Մենք մեր պատմության կարևոր խաչմերուկում ենք: Սեղանին դրված է առաջին երկկողմ պայմանագիրը, որն անկախ, ինքնիշխան Հայաստանը մտադիր է ստորագրել Թուրքիայի Հանրապետության հետ: Սա աննախադեպ, հեռու գնացող և անշրջելի գործընթաց է:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս թեմայի շուրջ բանավեճը սխալ ուղղությամբ է ընթանում: Անընդունելի է բարձրաստիճան պաշտոնյաների այս աստիճան անտարբեր և պարզունակ մոտեցումը մեր ժողովրդի համար այսքան կարևոր հարցում:
Բացարձակ անհեթեթ է ասել, թե այն ինչ կարդում ենք, այն չէ, ինչ ի վերջո ստանալու ենք: Տրամաբանական չէ ներկայացնել որոշակի մանրամասներ և հետո մեկնաբանել դրանք իրականությանը չհամապատասխանող, բայց ցանկալի տեսանկյունից: Քաղաքական փաստաթղթերն այդպես չեն մեկնաբանվում: Իհարկե, կարելի է փաստաթուղթը գրել այնպիսի ճկունությամբ, որ երկու կողմերն էլ այն տարբեր ձևով մեկնաբանելու հնարավորություն ունենան, բայց սա այդպիսի փաստաթուղթ չէ: Սա թերևս լավ ցանկություններով, բայց վատ ձևակերպված փաստաթուղթ է:
Երբ հայկական կողմն ասում է, որ թեև արձանագրությունը մատնանշում է այսօրվա սահմանների ճանաչումը, բայց դա դեռևս չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր հողային պահանջներից, սա պարզապես անհեթեթ է: Սա կարող է համազոր լինել այն բանին, որ թուրքերն օրինակ ասեին, որ թեև փաստաթղթում ակնարկ կա սահմանի բացմանը, դա չի նշանակում, որ հայերը սահմանը հատելու համար վիզա կստանան:
Կամ, երբ հայկական կողմն ասում է, որ ենթահանձնաժողովի ստեղծմանը վերաբերող “պատմական փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրություն” ձևակերպումը չի նշանակում, որ այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ցեղասպանության խնդիրը, սա համազոր է նրան, եթե թուրքերն ասեին, որ սահմանը բացելու են, բայց ոչ թե Մարգարայի սահմանը, այլ ինչ-որ 10 մետրանոց հատված, օրինակ` 40 աստիճան հյուսիսային լայնության և 45 աստիճան արևելյան երկարության հատվածում: Սա նույնպես անհեթեթ է:
Իրականությունն այն է, որ մերձեցման լավ գաղափարը և անհրաժեշտ քաղաքականությունը վատ են բանակցված և վտանգավոր են ձևակերպված: Իշխանությունների կողմից անպատասխանատվության դրսևորում է ստիպել մեր ժողովրդին մեր ներկայի և անցյալի միջև նման ընտրություն կատարել:
Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (կամ դրանց բացակայության) պատմությունը երկար նախապատմություն ունի, որը սկսվում է Թուրքիայի կողմից 1993 թ. հայ-թուրքական սահմանի փակումից առաջ: 1991թ. Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչելուց հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երկու հստակ պայման է դրել Հայաստանի առաջ. Հայաստանը պետք է հրաժարվեր Թուրքիայից հողային պահանջներից և պետք է հրաժարվեր ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից (հետագայում Թուրքիայի կողմից պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկը այս երկրորդ նախապայմանի փոփոխված տարբերակն էր): 1993 թ. փակելով Հայաստանի հետ սահմանը ի պաշտպանություն եղբայրական Ադրբեջանի, Թուրքիան ավելացրեց մի նոր պայման առ այն, որ Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության և ինքնորոշման պայքարից՝ համաձայնվելով ադրբեջանանպաստ լուծմանը:
Այս նախապատմությունը մոռանալը կամ ակնկալել, որ մենք այն կմոռանանք, կամ, որ ավելի վատ է, ձևացնել, որ Թուրքիան է այն մոռացել, լուրջ չէ: Տարածքների, ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղի հարցում Թուրքիայի հետևողական քաղաքականության ենթատեքստում, մեր հանրային բանավեճը պետք է ծավալվի այն խնդրի բովանդակության շուրջ, թե այս արձանագրությունները ինչ են տալիս հայերիս և ինչ են մեզանից վերցնում:
Նույնիսկ, երբ այս արձանագրությունները ստորագրվեն, դրանք պարզապես ի ցույց են դնելու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու Թուրքիայի ցանկությունը, իսկ բաց սահմանը իրականություն է դառնալու միայն խորհրդարանում վավերացումից հետո: Բայց անկախ վավերացումից, Թուրքիան միևնույն է ստանում է այն, ինչ ցանկանում է: Ստորագրման պահից, այս արձանագրությունները Թուրքիային հնարավորություն են տալիս աշխարհին ասելու, որ հայերը փաստացիորեն, սկզբունքորեն հրաժարվել են տարածքային պահանջներից, ինչպես նաև պատրաստ են ներգրավվել ցեղասպանության երկկողմանի ուսումնասիրությանը, հետևաբար կարիք չկա, որ երրորդ կողմերը զբաղվեն ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործով:
Աշխատած լինելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, բոլորից շատ ես կուզեի տեսնել այդ համաձայնությունը, քաջ գիտակցելով, որ դժվարին զիջումներն անհրաժեշտ են: Բայց այդ զիջումները չպետք է վտանգեն մեր ապագա անվտանգությունը կամ ոտնահարեն մեր արժանապատվությունը և արժեքները:
Մենք կարող ենք և պարտավոր ենք, ինչպես արձանագրությունում է գրված, “իրականացնել փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն”, բայց դա անելու ձևը “պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ” ուսումնասիրությունը լիազորելը չէ, կարծես թե առ այսօր եղած ուսումնասիրությունները ոչ անկողմնակալ էին, ոչ էլ գիտական: Թուրքիայի հետ նախկին քննարկումներում մենք խոսում էինք միջկառավարական հանձնաժողովի մասին, որի նպատակը կլիներ մեր ողբերգական անցյալի հետևանքների վերացումը:
Այլընտրանքային, առավել արժանապատիվ ձևակերպում հնարավոր էր գտնել նաև սահմանների հարցում: Մենք կարող ենք և պարտավոր ենք, ինչպես արձանագրությունն է ասում, “վերահաստատել հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները”: Այսքանը լիովին բավարար էր: Տարածքային ամբողջականության վրա շեշտադրումը, միջազգայնորեն ընդունված այն ձևակերպումն է, որը լուծում է սահմանների հետ կապված մտահոգության խնդիրը, միևնույն ժամանակ չզրկելով մեզ պատմական արդարությանը հետամուտ լինելու մեր իրավունքից: Մինչդեռ փաստաթղթում այնուհետ արձանագրված “երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում” ձևակերպումից պետք էր խուսափել ամեն գնով:
Իրականում հավասարազոր ռիսկ է պարունակում այս փաստաթղթում չգրվածը:
Խոսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ այս գործընթացի կապի մասին է: Սա թերևս գրված չէ, բայց բոլոր պատեհ առիթներով հստակ արտասանված է, շարունակաբար վերահաստատվելով թուրքական և ադրբեջանական ամենաբարձր մակարդակով, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Արդբեջանի շահերը, և որ ոչինչ չի արվելու, ոչ մի սահման չի բացվելու, մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չսկսի շարժվել այն ուղղությամբ, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին:
Իրականում, ակնկալել, որ Թուրքիան որևէ քայլ կանի, առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը, նույնն է, ինչ ակնկալել, որ Հայաստանը որևէ քայլի կդիմի առանց հաշվի առնելու Ղարաբաղի շահերը: Սա տրամաբանական ակնկալիք չէ:
Ուստի, եթե այս արձանագրությունների վավերացումը տեղի ունենա, և դա տեղի ունենա նախքան Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի ժամկետը, որը դրված է Թուրքիայի առաջ, այդ դեպքում կարելի է վստահ լինել, որ Թուրքիան և Ադրբեջանը ստացել են բավարար երաշխիքներ Ղարաբաղին հարող տարածքների վերադարձի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:
Սրանք են բազմաթիվ մտահոգիչ տարրերը այս փաստաթղթերի բովանդակության և դրան զուգորդած հապճեպության տեսանկյունից, ինչը մեծ կասկած է հարուցում փաստաթղթի իրական նպատակի առումով: Սա նաև ի ցույց է դնում ցանկացած գնով համաձայնության հասնելու նպատակով մեր պահանջների նշաձողն իջեցնելու պատրաստակամությունը:
Եվ երբ այս ամենը հարուցում է մեր անվստահությունը, դա պետք է լիովին հասկանալի լինի: Նրանք, ովքեր հայկական կողմից պատրաստել են այս փաստաթուղթը, պնդում են, որ իրականում այն այլ բան է նշանակում, քան ասում է: Մյուս կողմից Թուրքիան, որն, ինչպես և Հայաստանը, պետք է, համաձայն փաստաթղթի ձևակերպման, “ձեռնպահ մնա բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց”, այդուհանդերձ շարունակում է իր կողմնապահությունը մի հարևանի` Ադրբեջանի նկատմամաբ, մյուսի` Հայաստանի դեմ:
Այլ կերպ ասած, իրականում, կարծես ոչինչ չի փոխվել, բայց հայկական նշաձողը հայ-թուրքական բանակցություններում հստակորեն իջեցված է: Հետևաբար բնական է ենթադրելը, որ նույնը, թերևս, տեղի է ունենում հայ-ադրբեջանական բանակցություններում:
Հայ ժողովրդի պատմության մեջ, իրեն վերաբերող ամենաճակատագրական հարցերը միշտ որոշվել և կարգավորվել են այնպիսի փաստաթղթերով, որոնք կնքվել են երրորդ կողմերի միջև կամ երրորդ կողմերի մասնակցությամբ, որտեղ Հայաստանը եղել է սուբյեկտ և ոչ թե կողմ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ինքն է փաստաթուղթ ստորագրում պատմության մեջ իր պատկերացրած սեփական տեղի մասին:
Այս փաստաթուղթը այս ձևակերպումներով չի կարելի ստորագրել: Ավելին` այս փաստաթուղթը այս ձևակերպումներով ոչ ոք լիազորված չէ ստորագրել: