Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո սա իմ առաջին հրապարակային ելույթն է:

Եթե ես դեռևս պաշտոնավարելիս լինեի, ես ձեզ պատմելու էի այն հաջողությունների մասին, որ Հայաստանը ձեռք է բերել, ու նաև այն մարտահրավերների մասին, որոնց նա դիմակայում է: Այսօր, լինելով շարքային քաղաքացի, ես պատրաստվում եմ նույնն անել: Պատճառը, որ ինձ դրդեց դառնալ շարքային քաղաքացի այն էր, որ այդպիսով ես հնարավորություն էի ստանում ավելի բացախոս լինել և միաժամանակ ջանքերս նպատակամղել այնտեղ, որտեղ դեռ անելիքներ կան: Համոզված եմ, որ իմ և առհասարակ բոլորիս ընդհանուր պատասխանատվությունը Հայաստանի և նրա ապագայի առջև նույնն է` անկախ այն բանից, մենք գտնվում ենք կառավարությունում, թե այլուր:

Հայաստանի ու նրա ապագայի հանդեպ իմ հանձնառությունները ամենևին էլ սկիզբ չեն առել արտգործնախարարի իմ պաշտոնավարությամբ, և դրանք, իհարկե, չեն սպառվում պաշտոնավարության ավարտով:

Ես իրադարձությունների հորձանուտում եմ եղել ի սկզբանե, և ականատես եմ եղել բոլոր վայրիվերումներին: Արտաքին գործերի նախարար եմ եղել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամբողջ ընթացքում: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում եղել եմ արտգործնախարարի տեղակալ և առաջին տեղակալ: Այլ կերպ ասած, ես ծառայել եմ ոչ թե անհատների, այլ երկրին և ժողովրդին: Բնավորությամբ նույնքան հակըննդեմ եմ կուրորեն հետևելուն, որքան և ծայրահեղ ընդդիմություն լինելուն: Նաև միշտ հավատավոր եմ եղել այն հանձնառությունների հանդեպ, որոնք ստանձնել եմ: Հենց այսպես էլ ես գործել եմ վերջին 10 տարիների ընթացքում` երբեմն հեռուստատեսային տեսախցիկների առջև, բայց ավելի հաճախ` դրանց տեսադաշտից դուրս:

Իմ ներկայիս պատասխանատվությունն է խոսել և գործել բաց ու ազնիվ: Եվ դա ոչ միայն պատասխանատվություն է, այլև` հանձնառություն:

Սիվիլիթաս հիմնադրամը, որը ես ստեղծեցի, խարսխված է հասարակության առջև քաղաքացու պատասխանատվության հիմնադրույթին: Հայ հասարակությունն այսօր կերտում ենք ամենքս` Հայաստանի ու Սփյուռքի արհեստավարժ մասնագետները, առհասարակ, բոլոր սերունդների համայն հայությունն աշխարհով մեկ: Այդ աշխարհում մենք ձեռք ենք բերել պրոֆեսիոնալիզմի, ներգրավվածության և բարեկեցության մի այնպիսի մակարդակ, որը մեր պապերն անգամ չեն էլ երազել և ինչը, սակայն, այժմ մեզ պարտավորեցնում է վերադարձնել մեր պարտքերը մեր իսկ հայ հանրությանն այստեղ` Սփյուռքում և Հայաստանում:

Իհարկե, դուք սա ինքներդ էլ քաջ գիտակցում եք: Ձեր կազմակերպություններն, իրենց գոյությամբ արդեն, հաստատում է այն անխզելի կապերը, որ կան Հայաստանի և Սփյուռքի միջև:

Ես հաճախ եմ անդրադարձել Հայաստան-Սփյուռք փոխկապվածությանը: Եվ չեմ կարծում, թե այսօր որևէ մեկը հարցականի տակ կառնի, թե արդյոք մենք ունենք մեկս մյուսիս կարիքը: Միակ հարցն ըստ էության այն է, թե ինչպես կարելի է լրացնել յուրաքանչյուրիս ներունակությունները և փոխադարձորեն օգտվել մեկս մյուսից:

Մեզանից յուրաքանչյուրի գիտակցության, մտքերի ու երազանքների մեջ ուրվագծվում է Հայաստանի մեր պատկերացումը, և ամենքս ձգտում ենք իրականության վերածել հենց այդ տեսլապատկերը: Սակայն իրական Հայաստանը տեսնելու և այն ճիշտ ընկալելու համար, կարծում եմ, կարևոր է գտնել ճիշտ հարաբերակցությունը, ճիշտ հավասարակշռությունը, որ առկա է Հայաստանի հանդեպ մեր սպասումների և Հայաստանի իրական հնարավորությունների միջև:

Պետություն կառուցելն ամենևին էլ հեշտ գործ չէ: Արդարև, ամենքս էլ կարող ենք ունենալ մեր ակնկալիքները, որոնք, բայցևայնպես, պետք է նաև իրատեսական լինեն:

Տեսնենք, թե ինչ ունենք գործնականում: Մենք կերտել ենք մի պետություն, որը կայուն է և տնտեսական առաջընթաց է ապրում: Այսօր, եթե Հայաստանը համեմատելու լինենք համանման այլ պետությունների հետ, կտեսնենք, որ չնայած մեր սահմանափակ ռեսուրսներին, չնայած անցած պատերազմին և շրջափակմանը – հանգամանքներ, որոնց մասին երբեմն անգամ մոռանում ենք – մենք մրցունակ ենք մեր հարևանների նկատմամբ:

Իրավիճակը մեր տարածաշրջանում այսօր սրընթաց փոփոխություններ է կրում: Եվ մարտահրավերները, որոնց մենք այսօր դիմակայում ենք, այն չեն, ինչ տասը տարի առաջ, հինգ տարի առաջ, և նույնիսկ երկու տարի առաջ: Դրանք բազմաթիվ են: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն արդեն գործում է և ուրվագծվում է անդրկասպյան խողովակաշարի կառուցման հեռանկարը: Սա լրջորեն մեծացնում է Եվրոպայի և ԱՄՆ-ի նկատմամբ Ադրբեջանի ազդեցությունն ու լծակները: Մեր տարածաշրջանի այն երկրները, որոնք պայքարում են հանուն ազգային ինքնորոշման, միավորվել են ու միասնական ճակատ են ստեղծել: Իրանի` մեր ռազմավարական կարևոր հարևանի, նկատմամբ պատժիչ կեցվածքը գնալով կարծրանում է: Մեր տարածաշրջանում բաժանարար գծերի ի հայտ գալու հավանականությունը նույնպես աճում է, ինչի առավել ցայտուն ապացույցը ռուս-վրացական օգոստոսյան բախումն էր: Վերջապես, թուրք-ադրբեջանական հարաբերությունները դառնում են ավելի խոր ու ընդգրկուն, և Թուրքիան ավելի ու ավելի բացահայտորեն ու անթաքույց է Ադրբեջանին ցուցաբերում ռազմական, քաղաքական ու տնտեսական օժանդակություն: Ամեն օր մենք վերստին ականատեսներն ենք դառնում Թուրքիայի կողմից իրականացվող` ցեղասպանության ժխտման և չճանաչման պետական քաղաքականության նոր դրսևորումներին: Եթե դրան էլ գումարենք տարածաշրջանային իրադրության վրա դրական ներազդեցության միակ իմաստալից քայլի կատարման` սահմանների բացման հարցում Թուրքիայի դժկամությունը, ապա պարզ կդառնա, թե իրականում որքան լուրջ են մեր արտաքին քաղաքականության մարտահրավերները:

Առհասարակ, կարծում եմ, որ թվարկված խնդիրները, այս կամ այն տեսքով, դեռ երկար ժամանակ առկա են լինելու: Այսպիսին է մեր տարածաշրջանը, և այն չի փոխվելու:

Իսկ մեր ներքին մարտահրավերների լուծումը մեր իսկ ձեռքերում է, այժմ և միշտ:

Մեր ներքին խնդիրներից շատերը տնտեսական բնույթի են: Հայաստանում այսօր մեծանում է մի երիտասարդ սերունդ, որն ապագայի իր հույսերը կապում է արդարացի և բաց տնտեսական համակարգի կայացման հետ: Սա նշանակում է, որ մենք պետք է հարգանք դրսևորենք քաղաքացիական ազատությունների նկատմամբ, հավատ տածենք դեպի ժողովրդավարությունը, ապահովենք օրենքի իրական գերակայություն: Միայն այդժամ է, որ անհատ քաղաքացին գործելու համարձակություն կունենա, և միայն այդկերպ է, որ մենք կկարողանանք ճիշտ տնօրինել մեր հասարակության քաղաքական և տնտեսական եռանդը:

Միայն այդպիսով մենք կկարողանանք մեր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ աշխատանք, ինչի շնորհիվ նրանք իրենց ապագան կտեսնեն Հայաստանի, իսկ Հայաստանի ապագան` իրենց մեջ:

Միայն այդպես մենք կկարողանանք արմատախիլ անել աղքատությունը, որպեսզի մեր ժողովուրդը սկսի հավատալ, որ ավելի լավ է ապրել սեփական երկրում, քան այլոց կայսրություններում:

Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք կոռուպցիան ճանաչել որպես չարիք, որը նվազեցնում է մեր այլընտրանքները, խեղդում է նորարարությունը, սահմանափակում է ձեռնարկչության արդունքները և փակում է դուռը հնարավորությունների առջև:

Միայն այդկերպ է, որ մենք կկարողանանք վերջ դնել նեպոտիզմին` խնամի-բարեկամական-խմբային-ժառանգական հարաբերություններին և կարևորել անձերի ինչ և ինչպիսին, այլ ոչ թե ով լինելը:

Միայն այդ ժամանակ է, որ մեր պետական հաստատությունները կգործեն ավելի արդյունավետ, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու օրենքը կդարձնի ուժեղ, այլ ոչ թե ուժեղները կկերտեն օրենքները` հանուն սեփական շահերի:

Այլ կերպ ասած, այսօրվա աճող սերնդին պետք է տալ լուսավոր հեռանկար ու ապագայի հավատ. այդ սերունդը պետք է ունենա իր հաջողությունների, և ոչ թե հուսալքության, տագնապների ու կործանված պատրանքների պատմությունները:

Սակայն մենք ի զորու չենք դարմանելու այս վերքերը, եթե չառողջացնենք մեր ներքաղաքական միջավայրը և չբարեփոխենք մեր բարոյա-հոգեբանական և հասարակական կենսակերպը:

Մեր հոգեկանին հասցված հարվածի պատճառը ընտրությունները չէին: Դրանք ընդամենը հետևանքներն էին հասարակության մեջ քաղաքացիականություն ներարկելու, ներքաղաքական բեմահարթակ քաղաքացիական հասարակություն բերելու մեր անկարողության, հետևանք էին քաղաքական ասպարեզը գաղափարների և ծրագրերի մրցակցության, այլ ոչ թէ ուժի հարստության և լծակների պայքարի վերածելու մեր ձախողման:

Այս ձախողումը, սակայն, միայն Հայաստանինը չէ, այլ նաև Սփյուռքինը: Մարտահրավերը նետված է ոչ միայն Հայաստանին, այլև Արցախին ու Սփյուռքին: Այստեղ էլ ենք մենք միասին, ինչպես և ամենուր: Չկա Հայաստան առանց Սփյուռքի, կամ Ղարաբաղ` առանց Հայաստանի, չկան այսօրինակ բաժանումներ: Մենք միասնական ենք որպես ազգ, որպես ինքնություն ու պատմություն:

Եվ այսօրվա մեր ամենամեծ մարտահրավերը մեր երիտասարդության ինքնության խնդիրն է: Սփյուռքում հաճախ են մտածում, թե այս խնդիրը միայն Սփյուռքում է առկա: Այդպես չէ: Սա նույնքան իրական ու լուրջ հարց է նաև նրանց համար, ովքեր այսօր մեծանում են Հայաստանում և Արցախում: Ինչի±ն են խարսխում նրանք իրենց ինքնությունը: Պառակտված ու վիրավոր հասարակությա±նը: Անտարբերությանն ու անհուսությա±նը: Չքավորության անվերջ շրջանի±ն: Երրորդ աշխարհի գյուղերի±ն: Տնանկության ու երկրաշարժի մղձավանջների±ն: Հաղթական, սակայն միշտ պաշարված ռազմիկի հոգեբանությա±նը: Մանր առևտրականների տնտեսությանը±:

Թեև մի Հայաստանի, որի տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա, ուր կրթությունն արժեք է, քանի որ պատուհաններ է բացում, ուր գյուղաբնակները նույնքան պաշտպանված են, որքան աշխարհում որևէ այլ տեղ: Հայաստանի, որի տնտեսական և քաղաքական անկախությունն ապահովված է, բարեկեցիկ Հայաստանի, արդար Հայաստանի:

Մեր երիտասարդները` Երևանում ու նաև այստեղ` Սփյուռքում, ուզում են հավատալ Հայաստանին: Բայց դա պետք է լինի իրենց պատկերացրած Հայաստանը, այն երկիրը, որի մասին լսել են իրենց պապերից, որը երազել են իրենց ծնողները: Եթե մենք չկարողանանք այս սերնդին տալ այդ Հայաստանը, ապա նրանք կփարվեն այլ երազների:

Եվ միթե չենք կարող դա անել: Եթե Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը ձեռք-ձեռքի տան և մեկտեղեն մեր փորձն ու նվիրումը, վստահ եմ, որ մենք կարող ենք հրաշքներ գործել:

21-րդ դարը սոցիալական ու մասնագիտական փոխներհյուսումների, գլոբալիզացիայի և գիտելիքին ապավինած տնտեսական համակարգերի ժամանակաշրջան է: Դար, երբ կարող են ի հայտ գալ նոր երկրներ ու նոր սփյուռքներ: Մեր սփյուռքը ձևավորվել է պատմական հանգամանքների բերումով: Ճակատագրի հեգնանքով, նույնն է վիճակվել և մեր երկրին:

Եվ այսօր մենք այլևս իրավունք չունենք դարձյալ նրանց թողնելու պատմության քմահաճույքներին:

Հենց այդ Սփյուռքը և այդ Հայաստանն են բնորոշելու մեր ժողովրդի տեղն ու դերը 21-րդ դարում: Եվ այդ բնորոշումը սահմանելու ենք մենք ինքներս: 

 

Մեր ամենամեծ մարտահրավերը