունները կդառնային Հայաստանի Հանրապետության կողմից Սևրի դաշնագիրը պաշտոնապես չեղյալ հայտարարող փաստաթուղթ, քանի որ այդ փաստաթղթում Հայաստանը պաշտոնապես ընդունում էր Թուրքիայի ներկայիս սահմանները: Միջազգային հարաբերություններում փաստաթղթերը և իրավական հիմնավորումները կարևոր են, անկախ այն բանից, թե դրանք ամնիջապես են կյանքի կոչվում, երբևէ կկոչվեն կամ միգուցե երբևէ չեն կոչվի: