Մանկահասակ աղջիկներից 11-ամյա քրդուհի Ռաբիյան մեծ ծնողներից էր իմացել իրենց տան հենց հարևանությամբ դեռ կիսականգուն հայկական եկեղեցու անունը` Անա Մարիամ: Կիսաքանդ, անգմբեթ այս եկեղեցին հավանաբար գրքերում հիշատակվող Սուրբ Մարինեն է` Մուշ քաղաքի հայկական յոթ եկեղեցիներից ամենաշքեղը:
Երբ ես մոտեցա ու համբուրեցի եկեղեցու մուտքի քարը, Ռաբիյան ու մյուս աղջիկները բարձրաձայն ծիծաղեցին: Ապա նրանք սկսեցին հարցեր տալ: Ամենատհաճը, որ (արևմտա)հայերին կարող են տալ այս կողմերում այսօր բնակվող երեխաներն ու մեծերը, “Ո՞ր երկրից ես” հարցն է: Ու մինչ հարցեր էին տալիս, մեզ մոտեցան թաղի մյուս երեխաները: Նրանք ինձ ու քուրդ Նիհատին, ով սիրով օգնել էր գտնել եկեղեցին, ուղեկցեցին մինչև հին քարաշեն բաղնիքի շենքը, ապա նրանցից մի քանիսը դոլար խնդրեցին: Այսպես են սովորաբար թուրք և քուրդ երեխաները` հենց որ օտարական են տեսնում իրենց տան մոտերքում, դոլար են ուզում:
Մինչ այս եկեղեցին հասնելը, Նիհատի օգնությամբ գտել էի նախկին մեկ այլ հայկական եկեղեցի, որը կանգուն է, պարզապես ձևափոխվել ու վերածվել է մզկիթի` Ուլու Ջամի, այսինքն`Մեծ կամ Վեհ Մզկիթ անունով: Թե հայկական եկեղեցիներից որն է դարձել Ուլու Ջամի, դժվարանում եմ ասել: Մուշ քաղաքում հիշատակվող եկեղեցիներն են եղել Սուրբ Կիրակոսը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Փրկիչը, Սուրբ Ավետարանոցը, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Մարինեն և Սուրբ Հարությունը։
Մաղաքիա Օրմանյան պատրիարքի տվյալներով` Արևմտյան Հայաստանում ամենից շատ հայկական եկեղեցիներ` 230, եղել է Մուշի գավառում: Մոտ հարյուր տարի առաջ հիշատակվող, գործող ու կանգուն եկեղեցիներից այսօր ոչ մեկը չի գործում, ավելին` բոլորը պղծվել, քանդվել, կողոպտվել կամ խոնարհվել են: Մուշի հին թաղում մինչև այսօր կիսականգուն Անա Մարիամը ուղղակի լքված է: Այն անցորդ քրդերի ու թուրքերի համար վերածվել է աղբանոցի: Շատ ճնշված ու հուսահատ հեռացա Անա Մարիամից:
Մտածեցի, որ Պոլսո հայոց պատրիարքությունը պիտի ինչ-որ կերպ տիրություն անի, խնամի այս եկեղեցին կամ եկեղեցու հարևանությամբ բնակվող քրդերից մեկին պահակ վարձի, որպեսզի այսպես լքված չլինի այն: Հետո ինքս ինձ հարցրեցի` Արևմտյան Հայաստանի կանգուն, կիսականգուն ու խոնարհված ու մինչը այսօր մնացած տասնյակ, հարյուրավոր հուշարձաններից ո՞ր մեկին տիրություն անի Պոլսո պատրաիրքարանը: Եկեղեցին առանց հոտի գրեթե անհնար է պահել: Սա է դառը իրականությունը:
Քաղաքի հին թաղամասերում, որոնք ունեն նեղ փողոցներ, մի քանի ժամ թափառելուց և հայկական անցյալ փնտրելուց հետո մի որոշ ժամանակ հանգստացա Մուշի կենտրոնում գտնվող Լոկանտա Պարկ կանաչ ու կոկիկ այգում` ուղղակի պառկելով խոնավուն խոտերի վրա: Բացեցի թուրքերենի դասագիրքն ու զրուցարանը և մոտ մեկ ժամ կարդացի ու փորձեցի թուրքերեն մի քանի նոր բան սովորել` վաղն առավոտյան կրկին Մուշի հին թաղերում հայկական անցյալի փնտրտուքը ավելի արդյունավետ շարունակելու մտադրությամբ: Ես փորձում էի անգիր հիշել մի քանի նոր և հատկապես այս նախադասությունները`
Այս քաղաքում հայկական եկեղեցիներ կա՞ն:
Այս քաղաքում հայկական եկեղեցիներ եղե՞լ են:
Այս քաղաքում հայեր կա՞ն:
Այս քաղաքում հայեր եղե՞լ են:
Ո՞ւր են գնացել այս քաղաքի հայերը…
Հատկապես այս վերջին հարցի պատասխանը կարելի է գտնել անգամ Մեհմեդ Թալեաթ փաշայի “Սև գրքում”: Նախորդ դարի երկրորդ տասնամյակի կեսերին, երբ Արևմտահայաստանը վերածվել էր սպանդի անծայրածիր հրապարակի, ամենից շատ տուժեց Մուշի շրջանը, որն այն ժամանակ մաս էր կազմում Բիթլիսի վիլայեթի: Թալեաթի տվյալներով Բիթլիսի վիլայեթի 114 704 հայերից 114 704-ը տեղահանվել են և քշվել դեպի մահվան անապատներ: 1917թ. նրանց 99 տոկոսը, ըստ թուրքական վիճակագրության, համարվել են անհետ կորած:
Մուշը հարյուրամյակներ եղել է արևմտահայության կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոններից: Այն եղել է հեթանոս Հայաստանի կարևորագույն կրոնական վայրերից: “Պատմական Հայաստանի քաղաքները” գրքում ասվում է, որ 19-րդ վերջերից մինչև 1914 թվականը քաղաքն ունեցել է մոտ 20000 բնակիչ, որից 11000-ը՝ թուրքեր ու քրդեր, իսկ 9000-ը՝ հայեր: Այլ աղբյուրների համաձայն` մինչև Ցեղասպանությունը Մուշի գավառն ուներ մոտ 120 հայկական բնակավայր շուրջ 70 հազար հայ բնակչությամբ: Աշխատասեր մշեցի հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ: Նրանք լավ կոշկակարներ էին, դերձակներ ու ոսկերիչներ, դարբիններ ու կավագործներ: Ու մի օր նրանք “անհետացան”:
Մուշը բաժանված էր երկու մասի` հայկական ու մահմեդական, և ուներ 12 մեծ ու փոքր թաղեր։ Քաղաքի կենտրոնում շուկան էր` տասնյակ արհեստագործական ու առևտրային կրպակներով, իջևանատներով ու եկեղեցիներով: Այսօր էլ քաղաքի կենտրոնը մնացել է հին Մուշին հարազատ, պարզապես այլևս չկան նրա իրական, նախկին տերերը` հայ բնակիչները: Մինչև Ցեղասպանությունը Մուշում հայերն ունեցել են յոթ դպրոց: Գարեգին Սրվանձտյանցի 1863-1865թթ. այստեղ տպագրել է “Լրատար արծվիկ Տարօնոյ” պարբերականը։
Սեպտեմբերի 12-ի ողջ օրը ամառվա շոգի էր նման: Մշո դաշտից փչող զով քամին իսկը տեղին էր: Երեկոյան ամբողջ քաղաքի բնակիչները թվում էր դրսում են, հատկապես` տղամարդիկ: Թուրքերն ու քրդերը սիրում են շաբաթ և կիրակի երեկոյան դրսում նստել ու թեյ խմել, դոմինո կամ թղթախաղ խաղալ, հեռուստացույց դիտել: Ամեն մի թեյարան ունի իր մեծ կամ փոքր հեռուստացույցը: Այստեղ մարդիկ սիրում են տասնյակներով ու հարյուրներով խմբվել ու ֆուտբոլ դիտել:
Դեռ դպրոցում մեզ սովորեցրել են, որ Մուշ անունը գալիս է մշուշ բառից: Իբր տարին բոլոր առավոտները Մշո դաշտը մշուշապատ է լինում։ Ըստ ավանդության, իբր մշուշը արարում էր սիրո աստվածուհին՝ Աստղիկը, Արածանիում լողանալու ժամանակ՝ երկրի տարբեր մասերից նրա մոտ սեր հայցելու եկած երիտասարդներից իր մերկությունը ծածկելու համար։
Մշո դաշտի առավոտն իրավամբ գեղեցիկ է, երբ վաղ արևածագին Հայկական Տավրոս լեռնաղթայի ստորոտից, ուր փռված է Մուշ քաղաքը, նայում ես դեպի կանաչների ու մրգատու ծառերի մեջ թաղված բարեբեր դաշտավայրը: Մշո դաշտում սառը օդի շերտերը հեռվից կապույտ երկնքի են նման են, կարծես պարզկա լճեր լինեն: Այսպիսի տեսարան ես տեսել եմ նաև Արարատյան դաշտավայրում` Մասիսի ստորոտում, երբ ամռան ու աշնան վաղ առավոտյան հեռվից հայացք ես ձգում դեպի Արաքսը:
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ես արթնացա մինարեթից հյուրանոցի իմ սենյակ ներխուժած աղոթքի ականջ ծակող ձայնից: Պիտի գնայի նախկինում հայկական, այսօր քրդաբնակ Առաք գյուղ, որը Մուշից 7-8 կիլոմտեր է հեռու: Առաքից ևս 3-4 կիլոմետր հեռու` դժվարամատչելի լեռան գագաթի գոգավորության վրա, կիսաքանդ դեռ կանգուն է Մշո Առաքելոց վանքը` հայկական անցյալը պատմող այս անխոս, խոնարհվող վկան: Այս մասին` հաջորդիվ: