Աշխարհում ամենաերկար ինքնակառավարվող հրադադարի 15 ամյակը առիթ է գնահատելու անցած մեկ և կես տասնամյակի ընթացքում տեղի ունեցածը և մտածելու գալիքի մասին:

Մտորելու համար երկու հիմնական հարց կա: Առաջինը` արդյոք Լեռնային Ղարաբաղի (և Հայաստանի) հայերը ավելի պաշտպանված են այսօր, քան զինադադարից առաջ: Երկրորդ` ինչպես կզարգանա այս` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը:

Կենսական նշանակություն ունեցող անվտանգության խնդրի տեսանկյունից, ակնհայտ է, որ հրադադարը զարմանալիորեն հաջողվել է պահպանել, և բացի հատուկենտ ընդհարումներից, խաղաղության խախտման զգալի դեպքեր չեն արձանագրվել: Խաղաղությունը պահպանվել է շփման գծում, անկանոն, փոքրածավալ մոնիտորինգի իրականացմամբ և առանց խաղաղապահների մասնակցության: Սա չի կարող բացատրվել բացառապես բարի կամքի առկայությամբ և բանակցային գործընթացի գոյությամբ: Սրանք, իհարկե հուսադրող բացատրություններ են, բայց այդ ամենը բավարար չէր լինի: Մենք պետք է նաև հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, որ կարևոր են եղել հրադադարը պահպանելու համար: Արդյունավետ բուֆերային գոտին, հակառակորդ ուժերի հավասար բալանսը, լուրջ հարված հասցնելու Ադրբեջանի բանակի ոչ լիարժեք կարողությունը, այս ամենը կողմերի համար կարևոր խթան են հանդիսացել հրադադարը պահպանելու հարցում: Իհարկե այն հանգամանքը, որ այս բոլոր գործոնները կարող են, և ամենայն հավանականությամբ կփոխվեն, իրավիճակը փխրուն է դարձնում, և մշտապես հիշեցնում է, որ հրադադարն իր բնույթով ժամանակավոր երևույթ է:

Սա ինքնեբերաբար հանգեցնում է հաջորդ հարցին` ինչպես կզարգանա այս` ոչ խաղաղություն ոչ պատերազմ իրավիճակը: Մի կողմից` բանակցությունները, տարբեր ձևերով և ձևաչափերով շարունակվում են արդեն 15 տարի: Կողմերն առնվազն խոսում են միմյանց հետ: Կողմերի հայտարարություններում էլ  փոխզիջման գաղափարը հիշատակվում է այնքան հաճախ, որ բավարար է լավատեսության համար:

Մյուս կողմից`այս բանակցությունները շարունակվում են արդեն 15 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում, կարծես ամեն ինչ փորձվել է. հինգ լուրջ առաջարկություն է ներկայացվել և մերժվել: Այլ խոսքով` խնդրի լուծումն առայժմ չի երևում, ու դարձյալ սա հիշեցում է, այն մասին, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը նույնպես, բնույթով ժամանակավոր երևույթ է:
 
Երբ կողմերից մեկը, կամ երկուսը կորցնեն բանակցությունների հետ կապված հույսերը, և միաժամանակ զգալի փոփոխությունների ենթարկվեն շփման գծում մինչ այժմ հավասարակշռությունը պահպանող գործոնները, իրավիճակը բոլորի համար վտանգավոր կդառնա:

Իհարկե, ամենաբարդ հարցն է, թե որն է վերջնախաղը, որն է լուծումը:

Երեք հնարավոր սցենար կա: Մեկը` ստատուս քվոյի շարունակությունն ու պահպանումն է: Երկրորդը` պատերազմի վերսկսումը և նոր իրավիճակի ստեղծումը: Երրորդ տարբերակը` բանակցված լուծումն է: Թեև միջազգային հանրությունը, ներառյալ միջնորդներն ու տարբեր դիտորդները, միանգամից կհերքեն առաջին սցենարը, այն համարելով անընդունելի և անկայուն, այդ սցենարը պետք չէ բացառել: Բազմաթիվ պատմական օրինակներ կան, երբ երեկվա անիրատեսական թվացող այլընտրանքը, այսօր դարձել է նախընտրելի իրականություն: Մեր դեպքում նույնպես պետք չէ բացառել ստատուս քվոյի պահպանումը, որպես լուծում ընկալվելու հնարավորությունը:

Երկրորդ սցենարը` պատերազմը, դժվար է պատկերացնել: Ոչ միայն ակնհայտ թվացող հանգամանքների, այլև այն պատճառով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, սա կլինի Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու և “վերջնական լուծման” հասնելու երրորդ փորձը: Ես հատուկ եմ գործածում “վերջնական լուծում” տերմինը, քանի որ միայն այդպիսի լուծման հանգեցնող պատերազմը կարող է հաղթանակ նշանակել Ադրբեջանի համար: Այդ պատճառով պատերազմը մեծ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար` ավելի մեծ, քան հայկական կողմի համար:

Եվ վերջապես կա տեսականորեն և իրականում ամենանախընտրելի սցենարը` բանակցված լուծումը: Իրատես լինենք. սա նշանակում է հանգել մի փաստաթղթի ստեղծմանը, որը կողմերը պետք է ստորագրեն: Նման փաստաթուղթը պետք է ներառի փոխզիջումներ:

Հայաստանի դիվանագիտության նպատակը պետք է լինի երրորդ սցենարը: Երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերն ընդունեն միմյանց նվազագույն ակնկալիքները և ոչ նվազագույն պահանջները: Մինչ դա կարող է տեղի ունենալ, կողմերից յուրաքանչյուրը պետք է կարողանա երկրի ներսում հասնել սեփական բանակցային դիրքերի վերաբերյալ  բավարար կոնսենսուսի: Սա դեռևս տեղի չի ունեցել: Այն նշաձողը, որ սահմանում է մեր կողմից փոխզիջման ամենամեծ հնարավորությունը պետք է շատ հստակ լինի և պետք է ապահովի, որ այն պահից, երբ փաստաթուղթը կստորագրվի մինչև այն պահը, երբ բոլոր դրույթները կսկսեն գործել, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովված ու նույնիսկ երաշխավորված լինի:
Այդուհանդերձ, հետապնդելով բանակցված լուծման հասնելու դիվանագիտական նպատակը, որը, կարծում եմ, նաև Ադրբեջանի դիվանագիտական նպատակն է, երկու կողմերն էլ մտքում պահում են այն հնարավորությունը, ինչը բանակցողներն անվանում են “լավագույն այլընտրանքը բանակցված համաձայնությանը”: Ադրբեջանի համար նման “այլընտրանք” է պատերազմը: Մեզ համար “այլընտրանք”, կարող է լինել այսօրվա ստատուս քվոն: Այլ կերպ ասած` խուսափելով պատրաեզմից, մենք պետք է օգտվենք մեզ համար հասանելի բոլոր այլ հնարավորություններից:

Տևական խաղաղության հասնելու բոլոր հնարավորություններին հետամուտ լինելուն զուգահեռ մեր դիվանագիտության նպատակը պետք է լինի նաև այն, որ ցանկացած պահի մեր բանակցային դիրքերն ավելի շահեկան լինեն: Սա մեր լավագույն պաշտպանությունն է անցանկալի ստիպողական լուծման դեմ:
Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, ներառյալ` Կոսովոն և Արևելյան Թիմորը, երբ միջազգային հանրությունն ի վերջո պարտադրեց այդ պահին բանակցային գործընթացում գերիշխող մոտեցումների և ընկալումների վրա հիմնված լուծումներ:

Հոդվածի սկզբում նշված երկու հարցերը կարևորագույն տեղ են զբաղեցնելու կարգավորման ողջ գործընթացի ընթացքում: Մեր պատասխանները կախված կլինեն այն բանից, թե որքանով ճիշտ մենք կկարողնանաք արձագանքել միջազգային հարաբերությունների արագընթաց զարգացումներին, կտրուկ փոփոխվող համաշխարհային միտումներին, ամենատարբեր ներքին քաղաքական և տնտեսական իրողություններին: Պատասխանները նաև կախված կլինեն հակամարտող կողմերի դիվանագիտական մոտեցումներից, համոզմունքներից և կարողություններից:

Մտորումներ հրադադարի 15 ամյակի առիթով