Գյումրիում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի հիմնական դրույթները
Ես այսօր այստեղ եմ երկու պատճառով: Նախ` եկել եմ որպես նախկին պաշտոնյա, կիսելու իմ գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը ձեզ հետ և զրուցելու Հայաստանի անցած ճանապարհի ու, որ ավելի կարևոր է, ապագայի մասին:
Երկրորդ պատճառն այն է, որ դուք եք, որ պետք է տնօրինեք երկրի ապագան, և ես հավատում եմ որ մեր` ավագ սերնդի խնդիրն է նպաստել ճիշտ մտածողության և նկարագրի ձևավորմանը ձեր մեջ: Ի վերջո մեր երկրի ապագան կախված է այն բանից, թե ինչ հատկանիշներով օժտված կլինեք դուք, ինչին կհավատաք, ինչը ձեզ համար կարևոր կլինի: Նկարագիրն է ձևավորում ճակատագիրը: Մարդու ճակատագիրն այնպիսին է, ինչպիսին մարդն ինքն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրը փորձի լինել ուժեղ, արդար, ազնիվ, համարձակ, աշխատասեր, նպատակասլաց, չհանդուրժի կեղծիքը, սուտը, ստորացումը, ձեր ճակատագիրը կկերտվի ձեր այդ հատկանիշների համապատասխան: Նույնը կարելի է ասել երկրի և պետության մասին: Դո՛ւք եք այս երկրի ապագա իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ մենք կարող ենք փոխել մեր երկրի և մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը՝ մեր երկրի նկարագիրը փոխելով:
Պետության ճակատագիրը կախված է անհատներից, և անհատներիս ճակատագիրը կախված է պետության, հայրենիքի ճակատագրից: Ուրեմն ինչպես մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի և պարտավոր է տնօրինելու իր ճակատագիրը, այնպես էլ իրավունք ունի և պարտավոր է մասնակցելու պետության ճակատագրի և ուրեմն նաև նկարագրի ձևավորմանը: Պետության հաջողությունը միայն իշխանության հաջողությունը չէ, պետության ձախողումը միայն իշխանության ձախողումը չէ: Դրանք բոլորիս հաջողություններն ու բոլորիս ձախողումներն են: Պետությունը միայն իշխանությունը չէ, դա նաև ժողովուրդն է, ընդդիմությունն է, հասարակության ամենատարբեր շերտերն են, ես եմ, դուք եք, բոլորս ենք: Եվ ուրեմն այստեղ ձեզանից յուրաքանչյուրն իրավունք ու պարտավորություն ունի պահանջելու և պատասխանատվությամբ տնօրինելու պետության կյանքին մասնակցության իր բաժինը: Սա է, որ ձեր սերունդը պետք է լավ գիտակցի, սրան պիտի հավատա: Այսօր դուք, ձեր ծնողները ապրում եք մի այնպիսի իրականության մեջ, որ երևի ինքներդ էլ չեք հավատում, որ երկրի կյանքին, ամենօրյա որոշումների կայացմանը մասնակցելը ձեր իրավունքն ու պարտավորությունն է: Դուք միայն այս երկրի բնակիչները չեք, դուք այս երկրի տերն եք, և միայն այդ գիտակցությամբ է, որ կարող եք փոխել ձեր նկարագիրն ու ճակատագիրը, երկրի նկարագիրն ու ճակատագիրը:
Ես շատ երկրներ եմ տեսել, ապրել եմ աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկում, սովորել եմ աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում, և թե՛ ուսման տարիներիս, թե՛ կյանքիս, թե՛ հատկապես պետական պաշտոնյայի երկարամյա փորձը ինձ թույլ է տալիս պնդել, որ չկա աշխարհում որևէ բարեկեցիկ և զարգացած երկիր, որտեղ ժողովուրդն իրեն երկրի տերը չի զգում, որտեղ իշխանությունը պատասխանատու և հաշվետու չէ ժողովրդի առաջ: Իշխանությունը չի կարող միայնակ լավ երկիր կառուցել: Լավ երկիր կարող է կառուցել ժողովուրդը:
Հայաստանն այսօր անկախության երրորդ տասնամյակի շեմին է: Ո՞րն է պատճառը, որ մենք այսօր ունենք բոլոր այն խնդիրները, որ ունենք: Մի՞թե մեր ողջ պոտենցիալը բավարարեց միայն այսպիսի երկիր կառուցելուն և այսպես այն տնօրինելուն: Այս հարցը ամեն օր ինքներս մեզ պետք է տանք բոլորս, և առաջին հերթին՝ իշխանությունը: Ես ինձ այդ հարցը տվել եմ և այն ժամանակ, և այսօր: Ցանկացած իրավիճակ ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո մեր շատ ծանր վիճակում հայտնվելու պատճառները հիմնականում օբյեկտիվ էին` փլուզված տնտեսություն, պատերազմ, էներգետիկ ճգնաժամ: Բայց օբյեկտիվ պատճառները գնալով պակասեցին, ավելացան սուբյեկտիվները: Մենք պարզապես պետք է ընդունենք, որ չենք կարողացել լավագույն ձևով տնօրինել բախտի բացառիկ կամքով մեզ բաժին հասած անկախ պետությունը: Չենք կարողացել կառուցել այն երկիրը, որին հարգանքով կնայեն դրսում, և որտեղ առանց այլընտրանք որոնելու հպարտությամբ, արժանապատվորեն կապրեն, կաշխատեն մեր երեխաները, մեր քույրերն ու եղբայրները, մեր հայրերն ու մայրերը: Պետք չէ վախենալ այդ մասին խոսելուց: Հայրենասիրությունը մեր թերություններն ու խնդիրները արհամարհելն ու այդ մասին չխոսելը չէ: Դա մեզ ոչ մի լավ տեղ չի տանի: Հայրենասիրությունը մեր ձախողումների մասին խոսելն է, դրանց պատճառները գտնելն է, որպեսզի հնարավոր լինի դրանք շտկել:
Հենց այս գիտակցությամբ ես, գրեթե երկու տասնամյակ պետական համակարգում աշխատելուց հետո որոշեցի ստեղծել Սիվիլիթաս հիմնադրամը: Մենք, որպես ժողովուրդ, պետք է աշխատենք միասին ամրապնդելու մեր հաստատությունները` մեր մամուլը, կրթօջախները, մեր գյուղերն ու քաղաքները, այն ամենը ինչից բաղկացած է ամուր քաղաքացիական հասարակությունը: Եվ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, ամեն մեկս, յուրաքանչյուր կազմակերպություն և անհատ` ուժերի ներածին չափով: Մենք դա պետք է անենք այսօր, պատմության այս հատվածում և ոչ թե սպասենք ևս 18 տարի:
Թվում է, թե մի քանի հազարամյակի պատմություն ունեցող մեր ժողովրդի համար տասնութ տարին մեծ բան չէ, և այս փոքր ժամանակահատվածում մեծ փոփոխություններ պետք չէր ակնկալել: Ճիշտ հակառակը` մի քանի հազարամյակի մեր պատմությունը, դրանից քաղած դառը փորձը մեզ պետք է ամեն օր հիշեցնեն այն մասին, որ թանկ է ամեն տարին, ամեն սերունդը: Դինամիկ զարգացող քսանմեկերորդ դարում թանկ է ամեն օրը: Տասնութ տարվա ընթացքում ստեղծվեցին ու քանդվեցին պետություններ: Ես առիթ եմ ունեցել ականատեսը լինելու պատմական իրադարձությունների, շփվելու մի քանի տասնյակ երկրների ղեկավարների հետ: Հավատացե՛ք, երկրների, ազգերի, ժողովուրդների ճակատագրերը կարող են ձախողվել հենց այն համոզման պատճառով, որ մեզ տրված ժամանակը անսահմանափակ է, և որ մեկ կամ տասը տարում հնարավոր չէ ոչինչ փոխել: Հնարավոր է և անհրաժեշտ է: Եվ ուրեմն ամեն հերթական տարին ամփոփելիս, եթե չենք կարողանում հանգիստ խղճով արձանագրել, որ այս տարի մենք, որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես պետություն ավելի ամրացրեցինք մեր տեղն ու դերը աշխարհում, ավելի մեծ հույսով լցվեցինք մեր փոքր երկրի ապագայի հանդեպ, ուրեմն մենք կորցրել ենք այդ տարին: Ցավոք նախորդ տասնութ տարիները այդ առումով մենք չկարողացանք արդյունավետ օգտագործել: Պետք չէ վախենալ այդ փաստն արձանագրելուց: Ախտորոշումը բուժման սկիզբն է: Միևնույն ժամանակ պետք չէ հուսահատություն սերմանել սխալ ախտորոշմամբ: Մի՛ հավատացեք, երբ ձեզ ասում են, որ մենք ոչ մի հնարավորություն չունենք: Մեր հնարավորություններն անսահման են:
Այսօր ոմանք մեզ ասում են, որ քսանմեկերորդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն, և մենք պետք է հաղորդակցվենք աշխարհի հետ: Անվիճելի ճշմարտություն է: Բայց հատկապես քսանմեկերորդ դարում աշխարհի հետ հաղորդակցվելու կարողությունը սահմանների քանակով ու կիլոմետերով չի չափվում: Աշխարհի հետ հաղորդակցվելու համար առաջին հերթին պետք է այդ աշխարհի լիարժեք, լիիրավ անդամը դառնալ: Մեր ուժը մեր սահմանների ներսում է, և քանի դեռ մենք չենք կարողացել լիարժեք օգտագործել սահմանների ներսի մեր պոտենցիալը, քանի դեռ չենք կարողացել հասկանալ ու շտկել մեր այն սխալները, որոնք խանգարել են մեզ ամուր, բարգավաճ, իրավական պետություն կառուցել, սահմաններից դուրս փրկության փնտրտուքը մեզ բարեկեցություն չի բերի:
Մեզ այսօր ասում են՝ պետք է ձերբազատվել զոհի հոգեբանությունից: Ես նույնպես ուզում եմ, որ մենք ազատվենք զոհի հոգեբանությունից: Բայց ինչո՞վ է դա փոխարինվելու: Սեփական խնդիրները լուծելու անընդունակ, իր փրկությունն այլ տեղ հայցողի հոգեբանությա՞մբ: Դա, հավատացե՛ք, ավելի կործանարար հոգեբանություն է: Զոհը կարող է պահանջատեր լինել, իսկ իր պարտությունն ի լուր աշխարհի ընդունած ձախողակը այլևս ոչ մի իրավունք չունի: Մինչդեռ մենք այսօր խնդիր ունենք պաշտպանելու մեր իրավունքները թե՛ երկրից դուրս, թե՛ երկրի ներսում:
Գրեթե երկու տասնամյակ առաջ մենք պատմական բացառիկ հնարավորություն և իրավունք ստացանք անկախ պետություն ունենալու: Ես ականատես եմ եղել անկախ Հայաստանի դրոշի բարձրացմանը 1992-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի շենքի մոտ: Աշխարհում այսօր մի քանի տասնյակ ժողովուրդներ պայքարում են այդ իրավունքի համար, երազում են այդ օրվա մասին: Մեր երազն իրականացավ: Բայց արդյո՞ք մենք կարողացանք պատասխանատվությամբ ընդունել մեր այդ բացառիկ ձեռքբերումը: Ցավոք, ո՛չ, և դա բոլորի՛ս մեղքն է:
Իրոք, 18 տարի է անցել, և եթե հետադարձ հայացք նետենք, փորձելով գնահատել, թե որոնք են եղել մեր թերությունները, դրա համար մի քանի ժամ կպահանջվի: Բայց եթե փորձեմ մեկ բառով ամփոփել այդ թերությունները, այդ բառը կլինի` մենաշնորհները: Մենաշնորհները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում: Այս երկուսն այնքան են շաղկապված, որ մեկը մյուսին լրացնում և սնում է: Մենք չենք կարող վերացնել տնտեսական մենաշնորհները, եթե չվերացնենք քաղաքականը:
Խորհրդային Միության փլուզումից հետո երեք գերիշխող մտածողություն է մնացել, որոնց հաղթահարումից են կախված մեր հաջողությունները:
Առաջինը այն թյուր համոզմունքն է, որ զարգացումը բացառապես տնտեսական գործընթաց է: Զարգացումն առաջին հերթին քաղաքական գործընթաց է: Հնարավոր չէ տնտեսական խնդիրները լուծել առանց հասնելու քաղաքական դաշտում ճիշտ հակակշիռների ստեղծմանը: Իսկ ճիշտ հակակշիռների հնարավոր է հասնել միայն ժողովրդավարության և ազատ ու արդար ընտրությունների միջոցով:
Մյուս կողմից ի հայտ է գալիս երկրորդ թյուր պատկերացումը, որ ձեր՝ հասարակության կարիքը ժողովրդավարացման գործընթացում անհրաժեշտ է միայն 5 տարին մեկ անգամ` ընտրությունների ժամանակ:
Ժողովրդավարության և իրավունքների պաշտպանությունը ամենօրյա գործընթաց է: Ձեր ներգրավվածությունը, ձեր մասնակցությունն անհրաժեշտ են ամեն օր, ամեն առիթով, երբ դուք կարող եք, կամ առնվազն պետք է փորձեք պահանջատեր լինել ձեր իրավունքների պաշտպանության հարցում:
Երրորդ թյուր պատկերացումն այն է, որ ուժը պայմանավորված է ուժային կառույցներով: Ուժը պետք է գա ժողովրդից և օրինականությունից: Համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան և Մարթին Լյութեր Քինգը, ուժային հենարան չեն ունեցել, բայց նրանց գործունեությունը հանգեցրել է համաշխարհային պատմության ամենաշրջադարձային զարգացումներին: Գանդին միանձնյա պայքարել է մի ամբողջ կայսրության դեմ, Մանդելան` հարավաֆրիկյան ապարտեիդի դեմ, Մարթին Լյութեր Քինգը` ամերիկյան հզոր վարչակազմի խտրականության քաղաքականության դեմ: Այս մարդկանց ուժը եկել է նրանց օրինականությունից, ժողովրդի աջակցությունից և ժողովրդի իրավուքների համար ամենօրյա պայքարից: Սա նշանակում է, որ այսօր ուժը ձեզ է պատկանում:
Այստեղ, Գյումրիում դուք ունեցել եք նման օրինակներ: Երբ հավաքական կամքը կարողացավ պաշտպանել տեղեկացված լինելու ձեր իրավունքը: Նման հաղթանակներով է ձևավորվում ամուր հասարակություն: Նման հաղթանակներն են ի վերջո հանգեցնում երկրի տերը դառնալու իրավունքի վերականգնմանը: Դուք ուժեղ եք, եթե հավատաք ձեր ուժին: Եթե պատասխանատվությամբ իրականացնեք քաղաքացու ձեր պարտականությունը, եթե աջակցեք նրանց, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները, եթե ներգրավվեք հասարակական այն կառույցների գործունեությանը, որոնք կստանձնեն այդ դժվար պարտավորությունը: Դո՛ւք եք, որ կերտում եք ձեր նկարագիրը, դո՛ւք եք կերտում ձեր ճակատագիրը: