Նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Երևանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսական և հայկական լրատվամիջոցներում գրվեց, թե Լավրովը հիմնականում կենտրոնացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Ղարաբաղյան կարգավորման «ռուսական վտանգը»» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:

Դեպքը

Նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հանդիպում ունեցավ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ավելի վաղ Լավրովը այցելել էր Բաքու: Սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերության հետ զրույցում չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Բաքվի տարբեր պաշտոնյաներ հասկացնում են, որ անդամակցությունը գին ունի՝ ակնարկելով Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջանների վերադարձը: Ռուսական «Կոմերսանտ» թերթը նոյեմբերի 10-ին գրեց, որ ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավորման մի տարբերակ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, բացառությամբ Լաչինի և գուցե՝ մեկ այլ շրջանի, որից հետո շրջանում կտեղակայվեն ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ:

Խորապատկերը

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին 25 տարիներին ներգրավված են եղել ԵԱՀԿ-ն ու նրա շրջանակներում ձևավորված Մինսկի խումբը, ինչպես նաև կարճ ժամանակ՝  Իրանը, Թուրքիան, Ղազախստանը: Իրողությունն այն է, սակայն, որ հենց Ռուսաստանն է եղել այդ գործընթացի առանցքային և անփոփոխ դերակատարը սկսած 1991-ի սեպտեմբերից, երբ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան այցելեց Ռուսաստանի ղեկավար Բորիս Ելցինը (նրա հետ էր նաև ԽՍՀՄ մեծությամբ երկրորդ պետության՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը):

1992-ին, երբ ձևավորվեց Մինսկի խումբը, Ռուսաստանը դարձավ նրա անդամ, սակայն, մյուս կողմից, շարունակեց իր առանձին միջնորդական առաքելությունը՝ հաճախ երկու ուղղություններով՝ արտգործնախարարության և պաշտպանության նախարարության: 1992-1994 թթ. մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Արևմուտքի հակասությունները միջնորդության առաջնորդության հարցում ակնհայտ էին: Նրանք հաճախ խափանում էին միմյանց միջնորդական ջանքերը: 1994-ի մայիսին Ռուսաստանը Բիշքեկում և Մոսկվայում կազմակերպած հանդիպումներով հակամարտության երեք կողմերին, ըստ էության, զինադադար պարտադրեց:

Բնական է, որ Ռուսաստանը ձգտում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խփել վերջին մեխը՝ առաջարկել կամ պարտադրել լուծում, մի լուծում, որը կլինի ռուսական, և որից հետո Մոսկվայի դիրքերը Կովկասի տարածաշրջանում առնվազն չեն թուլանա:

1994-1997 թթ. Ռուսաստանը առաջարկել է կարգավորման մի քանի սևագրեր, որոնցում հստակ են հետևյալ հիմնական կետերը՝ Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջաններ վերադարձվում են Ադրբեջանին, տարածաշրջան են մտնում ռուս խաղաղապահներ՝ ԱՊՀ մանդատով (ինչպես եղավ Աբխազիայում 1994-ին), իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի հստակեցվում:

Այնպես որ, «Կոմերսանտի» հրապարակումը բաց գաղտնիք է: Մանավանդ, որ  մինչ այդ էլ դիվանագիտական արտահոսքերը հաստատում էին, որ Ռուսաստանը կրկին ակտիվանում է, այս անգամ Բաքվին հրապուրելով մի քանի շրջանների վերադարձի խոստումով, որի գինը Ադրբեջանի մուտքն է ԵՏՄ:

Վերլուծություն

Հայաստանի պաշտոնյաները երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին բացատրում էին նաև անվտանգության մտահոգություններով, այն է՝ եթե Հայաստանը հրաժարվի անդամակցությունից, ապա Ռուսաստանը ճնշումներ կբանեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում՝ հօգուտ Ադրբեջանի: Դա, անշուշտ, տրամաբանական էր:

Այդ օրերին կար ոչ պակաս տրամաբանական ու հիմնավոր մեկ այլ տեսակետ, որ Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանը կփորձի ԵՏՄ բերել նաև Ադրբեջանին, և դրա համար Բաքվին կհրապուրի Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջանների վերադարձի խոստումով:

Ընդհանրապես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ամենից վտանգավորը Մոսկվա-Բաքու մերձեցումն է, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում:

Անսպասելի չէ, որ չլինելով ԵՏՄ անդամ՝ Ադրբեջանի դիրքերն ավելի ամուր են, քան Հայաստանինը: ԵՏՄ անդամ երկու առաջատար պետությունները՝ Ռուսաստանը՝ դեռևս ոչ հրապարակավ, իսկ Ղազախստանը՝ հրապարակավ, խոսում են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում արվելիք զիջումների մասին:

Այսօր Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների մեծ մասը: Մոսկվա-Բաքու մերձեցումին և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խոստումներին զուգահեռ Ռուսաստանը կարող է Հայաստանին համոզել, ապա ճնշել և ինչու ոչ՝ պարտադրել:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ողջ պատմության ընթացքում, որպես չորս (կարգավիճակ, տարածքներ, փախստականներ, անվտանգության երաշխիքներ) հիմնական կետերից մեկը միշտ էլ քննարկվել է տարածքների վերադարձի տարբերակը: Երևանն ու Ստեփանակերտը այդ զիջմանը պատրաստ են եղել գնալու կամ հրապարակավ հայտարարել են այդ մասին՝ պայմանով, որ նախ ամրագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այն է՝ նվազագույնը նրա վերադարձի անհնարինությունը Ադրբեջանի կազմ:

Եթե կարգավորման ռուսական ծրագիրը ենթադրում է տարածքների վերադարձ՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման, ապա դա կարելի է որակել ղարաբաղյան կարգավորման ռուսական վտանգ:

Հեռանկար

Երբ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ, ապա նորը կամ նորացվածը պետք է գրվի և առաջարկվի կողմերին: Երևանը նախորդ տարիներին պասիվ չպետք է լիներ և պետք է դիմեր դիվանագիտական քայլերի՝ ընդունելով հանդերձ, որ Ալիևը պատրաստ չէ բանակցությունների և կառուցողական երկխոսության:

Ադրբեջանն ամեն գնով փորձելու է թույլ չի տալ, որ նոր փաստաթղթում տեղ գտնի հանրաքվե, հանրագիր՝ պլեբիսցիտ, կամ կամարտահայտություն ձևակերպումը, այսինքն՝ կարգավիճակի խնդիրը: Բնականաբար, Երևանն այլևս չի կարող համակերպվել մի փաստաթղթի հետ՝ որպես բանակցային հիմք, որտեղ հստակ տեղ չգտնի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրման սկզբունքը: Մադրիդյան փաստաթուղթը կարմիր գիծն է, որից այն կողմ որևէ առաջարկ չի կարող ընդունելի լինել հայկական կողմերի համար՝ անգամ որպես բանակցային հիմք:

Եթե ռուսական նախաձեռնության մեջ տեղ չգտնի կարգավիճակի ամրագրման ձևակերպում, ապա դրան դեմ են լինելու ոչ միայն Երևանն ու Ստեփանակերտը, այլև Մինսկի խմբի պետություններից Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, անշուշտ, այլ մտահոգություններ և շահեր հաշվի առնելով: Արևմուտքի համար անընդունելի է լինելու կարգավորման այն առաջարկը, որը կբերի ռուսական ռազմական ներկայության ավելացման ու ամրապնդման ղարաբաղյան կարգավորման գոտում:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Արևմուտքը համաձայնության գա Ռուսաստանի հետ, ապա դա կնշանակի, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը դառնում է սակարկության առարկա Մոսկվայի և Արևմուտքի միջև: Դա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ամենաանցանկալի հեռանկարներից կարող է լինել:

Լուծումներ

Այսօր բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ, կամ կողմերը հղում են անում փաստաթղթի տարբեր տարբերակների (Մադրիդյան, Նորացված, Կազանի և այլն): Անկախ տրվող գնահատականներից՝ Մադրիդյան փաստաթուղթը պարունակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հստակ ձևակերպում, ինչի պատճառով հենց այդ առաջարկությունն անընդունելի է Բաքվի համար:

Երբ չկան բանակցություններ, միջազգային հանրության համար մոռացվում է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Անկախ բանակցությունների ընթացքից և ելքից՝ հայկական կողմը պետք է անի հնարավորը, որպեսզի կրկին քննարկման դրվի այն փաստաթուղթը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Բանակցային նոր կամ նորացված փաստաթղթում առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այն է՝ ինքնորոշման իրավունքի ամրագրման, անթույլատրելի է խոսել Ադրբեջանին անգամ մեկ գյուղ զիջելու մասին: Սա պետք է դառնա ոչ միայն բանակցություններում քննարկման նյութ, այլև այդ մասին Երևանն ու Ստեփանակերտը պետք է արտահայտվեն բարձրաձայն:

Ղարաբաղյան կարգավորման «ռուսական վտանգը»