Իրադարձություն ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Հայաստանի հարցի վերաբերյալ վերջին քննարկման արդյունքում Հայաստանը չզրկվեց ձայնից, բայց “ձեռք բերեց” ԵԽԽՎ հերթական բանաձեւն իր մասին:
Մինչ այդ 2008 թ. դեկտեմբերին, ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը որոշեց, որ հունվարին պետք է բարձրացնել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին հարցը, քանի որ Հայաստանը նշանակալի առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան իրադարձություններից հետո ԵԽԽՎ-ում 2008 թ. ընթացքում Հայաստանի վերաբերյալ ընդունված 1609 և 1620 բանաձևերի պահանջների կատարման հարցում:
Սակայն հունվարի նստաշրջանում Հայաստանի հարցի քննարկումից մեկ օր առաջ Հայաստանի հարցի համազեկուցողները, հիմնվելով հունվարի կեսին Հայաստան կատարած իրենց այցի և իշխանության խոստումների վրա, առաջարկեցին լիագումար նստաշրջանի օրակարգում չբարձրացնել Հայաստանին ձայնից զրկելու հարցը: Փոխարենը, Հայաստանի վերաբերյալ ընդունվեց ևս մեկ` 1643 բանաձևը, նախորդ բանաձևերի պահանջները կատարելու համար Հայաստանին մինչև ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջան ժամանակ տրամադրելով:
Վերլուծություն ԵԽԽՎ ընդունած նոր` 1643 բանաձևից սկիզբ առավ Հայաստանի քաղաքական և հասարակական քննարկումների նոր դիլեման` հաղթանակ, թե պարտություն: Ըստ երևույթին առավել իրատեսական կլիներ ընդունել, որ քանի դեռ Հայաստանի ժողովրդավարության վիճակն ու ներքին կյանքում առկա զարգացումները գտնվում են ԵԽԽՎ մոնիտորինգի ներքո, պետությունը թերևս գտնվում է պարտված վիճակում: Ձայնից զրկվել-չզրկվելը չի կարող լինել պարտության կամ հաղթանակի չափանիշ, քանի որ պետությունը, որի ներքին կյանքի իրողությունները շարունակում են մնալ ԵԽԽՎ քննարկման թեմա, արդեն իսկ անշահեկան դիրքերում է` անկախ որևէ առանձին քվեարկության արդյունքից:
Դժբախտաբար Հայաստանի քաղաքական վերնախավը, դատելով ԵԽԽՎ ընդունած որոշման մասին արձագանքներից, խնդրի վերաբերյալ քննարկումները ուղղորդեց հաղթանակի և պարտության մասին պարզունակ դատողությունների մակարդակ, ինչը թերևս գոհացրեց ու բավարարեց նաև ամբողջ քաղաքական դաշտին, քանի որ հնարավորինս փոշիացնում է ընդհանուր իրավիճակի համար պատասխանատվությունը, խնդրին խորքային գնահատական տալու անհրաժեշտությունը և պատասխանատվության կենտրոնը Հայաստանից տեղափոխում Ստրասբուրգ` այնտեղ փնտրելով մեղավորներ կամ աջակիցներ:
Խնդրի այդօրինակ մակերեսային գիտակցման դրսևորումները քիչ հիմքեր են տալիս կարծելու, որ Հայաստանին տրված հերթական ժամանակը կարող է արդյունավետ օգտագործվել և նպաստել երկրում խորքային վերափոխումների գործընթացի իրական մեկնարկին:
Հեռանկար Հայաստանի իշխանությունը ԵԽԽՎ-ին խոստացել է փոխել Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածները, որոնք վերաբերում են զանգվածային անկարգությունների կազմակերպմանը, սահմանադրական կարգի տապալմանն ու իշխանության յուրացմանը, և որոնցով մեղադրվում են ընդդիմության ձերբակալված առաջնորդները: Այդուհանդերձ իշխանությունը խուսափում է հստակ հավաստիացումներից, որ իր ձեռնարկած քայլերը կլուծեն ձերբակալված ընդդիմադիրների, նաև արդեն դատապարտվածների ազատ արձակման խնդիրը մինչև ԵԽԽՎ ապրիլի նստաշրջան: Ընդդիմությունը հայտարարում է, որ չի հավատում ԵԽԽՎ պահանջները կատարելու իշխանության հավաստիացումներին և մտադիր է մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ հանրահավաք անցկացնել: Երևանի իշխանությունները հերթական անգամ մերժել են արտոնել հանրահավաքը: Ընդդիմությունը հայտարարել է, որ հանրահավաքը տեղի կունենա ամեն դեպքում: Արդեն գրեթե մեկ տարի ընդդիմության հանրահավաք անցկացնելու հայտերը գրեթե միշտ մերժվում են: Հանրահավաքները այնուամենայնիվ տեղի են ունենում, ու այս տեսանկյունից հանրահավաքը չարտոնելու միակ բացատրությունը կարելի է փնտրել ենթադրյալ այն հաշվարկի մեջ, որ արտոնված հանրահավաքը կարող է ավելի մարդաշատ լինել, քան չարտոնվածը:
Մինչ այժմ եղած իրողությունները վկայում են, որ անգամ մարտի 1-ի հանրահավաքից հետո լարվածության ուժգնացման աճի բացակայության դեպքում էլ իշխանությունը ԵԽԽՎ ապրիլի նստաշրջանին ունենալու է Հայաստանում իրավիճակի որակական փոփոխության բացակայության հետ կապված խնդիր, քանի դեռ չկան երկարաժամկետ լուծումների արմատավորման պրոցեսներ և քանի դեռ իշխանության համար գլխավոր կողմնորոշիչն ու նպատակը ոչ այնքան հենց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված խնդիրների հիմնարար լուծումներն են, այլ Եվրոպայի Խորհրդում պատժամջոցներից խուսափելը: