Հունիսի 19-ին Ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց նախագահի առաջարկը համաներման մասին:
Համենայն դեպս, շատ բան դեռևս անհստակ է: Հասարակությունն այսօր չունի այն հարցի պատասխանը, թե այս համաներման արդյունքում մարտի մեկից հետո կալանավորված քաղաքական գործիչներից քանիսը ազատ կարձակվեն: Արդյո՞ք ազատ կարձակվեն ընդդիմության առաջնորդները, Ազգային ժողովի ձերբակալված պատգամավորները:
Հաջորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հերթական անգամ քննարկելու է Հայաստանի հարցը: Համաներման ընդունումով Հայաստանն անշուշտ կխուսափի պատժամիջոցներից: Բայց այն հարցի պատասխանը, թե որքանով է համաներման ընդունված նախագիծը իրական քայլ՝ երկխոսության հանգեցնող բարենպաստ միջավայրի ստեղծելուն ուղղված, թե պարզապես աճպարարություն է խնդրի լուծումը ևս մի քանի ամսով երկարաձգելու համար, հիմա արդեն հնարավոր կլինի ասել այն ժամանակ, երբ կկայացվեն դատավճիռները մարտի մեկի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց հանդեպ:
Այսօր թերևս հստակ է մի բան, որ այս համաներումն ինքնըստինքյան չի ենթադրում խնդրի վերջնական ու հստակ կարգավորում: Մինչդեռ այդ քաղաքական գործիչներին ազատ արձակելու քայլն արդեն ուշացել է առնվազն մեկ տարով: Մեկ տարուց ավելի Հայաստանի միջազգային վարկանիշն ու հեղինակությունը շարունակում են ընկնել, իսկ հասարակության մեջ խորանում է պառակտումն ու արդարության հանդեպ թերահավատությունը: Երկրի դատական համակարգը վերածվել է իրական արդարադատության հետ ընդամենը հեռավոր աղերսներ ունեցող երևույթների թատերաբեմի: Ժողովրդավարության հարցը Հայաստանում մի քանի անգամ քննարկվել է Եվրոպայի խորհրդում ու շարունակում է մնալ այդ կառույցի օրակարգում: Եվ ի հավելում այս ամենի Հայաստանը զրկվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից տրամադրվելիք 70 միլիոն դոլարից:
Սա է ուշացած ու անհստակ քայլերի գինը: