Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:
Չնայած Սերբիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների ընդդիմությանը, Կոսովոյի անկախությունը արդեն ճանաչել է 69 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ ավելի քան երկու տասնյակ պետություններ:
Բնականաբար, դատարանի որոշումը կքաջալերի ինքնորոշման ձգտող միավորներին’ անկախ նրանից, թե մոլորակի որ ծայրում են գտնվում: Միացյալ Նահանգները, առանց որի աջակցության դժվար հնարավոր դառնար Կոսովոյի անջատումը Սերբիայից, ողջունելով Հաագայի դատարանի որոշումը’ միաժամանակ շտապել է հայտարարել, որ Կոսովոյի դեպքը առանձնահատուկ է և դատարանի որոշումը չի կարող տարածվել նմանատիպ այլ դեպքերի վրա։
Հայկական դիվանագիտությունը և հայ քաղաքական միտքը ընդհանրապես ոգևորված են Հաագայի դատարանի վճռից: Մինչդեռ դատարանի այդ վճիռը երկսայրի սուր է, որ կարող է աշխատել նաև հայկական կողմի դեմ: Անկասկած, երբ մոլորակի որևէ անկյունում նոր պետություն է ճանաչվում, դա անուղղակիորեն կարող է դրական ազդեցություն թողնել ընդհանուր միջազգային կարծիքի վրա: Սա տեսականորեն միայն: Սակայն սպասել, որ առաջիկայում միջազգային հանրությունը կճանաչի ԼՂ անկախությունը, անիմաստ է: Եթե միջազգային հանրությունը ԼՂ-ն ճանաչելու պատրաստ լիներ, ապա դա կաներ անցնող 20 տարիներին: ԼՂ-ի անկախության հռչակումից անցել է գրեթե 20 տարի և այս ընթացքում ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են բազմաթիվ երկրներ, մինչդեռ ԼՂ ճանաչումը դեռ մոտ չի թվում:
Հայկական կողմը չպետք է պատրանքներ ունենա առ այն, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը կամ այդ հարցով դիմի միջազգային դատարան, ապա կունենա հայանպաստ որոշում: Հակառակը, այսօր այն պահն է, երբ անթույլատրելի է և’ ճանաչումը, և’ միջազգային դատարան դիմելը: Երկու դեպքում էլ Հայաստանը կհայտնվի ծանր վիճակում: Հարմար պահին, անշուշտ, Հայաստանը կարող է ճանաչել ԼՂ անկախությունը: Օրինակ, եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, ապա Հայաստանը կարող է անմիջապես ճանաչել ԼՂ-ն և նրա հետ կնքել անվտանգության և պաշտպանության պայմանագիր: Այսինքն, ճանաչումը միշտ պետք է լինի հայկական դիվանագիտական զինանոցում, բայց դա պիտի լինի վերջին քայլը: Հայաստանն այսօր ունի ՞ միջազգային այնպիսի հեղինակություն և կշիռ, որ իրեն թույլ տա նման շռայլություն: Այսօր, երբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային հանրությունը ԼՂ ճանաչումը կորակի անօրինական: Ադրբեջանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կընդունի Հայաստանի քայլը դատապարտող բանաձև: Եվ այդ դեպքում, երբ Ադրբեջանը դիմի Հաագայի դատարան, ապա վերջինս հենվելով հենց անկախությունը դատապարտող ԱԽ որոշման վրա, ԼՂ ճանաչումը կորակի միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:
Հայաստանում և ԼՂ-ում երբեմն կարծիքներ են հնչում, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի իրավական ճանապարհով և հայկական դիվանագիտությունը պետք է ավելի շատ կարևորի հարցի իրավական կողմը, քանի որ մեր դիրքերն ամուր են ու անխոցելի: Կարծիքներ են հնչում նաև, թե կարելի է դիմել նաև միջազգային դատարան, ընդ որում ոչ միայն ԼՂ-ի, այլ Հայոց ցեղասպանության հարցով: Սրանք շատ վտանգավոր միտումներ են, քանի որ դատարանները, հատկապես միջազգային, կայացնում են ոչ միայն և ոչ այնքան իրավական, որքան քաղաքական որոշումներ: Անգամ զուտ իրավական որոշումները ունենում են խորը քաղաքական ենթատեքստ: Այո’, հայկական կողմի իրավական թղթածրարը անթերի է, բայց երկակի ստանդարտների այս աշխարհում ո՞վ է ուշադրություն դարձնում իրավունքին: Միջազգային իրավունքը աշխարհի հզորների ձեռքին գործիք է’ արդարացնելու քաղաքական այն որոշումները, որոնք տվյալ պահին տեղավորվում են նրանց քաղաքական օրակարգում:
Դրա լավագույն ապացույցը հենց Կոսովոն է: Հայկական դիվանագիտության համար Կոսովոն պետք է լինի ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր:
Հայկական դիվանագիտությունը պետք է խուսափի նաև ղարաբաղյան կարգավորման հարցով միջանկյալ փաստաթղթերի ստորագրումից: Եթե մի օր Ադրբեջանը ԼՂ հարցով դիմի միջազգային դատարան, ապա հենց միջանկյալ փաստաթղթերում տեղ գտած որոշ կետեր ընտրողաբար հիմք ընդունելով, դատարանը կարող է կայացնել մի որոշում, որով կհաստատվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ ինքնորոշումը կտեղավորի այդ ամբողջականության շրջանակներում: